Ո՞վ է որոշել 1975թ.՝ ԱՄԵՆԱ-ՈՉ-ՁԵՌՆՏՈՒ քարտեզը. սահմանազատման միանձնյա որոշումներ կայացվում են կա՛մ միապետական, կա՛մ բռնապետական երկրներում. Շահեն Շահինյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քարտեզագիր, տեխնիկական գիտությունների թեկնածու, «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական բաժնի նախկին պետ, «Էլմա» էլեկտրոնային քարտեզի հեղինակ Շահեն Շահինյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Այս պրոցեսում առաջինը պետք է լիներ սահմանագծման և սահմանազատման սկզբունքների ճշգրտումը։ Մենք մինչ օրս ոչ միայն չունենք այդ սկզբունքների գրավոր ֆիքսում, այլև չունենք Ադրբեջանի կողմից հայտարարություն, որ ինքը ԽՍՀՄ որևէ վարչատարածքային քարտեզով է պատրաստվում իրականացնել սահմանագծման և սահմանազատման պրոցեսը։
- Այն, որ տրանսպորտային ուղիների վերահսկողությունը դրվում է 3-րդ պետության վրա, լինի դա ռուսական ФСБ, թե՞ մեկ այլ պետություն, վտանգ կա, որ այդ տարածքներում ՀՀ մարմինների ու քաղաքացիների գործողությունները կարող են սահմանափակվել։ Ըստ էության այդ կերպ մեր պետությունից մաս է առանձնացվում, ինչն արգելված է ՀՀ Սահմանադրությամբ։ Բացի դրանից, դա որոշակի վտանգ է պարունակում մեր ազգային անվտանգության համար:
- Ինչպես դիվանագետներն են ասում, սատանան թաքնված է մանրուքների մեջ։ Եթե Փաշինյանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» կոչվածով 8 անցակետերն էլ բացվում են, հասանելի են դառնում Թուրքիայի ու Ադրբեջանի համար, բայց գործում են բացառապես միջազգային իրավունքի և ՀՀ իրավական դաշտում, մենք նվազ վտանգների հետ գործ ունենք, բայց եթե դրանք վերահսկեն այլ պետության ներկայացուցիչներ, ստացվում է՝ դու հանձնում ես քո սուվերենության մի մասը։
- Բացի Ադրբեջանից ու Թուրքիայից, չկա որևէ պետություն, որն ասի՝ այդ կոմունիկացիաները պետք է գտնվեն ՀՀ իրավական դաշտից դուրս։ Անգամ Ռուսաստանն է դա ասել: Միայն Թուրքիան ու Ադրբեջանն են պահանջում միջանցք, բայց ոչ թե միջանցք այն տրամաբանությամբ, ինչ Չինաստանի կողմից բացված Նոր Մետաքսի ճանապարհը, այլ միջանցք են ուզում Լաչինի միջանցքի սկզբունքով, ինչը մեզ համար անընդունելի է։
- Հայաստանում այս պահին կայացվում են սահմանազատման միանձնյա որոշումներ: Սահմանազատման միանձնյա որոշումներ կայացվում են կա՛մ միապետական, կա՛մ բռնապետական երկրներում։ Ես գիտեմ եվրոպական երկրներ, որոնցում սահմանների փոփոխության հարցի դեպքում կամ եղել է հանրաքվե, կամ լայն հանրային ներգրավմամբ քննարկում: Մեր դեպքում Սահմանադրությունը հստակ ֆիքսում է, որ սահմանների փոփոխություն չի կարող տեղի ունենալ մեկ անձի կամ անգամ մեկ պետական մարմնի որոշումով։ Դա պետք է տեղի ունենա հանրաքվեով:
- Ադրբեջանը նպատակաուղղված չի նշում քարտեզի ոչ մի հստակ տարեթիվ, ոչ մի հստակ փաստաթուղթ, ըստ որի՝ պետք է իրականացվի սահմանագծումը։ Եվ ըստ այդմ էլ մեզ համար պարզ չի դառնում՝ եթե Հայաստանը գնա տվյալ ճանապարհով, ի՞նչ ենք ստանալու, և ի՞նչ ենք կորցնելու: Ուժի սպառնալիքի ու ճնշման ներքո սահմանազատման գնալը սխալ է և անթույլատրելի։ Բայց սահմանազատումը մեզ թույլ կտա ունենալ սահմանների փոխճանաչում: Եթե անգամ Ադրբեջանն ու Թուրքիան փաստաթղթի վրա ճանաչեն ՀՀ 29760 քկմ-ն, դա երաշխիք չէ, որ հետո չեն ներխուժելու ու նոր տարածքներ նվաճեն։ Շատ կարևոր հանգամանք է, որ հիմա Ադրբեջանի կողմից 2021-2022թթ. նվաճված մինչև 300 քկմ տարածքներն այդ պետությունը փորձում է ներկայացնել՝ որպես վիճելի տարածքներ։ Այսինքն՝ նրանց համար ոչ միայն անկլավների հարցը քննարկման ենթակա չէ, որովհետև համարում են, որ իրենցն է, ու պետք է այն ստանան, այլև փորձում են Հայաստանից պոկել այն տարածքները, որոնք իրենք այս պահին վերահսկում են: Կարող է Ադրբեջանի զորքը ֆիզիկապես չգտնվել մեր տարածքում, սակայն կարող է զբաղեցնել այնպիսի բարձունքներ, որոնք պետք է վերահսկեն ՀՀ տարածքի մի քանի տասնյակ կմ խորություն: Դրա վառ օրինակը Մեծ Իշխանասարի գագաթն է, որը մեզ համար ունի ռազմավարական, անվտանգային նշանակություն:
- 1975թ․ քարտեզի վերաբերյալ ՀՀ կառավարություն մի քանի հարցում եմ ներկայացրել, պատասխան չեմ ստացել։ Մենք ներկայացրել ենք բազմաթիվ վերլուծություններ, որ 1975թ. քարտեզը մեզ համար ԽՍՀՄ վարչատարածքային քարտեզների մեջ Հայաստանի համար ԱՄԵՆԱ-ՈՉ-ՁԵՌՆՏՈՒ տարբերակն է։
- 1928թ․ քարտեզում հստակ ֆիքսված է, որ ՀԽՍՀ տարածքը մոտ 31 000 քկմ է։ Ինչպե՞ս է ստացվում, որ հետո 1975թ․ քարտեզում թիվը փոխվում է՝ ի վնաս մեզ ու դառնում 29 700-ին մոտ։ 1926թ.-ի քարտեզում Հայաստանի տարածքը կազմում է մոտ 30 000 քկմ: 1928թ․ քարտեզում Արծվաշենն ու Տիգրանաշենը անկլավներ չեն եղել, չեն եղել նաև Բարխուդարլուն ու Սոֆուլուն։ 1975թ. քարտեզով Սյունիքի սահմանը անտանելի կտրտված է: Այս փաստը պետք է դառնա միջպետական հանձնաժողովի քննարկման առարկա, որ տեսնենք՝ ինչու են այս փոփոխությունները տեղի ունեցել, ովքե՞ր են ստորագրել Հայաստանի տարածքների հանձնումը խորհրդային տարիներին:
- Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ երեկ արած հայտարարությունից ակնհայտ է դառնում, որ հանձնաժողովի աշխատանքներում քարտեզագիրներ ներգրավված չեն։ Երբ նշվում է, որ քարտեզագրական շարքը բաղկացած է 22 ֆրագմենտներից, որպես քարտեզագրող՝ ես ասում եմ՝ խոսքը գնում է 1/100 000 մասշտաբի մասին: 1/100 000-ի մասշտաբի քարտեզները պիտանի չեն սահմանազատման համար, այնտեղ շատ բարձունքներ, տոպոգրաֆիական օբյեկտներ կարող են չերևալ, որոնք շատ կարևոր ռազմական ու տնտեսական նշանակություն կարող են ունենալ: Ինչքան քարտեզի մասշտաբը խոշորանում է, այնքան նրա վրա առկա պատկերներն ավելի մանրամասն են դառնում: Սահմանազատման համար պետք է կիրառվեն 1/50 000-ի, կամ ավելի լավ է՝ 1/25 000-ի մասշտաբները։
- Եթե մենք 1926թ․ քարտեզի վրա ունենք պետական հաստատում, իսկ հաստատում չունենք 1975թ․ քարտեզի վրա, ինչո՞ւ ենք այդ քարտեզով գնում սահմանազտման ու սահմանագծման։ Այդ հարցին պետք են պատասխանեն սահմանազատման գնացող մարդն ու սահմանազատման հանձնաժողովի անդամները։ Ես պնդում եմ, որ 1926թ․ քարտեզն է պիտանի սահմանազատման ու սահմանագծման համար։
- Մենք ԽՍՀՄ կազմ մուտք ենք գործել 31 000 քկմ տարածքով, ու դա ճանաչված է եղել՝ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ՝ եվրոպական երկրների կողմից։ Մենք ԽՍՀՄ կազմ մուտք գործելուց հետո ենք կորցրել տարածքներ։ Թե ինչպես ենք կորցրել, դա պետք է դառնա քննության առարկա:
- Բոլոր հրատարակությունների քարտեզները պահվում են Ռուսաստանի գլխավոր շտաբում, ու Ռուսաստանը չէր կարող չիմանալ՝ որտեղով է անցնում ՀՀ վարչատարածքային սահմանը։ Ու երբ 2021թ․ մայիսի ներխուժումների ժամանակ ՀԱՊԿ-ը հայտարարեց, որ դա սահմանային միջադեպ է, ու սահմանները հստակ չեն, դա լեզու դրեց Ադրբեջանի բերանը ու վստահություն տվեց Ջերմուկի ներխուժման համար։
- Ուժի սպառնալիքի տակ չի կարելի գնալ սահմանազատման ու սահմանագծման։ Բայց դրա պահանջը դրված է, ու այն շտապեցնում են արևմտյան երկրների կողմից։ Չպետք է մոռանալ պատմությունը. Որքան մենք հետքայլ ենք արել, թշնամու կողմից երկու քայլ առաջ ենք ստացել:
- Ալիևի պահանջած 8 գյուղերից 4-ը գտնվում էին, այսպես կոչված, անկլավներում, մյուս 4-ը՝ Տավուշի մարզի սահմանամերձ հատվածում բնակատեղիներ էին։ Դրանցից 3-ը հայտնվել էին նեյտրալ գոտում։ Եվ եթե Ադրբեջանը խոսում է դրանց վերադարձի մասին, ուրեմն Ադրբեջանն էլ մեզ պետք է վերադարձնի բավականին բնակավայրեր, որոնք գտնվում են հենց Տավուշի մարզում և ունեն ստրատեգիական նշանակություն, պետք է լուծվի նաև Բերքաբերի ջրամբարի հարցը, ինչպես նաև մեր բավականին քանակությամբ վարելահողերի, հողամասերի հարցը, որոնք հիմա վերահսկում է Ադրբեջանը:
- Ադրբեջանը հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի դեմ։ Պատերազմը միայն կրակելով չի լինում։
- Եթե Ադրբեջանն ուզում է փախստականների վերադարձի թեզն առաջ տանել, ուրեմն հայերն էլ պետք է վերադառնան Բաքվի մի քանի թաղամասեր, Սումգայիթի մեծ մասը։ Եթե Հայաստանից տեղահանվել է 120 000 ադրբեջանցի, ապա Ադրբեջանից՝ Բաքվից և Սումգայիթից տեղահանվել է 500 000-ից ավելի հայ։ Եթե ավելի հետ գնանք՝ 1920-21թթ., Բաքուն, Շուշին հայաբնակ էին: Սա դիվանագիտական հարց է, և մեր դիվանագետները պետք է ջանքեր թափեն՝ թույլ չտալու համար արևմտյան երկրներում կեղծիքի տարածումը:
- Եթե դու պետության ղեկավար ես, ու քո առջև դրված է 2 հանրագիտարան, որոնցից մեկով Հայաստանի տարածքը 30.000 է, իսկ մյուսով՝ 29.700, ո՞րը կընտրես… Բնականաբար, 30.000-ը… Բա ինչո՞ւ Փաշինյանն ընտրեց 29.800-ով հանրագիտարանը։
- Երբ մարդը Երևանում, մարզում իր հողամասի սահմանը չափում է, երբ հարևանը 10 սմ զավթում է անում, մտնում է դատարան, կռիվ է անում, պահանջում է հետ տալ այդ 10 սմ-ն: Ադրբեջանը մեզնից վերցրեց մոտ 13.000 քկմ տարածք, համակերպվեցինք, հիմա պահանջում է 40.000 քկմ, սահմաններից զավթում է մի քանի հարյուր քկմ, էլի ասում ենք՝ դե լավ։ Ինչքա՞ն պետք է մարդու ուղեղը հասուն չլինի, որ չհասկանաս, որ Ադրբեջանի նպատակը ոչ թե մի քանի քկմ տարածքն է, այլ հայ էթնոսի վերացումն է, մեր տեսակի վերացումը։ Ադրբեջանը կարմիր գծեր ցույց չի տալիս։ Մենք ցույց ենք տվել ու էդ կարմիր գծերից հետ ենք գնացել:
- Չկա անկլավների իրավական հիմք, չկա փաստաթուղթ, որի տակ ստորագրած կլինի Հայաստանի ներկայիս կամ ԽՍՀՄ ժամանակվա ղեկավար, ով ճանաչած կլինի, որ դրանք ադրբեջանական տարածքներ են։ Անկլավների հանձնումը վտանգում են ՀՀ միջպետական Մ-16 և Մ-2 ճանապարհները։ Դրանց հանձնումը վտանգելու է ՀՀ միջազգային տրանզիտը։ Տիգրանաշենով ճանապարհի տեղափոխումն արժենալու է միլիարդներ, տևելու է տարիներ և իր որակական տարբեր բնութագրիչներով զիջելու է այս ճանապարհին, որովհետև ինքը պետք է բարձրանա սար, իջնի: Ոչ միայն չպետք է քննարկվեր անկլավների հարցը, այլև պետք է քննարկվեր՝ ինչպես է Արծվաշենը դարձել անկլավ։
- Ադրբեջանը, այո, ունի մեծ ախորժակ: Պահանջում է Սյունիքը, Վայոց ձորը, Գեղարքունիքի մարզի մի հատվածը՝ Սևանի արևելյան ափով, Տավուշի մի հատվածը, Երևանը, որ, ըստ իրենց, իրենց պատմական քաղաքն է: Հայաստանն այստեղ պետք է ունենա մոտ 10 000 քկմ մակերես ունեցող կիսապետականություն: Իրենք կիրառելու են բոլոր միջոցները՝ սկսած մեդիապատերազմներից մինչև տանկեր:
- Հայաստանի իշխանությունները ճանաչում են Ադրբեջանի 86.600 քկմ տարածքը, բայց Ադրբեջանը դա չի ճանաչում, ավելին է ուզում։ Ի դեպ, այդ 86.600-ի մեջ Սև լիճը չկա, Ջերմուկի զավթած տարածքը, բայց կան Լեռնային Ղարաբաղը, որը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, ու անկլավները։ Դա այն թիվն է, որն արտացոլված է 1975թ. քարտեզում: Թե ո՞վ է կառավարության այն մասնագետը, այն քարտեզագիրը, ով 86.600 թիվը տվել է Նիկոլ Փաշինյանին, գաղտնի է պահվում։ Ոչ ինձ, ոչ ինձ ծանոթ որևէ մասնագետի չեն դիմել ու չեն խնդրել մասնակցություն ունենալ այս պրոցեսում: Բազմիցս ասել ենք՝ պատրաստ ենք հանուն մեր պետության անշահախնդիր կերպով ներգրավվել այս պրոցեսում: Պատասխանը եղել է՝ կամ մեկնաբանություն չենք տալիս, կամ կարիքը չենք տեսնում:
Մանրամասները՝ տեսանյութում։