«Օրերս այդ ոստիկաններին փողոցում տեսել եմ, նայեցին ու ծիծաղելով անցան, իբր թե այդպես էլ պետք է լինի, էլի». Տիգրան Ուլուբաբյան

Արցախից բռնի տեղահանված Տիգրան Ուլուբաբյանին Վանաձորի ոստիկանությունում խոշտանգելու դեպքով դեռևս մեղադրյալ չկա։

Տիգրան Ուլուբաբյանի խոսքով՝ 10 օր է՝ իրեն խոշտանգող ոստիկաններից դեռ ոչ բոլորին են  տարել Քննչական։

«Երեկ քննիչին ասում եմ՝ բա լավ, ե՞րբ է այդ առերեսումը լինելու, հարցս մնաց անպատասխան։ Եթե չհավատանք օրենքին, չգիտեմ էլ՝ ինչ կարող ենք անել, այդքան էլ պայքարեցինք։

Ինքս չէի հավատում, որ միջադեպից հետո այսպես կլինի, ու այդ ոստիկանները կշարունակեն աշխատել, բայց ինչպես տեսնում ենք՝ այդպես է։ Փաստաբանի հետ սպասում ենք, եթե այս 2 օրն էլ որևէ տեղաշարժ չեղավ, պիտի պահանջենք, որ այդ ոստիկաններին բերեն առերեսման»,- 168.am հետ զրույցում ասաց Տիգրան Ուլուբաբյանը։

Կարդացեք նաև

Մեր զրուցակիցն ասաց, որ իրեն խոշտանգող ոստիկանները շարունակում են աշխատել։

«Օրերս այդ ոստիկաններին փողոցում տեսել եմ, նայեցին ու ծիծաղելով անցան։ Նայեցին, իբր թե այդպես էլ պետք է լինի, էլի։ Ախր իրենք իրավունք չունեն աշխատելու, իրենք օրենքը պիտի պաշտպանեն, ոչ թե խախտեն, այդպես իրենք ինչպե՞ս կարող են այդ համակարգում աշխատել»,- շեշտեց Տիգրան Ուլուբաբյանը։

Հիշեցնենք, որ մարտի 16-ին Վանաձորի ոստիկանության բաժանմունքում խոշտանգման էին ենթարկել Արցախից բռնի տեղահանված, արցախյան պատերազմի մասնակից Տիգրան Ուլուբաբյանին։

Վանաձորում Տիգրան Ուլուբաբյանի ազգականի տնից տեղի ունեցած գողությունից հետո, ոստիկանները նրան տարել են բաժանմունք, ծեծի միջոցով ստիպել, որպեսզի խոստովանի չկատարած հանցանքը։ Դրանից հետո Տիգրան Ուլուբաբյանը, իր փաստաբանի և բազմաթիվ քաղաքացիների հետ, բողոքի ակցիա իրականացրեցին Քննչական կոմիտեի մոտ՝ պահանջելով արդար լուծում, սակայն դրանից հետո գործը տեղից չի շարժվում։

Տեսանյութեր

Լրահոս