Իշխանությունը վախենում է ասել ճշմարտությունը. պատվերներ է ստանում արտաքին ուժերից, սա պարտվածի, ճնշման, ազդեցությունների ներքո գործողի տարրական վարքագիծ է. Սիրանուշ Սահակյան

«Բռնի անհետացածների ճակատագրերի վերհանման գործում երկու դերակատար կա՝ քննչական մարմիններն ու ՀՀ քաղաքական ղեկավարությունը, որը ջանքեր պետք է գործադրի՝ հասկանալու համար՝ ինչ պատճառով Ադրբեջանը չի հաստատում ապացույցների վրա հիմնված գերեվարման դեպքերը: Քննչական մարմինների աշխատանքը պետք է ապահովեր բանակցությունների արդյունավետությունը, եթե նրանք քաղաքական գործիչներին զինեն ապացուցողական տվյալներով»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, իրավապաշտպան, փաստաբան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ հավելելով, որ անհետ կորածների առումով մեծ խառնաշփոթ կա:

Նրա խոսքով՝ թվերի մեջ իրարամերժություն կա, մեթոդաբանությունը հստակ չէ, անհամապատասխանություն կա Կարմիր խաչի հրապարակած տվյալների և պետական տարաբնույթ մարմինների թվերի միջև:

Հարցին՝ հնարավո՞ր է Ադրբեջանի կողմից չընդունված 80 գերիների մեջ լինեն նաև անհետ կորածներ, ՄԻԵԴ-ում հայ գերիների ներկայացուցիչն ասաց՝ 80 թվի մեջ իրենք չեն ներառել անհետ կորածներին:

«80 դեպքերի պարագայում մենք ունենք հստակ ապացույցներ, որ նրանք ողջ գերեվարվել են: Պարզապես այս 80-ը 55-ից տարբերվում է նրանով, որ 55-ի գերեվարման փաստն Ադրբեջանն ընդունում է, ընդունում է նրանց ողջ լինելն ու իրենց հսկողության տակ գտնվելը: Իսկ 80-ի պարագայում Ադրբեջանը հերքում է իր մասնակցությամբ գերեվարման փաստը»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ եթե գերեվարման վաղ փուլում նրանց ողջ լինելու հավանականությունը մեծ է, ապա հիմա արդեն այս անձանց վերաբերյալ տեղեկատվության ամբողջական բացահայտումն արդեն իսկ բարձր հավանականությամբ կարող է վկայել նրանց սպանված լինելու մասին:

«Որևէ թափանցիկություն չկա, թե քաղաքական գործընթացներում գերիների, բռնի անհետացածների հարցն ինչպես է արծարծվում: Դրա արդյունքում ծնողների մոտ անվստահություն է առաջանում պետական մարմինների նկատմամբ: Այդ պատճառով էլ շատերը հրաժարվում են վերցնել իրենց զավակների մասունքները, չեն վստահում ԴՆԹ հետազոտություններին ու իրենց հարազատներին փնտրում են ողջերի մեջ: Ես չեմ բացառում, որ քաղաքական բանակցություններում այդ հարցերը քննարկվել են, և իշխանությունները ստացել են չգոհացնող պատասխան ու չեն կարողանում ազնիվ գտնվել սեփական ժողովրդի հետ և հայտնել ճշմարտությունը, քանի որ այն ևս կարող է ծնել հավելյալ դժգոհություններ»,- ասաց իրավապաշտպանը:

Հարցին՝ ո՞րն է այդ ճշմարտությունը, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց՝ չեմ բացառում, որ ճշմարտությունն այն է, որ չհաստատված գերիների մի մասը սպանվել է, և Ադրբեջանի մերժման դրդապատճառը ոչ թե քաղաքական է, այլ օբյեկտիվ, որովհետև օբյեկտիվորեն հնարավոր է, որ այդ մարդիկ օբյեկտիվորեն գոյություն չունեն:

Հարցազրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև այն հարցին, թե ինչու ՀՀ իրավապահ մարմինները գեթ մեկ հաջողության պատմություն չունեն՝ կապված Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության որևէ ներկայացուցչի հետ, որ գոնե ընդհանուր իրավազորության ներքո գտնվող երկրներում նրանց ճամփորդելն իրենց համար խնդիր լինի:

«Այո՛, այստեղ խնդիրներ կան: Մենք չունենք գոնե մեկ դեպք, երբ անձը պատասխանատվության կենթարկվեր: Այն, որ արդյունքներ չկան, բացասական է, բայց դրական կգնահատեմ պրոցեսի գոյությունը»,- ասաց իրավապաշտպանը:

Ինչ վերաբերում է համընդհանուր իրավազորությանը, ըստ նրա, այստեղ որոշակի աշխատանքներ իրականացվում են: Իրավապաշտպանները կապի մեջ են եվրոպական երկրներում գործունեություն իրականացնող հայ իրավաբանների հետ: «Ապացուցողական բազայի փոխանակում ենք իրականացրել, և ֆորմալ գործընթացներ նախաձեռնվել են: Նշեմ, որ կա մեկ դրական զարգացում, որի մեջ իր մասնակցությունն է ունեցել նաև ՀՀ գլխավոր դատախազությունը: Պարզապես այդ ինֆորմացիայի հրապարակայնացումը նպատակահարմար չէ, և առավել ևս անթույլատրելի է անձերի անունների հրապարակայնացումը, քանի որ, եթե նրանք տեղեկանան, որ իրենց առնչությամբ եվրոպական կամ այլ երկրներում, այդ թվում՝ Հարավային Ամերիկայի երկրներում հարուցված է և իրականացվում է քրեական հետապնդում, զերծ կմնան ճամփորդելուց: Իսկ առանց դրա մենք չենք կարող հայտնաբերել ու դատարանի առջև կանգնեցնել նրանց»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

Նրա խոսքով՝ շատ կարևոր է համագործակցությունն «Ինտերպոլի» հետ, և հիմա կան մի քանի այդ առումով ակտիվ օջախներ:

«Կա երկիր, ուր արդեն իսկ քրեական հետապնդում է հարուցված որոշ ադրբեջանցիների նկատմաբ, և այս երկրում ճանապարհորդելիս նրանք անպայմանորեն կձերբակալվեն ու կկանգնեն դատարանի առջև: Եվ կան նույնականացված անձինք, կոնկրետ ռազմական հանցագործություններ կատարած, ովքեր, եթե հայտնվեմ տվյալ երկրում, անպայմանորեն կնախաձեռնվի քրեական հետապնդում: Այստեղ նրբությունն այն է, որ կան երկրներ, ուր մինչև տվյալ անձն իրենց հողին ոտք չդնի, քրեական հետապնդում հարուցել չեն կարող: Փաթեթները կազմված են, տեղեկատվությունը տրամադրված է, կա նաև հավանականություն, որ ադրբեջանցի պաշտոնյաները բիզնեսի նախկին գործունեությամբ պայմանավորված՝ ճանապարհորդելու են այդ երկրում: Այն պահից, երբ կարձանագրվի անձի ճամփորդությունը, այնտեղ գտնվող իրավաբանները կոնկրետ աշխատանք կկատարեն»,- ասաց փաստաբանը:

Վերջինս ասաց՝ կոնկրետ 50 ադրբեջանցի բարձրաստիճան քաղաքական և ռազմական պաշտոնյաներ արդեն իսկ նույնականացվել են, ովքեր պատասխանատու են պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար:

«Բայց նշեմ, որ մենք կարողացել ենք նույնականացնել անմիջականորեն հանցագործություն կատարողների, ովքեր հրամանատարական հսկողության տակ գտնվելով՝ դաժան հանցագործություններ են կատարել»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

Հարցին՝ ինչո՞ւ քաղաքական բանակցությունների սեղանին իշխանությունը չի դնում կոնկրետ, այդ թվում՝ գերիների վերադարձի ու չհաստատված գերիների փաստի ընդունման հարցեր, իրավապաշտպանն ասաց՝ պատճառները դարձյալ քաղաքական են:

«Որքան էլ բարձրաձայնեն, որ Հայաստանը գերանկախ է ու չի ենթարկվում արտաքին ազդեցությունների, մենք հասկանում ենք, որ Հայաստանի իշխանությունները կոնկրետ պատվերներ են ստանում արտաքին ուժերից և որոշումների կայացման գործընթացում անկախություն չունեն: Ուժի սպառնալիքի ներքո ևս Հայաստանի իշխանություններին որոշումներ են հարկադրվում»,- ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների ներկայացուցիչը՝ հավելելով, որ այդ ուժերը կարող են լինել ինչպես արևմտյան, ռուսական, այնպես էլ՝ թուրք-ադրբեջանական:

Սիրանուշ Սահակյանն ասաց նաև՝ մի բան է, երբ քաղաքական իշխանությունը պարզապես օգնության ձեռք չի մեկնում, պասիվ չաջակցող է և բոլորովին այլ մարտահրավեր է, երբ քաղաքական ուժն իրավունքին հակադիր քաղաքական գործելակերպ է որդեգրում և վտանգում է իրավական գործընթացները:

«Երբ քաղաքական իշխանությունն ակտիվություն է ցուցաբերում, որով վնասում է Հայաստանի հայցերի ճակատագիրը միջազգային դատական գործընթացներում, շատ վտանգավոր եմ համարում և ուղղակի հույս ունեմ, որ դիտավորյալ չէ, և անձանց կոմպետենտությունը, գիտելիքների պակասը, միգուցե անձնային հատկանիշների խեղումներն են հանգեցնում հակահայկական քաղաքական դիրքորոշումների արտահայտմանը: Այս տեսանկյունից առավել խոցելի վիճակում է գտնվում պետության իրավական թիմը: Մենք՝ փաստաբաններս, այս առումով ավելի ապահովագրված ենք: Քաղաքական թիմը վնասում է պետության իրավական թիմին»,- ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների ներկայացուցիչը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի առաջ քաշած, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտին, որով, ըստ էության, ՀՀ գրեթե ողջ տարածքը դիտարկվում է որպես ադրբեջանական, և ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցին, Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ կրկին այս դեպքում էլ Ադրբեջանը հանդես է գալիս թելադրողի դերում:

«Ադրբեջանն իրեն հուզող բոլոր հարցերն առաջ է քաշում ու Հայաստանի իշխանություններին պարտադրում է լուծումներ, իսկ ՀՀ իշխանությունները լռությամբ ի կատար են ածում այդ պահանջները՝ վախենալով հայկական կողմի հիմնավոր պահանջներն օրակարգ բերելուց: Սա շատ նման է նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման գործընթացին, երբ մարդասիրական խնդիրներ չլուծած, խաբված Հայաստանի իշխանությունը շարունակում էր տարածքային զիջումներ անել: Եվ ոչ միայն տարածքային զիջումներ էր անում, այլև հայտարարությամբ հիմնավորում էր Ադրբեջանի բոլոր թեզերը: Սա պարտվածի, ճնշման և ազդեցությունների ներքո գործող իշխանությունների տարրական վարքագիծ է»,- ասաց իրավապաշտպանը:

Շարունակելով թեման՝ Սիրանուշ Սահակյանն ասաց՝ այս փուլում բացառում է ադրբեջանցիների և հայերի խաղաղ գոյակցությունը:

