Երբ հայտնվում ես այն վիճակում, որում հայտնվեցինք Արցախում, հասկանում ես՝ կյանքից բացի, մնացած ամեն ինչ թիթիզություն է
Մարիամ Սարգսյանը և Տաթևիկ Խաչատրյանն արցախցի լրագրողներ են, նրանք հազարավոր արցախահայերի նման սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի իրականացրած ցեղասպան քաղաքականության վտանգի տակ բռնի տեղահանվեցին Արցախից։ Հայաստան գալուց որոշ ժամանակ անց սկսեցին վարել «ՓՈԴՔԱԹ» հաղորդումը, որը միայն Արցախի բարբառով է։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Տաթևիկը և Մարիամը պատմեցին ոչ միայն նոր հաղորդաշարի, այլև Արցախում բլոկադայի, դրան հաջորդած պատերազմի և բռնի տեղահանվելու մասին։
Նրանց խոսքով՝ «ՓՈԴՔԱԹԻ» առաջին 10 եթերում կխոսեն արցախցի լրագրողների հետ՝ Արցախի բարբառով։ Նպատակ ունեն նաև պահպանելու Արցախի բարբառը, թեպետ նրանց կարծիքով՝ այդ հարուստ բարբառը միայն հաղորդման միջոցով հնարավոր չէ պահպանել, հատկապես, երբ խոսում են ու միշտ չէ, որ դիմացինը արցախյան բարբառը հասկանում է։ Իսկ հետագա հաղորդումների ընթացքում մտադիր են հրավիրել նաև ՀՀ տարբեր բարբառներին տիրապետող անձանց, որ նրանք էլ խոսեն իրենց բարբառով: Մեր զրուցակիցների բնորոշմամբ, հաղորդման ընթացքում ներկայացվող պատմությունները նաև փաստերի հավաքագրում է։
«Սովորաբար մենք՝ լրագրողներս, պատմություն հավաքագրողներ ենք և հաճախ մենք չենք պատմում մեր պատմությունները կամ հազվադեպ ենք պատմում։ Մեր առաջին հյուրերը լինելու են լրագրողներ, որոնք աշխատել են տեսախցիկից այն կողմ և չեն պատմել իրենց պատմությունները։ Լրագրողներն իրենք են պատմելու իրենց ապրումների մասին, մենք սիրում ենք լսել մարդկային պատմություններ, բայց կադրից դուրս մնացած մարդիկ միշտ կադրից դուրս են մնում։ Մեր հաղորդումներում լրագրողներն իրենք պատմելու են, թե ինչպես են դուրս եկել Արցախից, ինչպես են այստեղ շարունակում իրենց մասնագիտական ու առօրյա կյանքը։
Ամեն ինչ կորցնելուց հետո բարբառն այն միակ ոչ նյութական ժառանգությունն է, որը մենք ունենք, որը մեզ կապում է։ Պարտավոր ենք այն պահել»,- ասաց Մարիամ Սարգսյանը։
Հաղորդման միջոցով հանրությանը լսելի են դարձնում նաև Արցախում տեղի ունեցած իրենց անձնական պատմությունները։
«Այդ ամենի միջով մենք անցել ենք, գիտենք, երբ ստուդիայում պատմում եմ պատմությունները, ուզում եմ հայաստանյան իմ ընկերներն իմանան, թե ինչ է եղել, բլոկադայից սկսած ակտիվ եմ եղել, անդադար հարցը բարձրացրել եմ։ Հիմա աբսուրդ հարցեր եմ լսում, ու հասկանում եմ՝ շատ բաներից նրանք տեղյակ չեն, ուզում եմ նրանք իմանան, թե ինչի միջով ենք անցել։ Երբ հանդիպում են մի քիչ դառնացած մարդկանց, մի քիչ ըմբռնումով մոտենան, որովհետև միշտ չէ, որ դժոխքից հետո մարդիկ կարողանում են վերականգնվել, երբեմն չարանում են՝ դա կյանքի մի ձև է։ Այդ չարությանը պետք է բարությամբ պատասխանել, որպեսզի մարդիկ զգան հոգատարություն, զգան, որ իրենք իրենց տանն են, հարազատների մոտ են»,- ասաց Տաթևիկ Խաչատրյանը։
Արցախում տեղի ունեցած բլոկադան, հետո 24–ժամյա ռազմական գործողությունները, մարդկային կորուստները չեն չարացրել Տաթևիկին, ասում է՝ միակ չարությունը եղել է այն դաժանության հանդեպ, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ից սկսած։
«Զգացի, որ խոսքն այլևս արժեք չունի, ուժը գերակայում է աշխարհում։ Հավերժական պարտությունը, որ այդ ժամանակ եկավ ինձ մոտ, կարծում եմ՝ երբեք չեմ հաղթահարի, հիմա իմ ուժը իմ խոսքն է՝ որպես լրագրող, բայց այդքան վստահ չեմ իմ խոսքի վրա, ինչպես նախկինում։ Իսկապես շատ կուզեի, որ լիներ այն աշխարհը, որը ես էի պատկերացնում՝ քաղաքակիրթ, օրենքների գերակայությամբ և այլն, բայց ցավոք, տեսնում ենք, որ աշխարհակարգեր են փլվում։ Խոսքը միայն պատերազմների թատերաբեմում հայտնված երկրների մասին չէ, այլ առհասարակ այս մոլորակի հետ կատարվածի մասին է»,- ասաց Տ. Խաչատրյանը։
Մարիամն էլ պատմեց, որ բլոկադայի ու դրան նախորդած օրերին որոշ չափով չարացել էր, քանի որ ամբողջ աշխարհը տեսնում էր, թե արցախահայությունն ինչերի միջով է անցնում, բայց զրո արձագանք։ Սակայն սեպտեմբերի 19-ից սկսած մտածել է ոչ թե չարության մասին, այլ, որ հարազատները ողջ մնան։
Տաթևիկի փոխանցմամբ՝ որևէ մեկն այսօր չի կարող ասել, թե ինչ կլիներ, եթե Արցախից դուրս չգային։
«Երբ հայտնվում ես այն վիճակում, որում մենք հայտնվեցինք Արցախում՝ հասկանում ես, որ կյանքից բացի, մնացած ամեն ինչ թիթիզություն է»,- նշեց Տաթևիկ Խաչատրյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում