
«Տարան բաժին, ասացին՝ վերխդ հանիր, հես ա քեզ «մշակում» ենք. Չեն կարողանում գողին բռնել, ինձ են տանում հավայի տեղը ծեծում, ստիպում խոստովանել, որ ես եմ գողություն կատարել». Տիգրան Ուլուբաբյան

Երեկ հայտնի դարձավ, որ Վանաձորում անհիմն, չապացուցված գողության մեղադրանքով ոստիկանության բաժնում ծեծի են ենթարկել պատերազմների մասնակից Տիգրան Ուլուբաբյանին, ոտքով հարվածներ են հասցրել գլխին ու, իմանալով, որ զոհվածի ընտանիքից է՝ հայհոյել են զոհված հարազատներին։
Այսօր 168.am–ին Տիգան Ուլուբաբյանը մանրամասներ պատմեց տեղի ունեցած միջադեպի մասին։
Տիգրանի խոսքով՝ ոստիկաններն առանց որևէ ծանուցագրի մոտեցել են իրեն, թե՝ 2 րոպեով խոսելու բան կա, որից հետո նրան անմիջապես տեղափոխել են ոստիկանական բաժանմունք։
«Տարան բաժին, ասացին՝ վերխդ հանիր, հես ա քեզ «մշակում» ենք։ Ծեծել ու հայհոյել են ինձ։
Ասացին՝ գողություն է եղել ու այդ գողությունը դու ես կազմակերպել, թե «նավոդկեն» դու ես տվել։ Նայում եմ իրենց դեմքին, հարց եմ տալիս, ասում եմ՝ ես «նավոդկա» տվո՞ղ եմ, կարո՞ղ եք ապացուցել։
Հետո ինձ բան չասացին, դե ինչ ասեն՝ ապացույց չունեն, տեսախցիկներով երևում է, թե ինչպես է գողը մուտքով մտնում, հետո դուրս գալիս ու հանկարծ քաղաքից «ռեսկի» անհետանում։
Չեն կարողանում գողին բռնել, ինձ են տանում հավայի տեղը ծեծում, ստիպում էին խոստովանել, որ ես եմ գողություն կատարել։ Բա սա բեսպրեդելություն չէ՞, հիմա Հայաստանի ոստիկանությունը ժողովրդի անվտանգությո՞ւնն է ապահովում, թե՞ բռնում-տանում՝ ծեծում ու ջարդում է։
Ասում են՝ խոստովանի, ի՞նչը խոստովանեմ, ի՞նչ եմ արել, որ խոստովանեմ»,- նշեց Տիգրան Ուլուբաբյանը։
Նրա խոսքով՝ ոստիկանական բաժանմունքում ասել է, որ ինքը չի կարող գողություն կատարել, ինքը գող չէ, կռված մարդու եղբայրը, որդին չի՛ կարող գող լինել։ Սակայն բաժնի պետը սկսել է հայհոյել՝ ասելով, թե կռվածներին հարգում է, կռված լինելն ու կռվածի որդի ու եղբայր լինելը «մեջ չբերի»։
«Բաժնի պետն ասում է՝ խոստովանիր, որ դու ես կատարել, այստեղից դուրս կգաս, այնպես կանեմ, որ ոչ մի բանի հետ կապ չես ունենա։ Ասացի՝ խոստովանելու բան չունեմ։ Ուզում էին գործը գլխիս կապեին, որովհետև գողերին չէին կարողանում գտնել։
Ես մինչև վերջ գնալու եմ, որ սրանք իրենք պատիժը ստանան։ Նույնիսկ, եթե մարդ են սպանում, ոստիկանությունում այդպես չեն վարվում հետը, բայց ես ո՛չ մարդ եմ սպանել, ո՛չ էլ այլ հանցանք եմ արել։ 1 տարի է՝ Վանաձորում եմ ապրում, ոչ մեկի հետ խնդիր չեմ ունեցել, ժողովուրդը շատ թե քիչ ինձ ճանաչում է, իմ կյանքով ապրում եմ, անշնորհք բան չեմ արել»,- հավելեց Տիգրան Ուլուբաբյանը։
Տիգրանն Արցախի Հանրապետությունից է, Արցախը հանձնելուց հետո Մարտունիում են մնացել Տիգրանի եղբոր, հոր և մոր գերեզմանները։ Տիգրանն Արցախից բռնի տեղահանվել է 2023 թվականի սեպտեմբերի 28-ին, իր հետ վերցնելով միայն իրենց շանը։ Այսօր Վանաձորում վարձով է բնակվում, տանը պահում է Արցախից բերած շանը։
«Բաժնի պետն իրեն այնպես էր պահում, կարծես երկրի տերն ու տիրականն էր, այդքանից հետո մի ներողություն չխնդրեց։
Ես Հայաստան գալուց չեմ մտածել, որ պաշտոնատար անձինք այդպես կվարվեն։ Հայաստանից իմ կողքին կանգել ու Արցախի համար կռվել են, ես նման բան չէի սպասում։ Ես այսքան ժամանակ խնդիր չեմ ունեցել, կոնկրետ այս վարչությունում են իմ նկատմամբ այսպես վարվել։
Ինքս Արցախում Պաշտպանության բանակում էի աշխատում, պայմանագրային էի։ Հիմա այստեղ ասում են՝ անձնագիրդ փոխիր, որ կարողանաս ծառայես, փոխում եմ՝ ի՞նչ անեմ, անձնագրիս վրա գրված է՝ ՀՀ քաղաքացիություն, չե՛մ փոխելու անձնագիրս»,- ընդգծեց Տիգրան Ուլուբաբյանը։