«Առավել ևս վտանգավոր եմ գնահատում հայերի գոյակցությունն ադրբեջանցիների հետ Ադրբեջանի տիրապետության ներքո: Լեռնային Ղարաբաղի խնդիրը երբևիցե տարածքային հարց չի՛ եղել. այս կոնֆլիկտի հիմքում ընկած է էթնիկ գործոնը: Ադրբեջանի և Թուրքիայի նպատակը հայկական էթնոսի վերացումն է, և քանի դեռ այս խնդիրը լուծված չէ, նրանց առաջ դրված է այս խնդիրը: Ավելին, նանց գիտակցության ու արյան մեջ դրված է այս կոդավորումը: Քյարամ Սլոյանին գլխատողը լուսանկարվում է, ուրիշները նկարներ են հրապարակում Ռամիլ Սաֆարովի հետ, և սա այն դեպքում, երբ կա հունգարական դատարանի վճիռ նրա վերաբերյալ: Այս պայմաններում խաղաղ համագոյակցությունն անհնար է»,- ասաց փաստաբանը:

Իրավապաշտպանն անդրադարձավ նաև Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի՝ իրավական համակարգի առաջ դրված պահանջին՝ անհապաղ հատկապես հնչեղ գործերով դատավճիռներ ապահովելու խնդրով:

«Սա շատ արատավոր քննարկում էր, որն ի ցույց դրեց դատական համակարգի կախյալությունը գործադիր իշխանությունից: Դատավորն առաջնորդվում է օրենքով ու ներքին համոզմամբ և իր կայացրած ակտերի համար հաշվետու չէ ո՛չ Քննչական կոմիտեին, ո՛չ դատախազությանը, և ո՛չ էլ, առավել ևս, վարչապետին: Կարծում եմ՝ այստեղ արատավոր փորձ է ներմուծվում, և որպես ուսուցիչ՝ հանդես է գալիս Ալիևը, որի երկրում արդարադատությունն իրականացվում է նախագահի աշխատակազմում: Գործադիրի կողմից կառավարելի Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ) ունենալու պարագայում մեր դատական համակարգը շատ խոցելի է, ուստի դատարաններում որոշվող հարցը կարող է դրվել գործադիրի քննարկմանը»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

Վերջինս խոսեց նաև այսօր Ազգային ժողովում (ԱԺ) Նիկոլ Փաշինյանի արտահայտած հետևյալ մտքի մասին՝ «2019 թվականին դատարանների մուտքերը շրջափակելու ակցիան շատերը փորձում էին ներկայացնել՝ որպես արդարադատությունը խոչընդոտելու փորձ։ Իրականում մենք դատարանների դռները մի քանի ժամով փակել էինք արդարադատության դռները բացելու համար։ Բայց պետք է արձանագրեմ, որ արդարադատության դռները դեռևս լիարժեք, բավարար չափով բացված չեն։ Ուրեմն ինչ է պետք անել»,- ասել է նա:

Իրավապաշտպանը հակադարձեց.

«Նույնիսկ այն ռեֆորմները, որոնք դատական համակարգում իրականացվում են, ամբողջովին սահմանափակում են դատարանների հասանելիությունը, և դրա վառ օրինակներից մեկը պետական տուրքի բարձրացումն է: Ուզում են ամեն կերպ անհասանելի դարձնել դատարանները, որպեսզի ստեղծված վեճերը չստանան իրենց լուծումները կամ լուծումներ ստանան առավել ազդեցիկ կողմի ուղենիշներով: Սրանով իսկ մեծանալու են վեճերի ոչ ֆորմալ լուծման գործընթացները: Օրինակ, նույն գողականները մեր երկրում  ավելի արդյունավետ գործեր լուծողներ են դառնալու, քան դատական համակարգը: Բայց եթե Փաշինյանին նույն հռետորաբանությամբ պատասխանեմ, ապա կյանքի իրավունքի ճանապարհ երբեք չի կարող լինել սպանությունը: Նույն կերպ՝ արդարադատության բացման ճանապարհ չի կարող լինել դատարանների դռների փակումը»,- եզրափակեց Սիրանուշ Սահակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս