Փաշինյանը երկիրը կառավարում է ոչ թե օրենքներով, այլ իր հասկացողությամբ և ընկալումներով․ Հայկ Նահապետյան
2020 թվականի Տավուշի հուլիսյան հայտնի դեպքերի ժամանակ, երբ երկու մարտական հենակետ հետ բերվեց, Փաշինյանը, որն առայսօր ինքնահաստատման լուրջ խնդիր ունի, տասնյակներով շքանշաններ ու մեդալներ էր բաժանում։ Նա նաև մի ինքնախոստովանություն արեց, որն իր ճակատին խարան է մնացել։ Նա ասաց, որ մենք նախկիններից ժառանգել ենք տարածաշրջանի ուժեղ բանակներից մեկը։ Հուլիսի դեպքերից հետո նա այլ կերպ չէր էլ կարող խոսել, հո չէ՞ր ասի, թե իրենք մեկ-մեկուկես տարում նման բանակ կառուցեցին։ Միգուցե ինքն ուզում էր պատերազմում հաղթել, բայց ցանկանալը մի բան է, կարողանալը՝ այլ, առավել ևս՝ նա ամեն ինչ արել էր պարտությունը մոտեցնելու համար։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
«2018 թ․-ին Փաշինյանի իշխանության բերվելուց հետո տեսանելի էր, որ բանակը տարվում էր պարտության։ Դա արվում էր սխալ որոշումներով, կադրային քաղաքականությամբ, ոչ ճիշտ սպառազինության գնմամբ, փորձառու հրամանատարներին պաշտոններից ազատելով, մոտիվացիան փոխելով։ Առաջին պատերազմում մենք Ադրբեջանին հաղթեցինք երկու կարևոր գործոնի առավելություն ունենալով։
Առաջինը մոտիվացիան էր, այսինքն՝ թե հոգեբանորեն որքանո՞վ ես պատրաստ զոհվելու կռվի մեջ, երկրորդը՝ պրոֆեսիոնալ մարտի կառավարումը զինվորականների կողմից։ Այդ առավելությունները մենք ունեինք։ Եվ երբ սրանք սկսեցին բարձրաձայնել, թե մեր տղաները զոհվել են հանուն ոչնչի, դա թիկունքից հարված էր։ Դու գնում ես հայրենիքդ պաշտպանելու, բայց զոհվելը դառնում է հանուն ոչնչի, այսինքն՝ պետք չէ գնալ ու զոհվել»,- ասաց հասարակական գործիչը:
«Փաշինյանը կարծում էր, թե կարող է և հաղթել, միգուցե այդպիսի ներքին ընկալում ուներ, բայց այն քայլերը, որոնք գործեց պատերազմի ժամանակ, լրիվ հակառակ տրամաբանության մեջ էին։ Եթե անգամ իր անմեղության կանխավարկածի համաձայն՝ ընդունենք, թե նա ուզում էր, որ Հայաստանը հաղթի, փաստն այն է, որ պարտվելուց հետո նա ամբողջովին իրեն, իր կառավարությանն ու կուսակցության ղեկավար կազմին փորձեց Արցախից որքան հնարավոր է՝ հեռու դնել։ Ասում է, թե իբր կենտրոնացած է միայն ՀՀ-ի ապագայի վրա, բայց կենտրոնանալը կառավարման հետ բացարձակապես կապ չունի։
Կառավարումը գիտությունների գիտությունն է, երկրի թիվ մեկ դեմքը կառավարիչ է, և այն օղակը, որն իրականացնում է այդ գործառույթը, կոչվում է կառավարություն։ Ի՞նչ կապ ունի նրա կենտրոնանալը կառավարելու հետ։ Նրա կուսակից թմրամոլ ընկերներն էլ, որոնք այդ մոլությունից հետ չեն կանգնել, կարող են ժամերով մի կետի վրա կենտրոնանալ, հետո՞ ինչ»,- նշեց ռազմական գործիչը:
Նահապետյանի կարծիքով՝ Փաշինյանը երկիրը չի կառավարում, նրան ընդամենը տրված է իշխանություն, և նա ցանկացած քայլ կարող է անել, օրենք խախտել, բայց որևէ պատասխանատվության չենթարկվել. «Ցանկացած երկրում, եթե ոտնահարվում են Սահմանադրությունը, օրենքները, այդ երկրի քաղաքացիների իրավունքները, արձագանքում են մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տարբեր միջազգային կառույցներ, նաև այն պետությունները, որոնք կարծես թե երաշխավորում են, որ մարդու իրավունքների հարցերում գոնե նվազագույն միջազգային խաղի կանոնները պաշտպանվեն և չոտնահարվեն։
Խախտումների դեպքում այդ երկրները, միջազգային կառույցները, ՄԱԿ-ը, ԵՄ-ն և Եվրոպայի խորհուրդը կոշտ կեցվածք են դրսևորում այդ երկրի հանդեպ։ Այդ երկրներն ու միջազգային կառույցները Փաշինյանին ուղղակիորեն ասել են՝ դու կարող ես անել ամեն ինչ։ Եվ բնականաբար՝ նրա համար օրենք գոյություն չունի, նա անում է այն, ինչը խելքը կտրում է, ինչ ցանկանում է, նաև՝ ինչն իրեն հուշում են»:
«Փաշինյանը կառավարում է ոչ թե օրենքով, այլ իր հասկացողությամբ, իր և շրջապատի ընկալումներով։ Դրա լավագույն ցուցիչն այն է, որ կարևորագույն պաշտոններ զբաղեցնող անձինք անում են քայլեր, իրականացնում են գործառույթներ, որոնք բնավ չեն տեղավորվում նրանց լիազորությունների շրջանակում։ Օրինակ, օրենսդիր մարմնի ղեկավարը կարծիք է հայտնում Ադրբեջանի հետ բանակցությունների և կնքվելիք փաստաթղթի վերաբերյալ, այն դեպքում, երբ դա բացառապես գործադրի գործառույթն է»,- ամփոփեց Հայկ Նահապետյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։