«Ճիշտ կազմակերպելու դեպքում ժողովուրդը ոտքի կկանգնի. տվեք նպատակ ու կտեսնեք՝ ինչ համախմբված է». Ազգագրագետ
Այսօր ոչ թե ազգային գաղափարախոսություն չկա, այլ համակարգելու ու ճիշտ ձևակերպելու խնդիր կա։ Կիսատ-պռատություն կա և խարխլված է։ Կարծում եմ՝ շատ կարևոր է համակարգված և ճիշտ ձևակերպումներով ազգային գաղափարախոսությունը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Կէան» կրթամշակութային կենտրոն» հ/կ համահիմնադիր, ազգագրագետ Վանուհի Սիմոնյանը՝ անդրադառնալով շրջանառվող այն մտահոգություններին, որ այսօր հայ ազգը չունի ազգային գաղափարախոսություն ու նպատակներ։
Ինչ վերաբերում է հայ ազգի նպատակներին, ապա ազգագրագետի մեկնաբանությամբ՝ եթե մարդը տանից դուրս է եկել և չի որոշել, թե ուր է գնում, տեղ չի հասնելու, որովհետև չկար դրված նպատակ, թե կոնկրետ ուր է գնում։
«Ազգի մտավորականությունը, էլիտան պետք է կարողանա այսօր նպատակներ ձևակերպի և ժողովրդին իր հետևից տանի։ Ընդհանրապես պատերազմները տանուլ են տալիս ու շահում են ազգի էլիտաները, այսինքն՝ ազգի ավելի մտածող ու վճռական հատվածն է, որ կարողանում է այդ ամենը ձևակերպել ու ժողովրդին իր հետևից տանել։ Նաև էլիտայի բացթողումն էր, որ այսօր մենք կանգնեցինք այս փակուղային իրավիճակի առջև։ Բայց միշտ հնարավոր է ձևակերպել նպատակները և քայլել դեպի այդ նպատակները, և ոչ միայն նպատակները ձևակերպել, նաև ուղիները ցույց տալ, թե ինչպես գնալ դեպի նպատակ»,- նշեց Վանուհի Սիմոնյանը։
Նրա դիտարկմամբ՝ ազգագրությունը և էթնոհոգեբանությունը պետք է փորձի ճանաչել ազգին, առանց ճանաչելու հանարվոր չէ ստեղծել ճիշտ համակարգ։ Առհասարակ ճանաչելու գործընթացը բարդ է, նույնիսկ մարդն ինքն իրեն չի կարող ճանաչել, սակայն ազգին ճանաչելու ճանապարհով գնալն անխուսափելի է։ Եթե անձը չսկսի ինքնաճանաչողությունից, չի կարող ինքնագիտակցման ու ինքնակերտման ճանապարհով գնալ, նույնն էլ ազգի դեպքում է։ Մարդու ինքնաճանաչողությունը սկսվում է իր գերադաստանի, արմատների ուսումնասիրությունից, թե ով է և ուր է գնում։
«Եթե մենք սկսում ենք ինքներս մեզ ճանաչել, ավելի լավ ենք հասկանում, թե մեզ ինչ է պետք, նաև, թե ինչն ենք սխալ անում, որ նույն խնդրի առաջ ենք կանգնում. ինքս դեռ այս հարցի պատասխանը չունեմ։ Կարծում եմ՝ ինչ-որ առումով ինքնավերաբերմունքի հարց է, քանի որ երբ ինքդ քեզ չես սիրում ու ճանաչում, սկսում ես կրկնել ուրիշին։ Տեսեք, թե նույն մշակույթում ինչ է կատարվում, մենք կարող ենք դրսից ինչ-որ բաներ կրկնօրինակել, այն դեպքում, երբ մենք ունենք ճոխն ու գեղեցիկը, խորքայինը։ Անձը ե՞րբ է կրկնում ընկերուհուն, երբ ինքն իրենը չունի։ Իսկ երբ ներհայեցողություն է անում, իր ներսն է նայում, սկսում ինքն իրեն ճանաչել, ընդունել, սիրել, ինքնակերտում է սկսում։ Կարծում եմ՝ այս նույնը պետք է լինի հասարակության մակարդակով։ Հետևաբար՝ այս իրավիճակը հաղթահարելու կարևոր ճանապարհներից մեկն ինքնաճանաչումն է»,- շեշտեց նա։
Վանուհի Սիմոնյանի բնորոշմամբ՝ հայ ազգի գլխավոր նպատակը պետք է լինի ազգային պետության կերտումը, որը սկսվել է 30 տարի առաջ, որի ամենամեծ ձեռքբերումներից մեկը եղել է Արցախի ազատագրումը։ Աշխարհում կա 10 մլն հայ, որի հայրենիքը փոքր Հայաստանն է, ինչը չլինելու դեպքում հայ ժողովուրդը պարզապես կձուլվի։
«Շատ կարևոր է, որպեսզի լինի ազգային պետություն, որպեսզի 10 մլն հայությունն ունենա իր հենման կետը։ Կդժվարանամ ասել, թե դա ինչպես պետք է լինի, որովհետև քաղաքագետ չեմ, ես այդտեղ մի փոքր պատասխանատվություն եմ վերցրել՝ տարածել ազգային մշակույթը, հատկապես տոնածիսական մշակույթը։
Կարծում եմ՝ առաջնորդների, լավ լիդերների խնդիր ունենք, լավ առաջնորդ դպրոցում, համայնքում և այլն։ Մենք հաղթեցինք 1988 թվականին, որովհետև ունեինք էլիտա, նրանք առաջնորդում էին շարժումը՝ Սոս Սարգսյան, Վիկտոր Համբարձումյան, Վազգեն Վեհափառ, Սիլվա Կապուտիկյան։ Մեր խնդիրներից մեկն էլ այն է, որ հեղինակությունների համատարած արժեզրկում է գնում՝ մարդիկ շփոթության մեջ են, չգիտեն՝ ում վստահեն ու ում հետևից գնան։ Պետք են լուրջ առաջնորդներ ու հեղինակություններ, որոնք մարդկանց կկազմակերպեն ու կառաջնորդեն։
Ըստ իս, ճիշտ կազմակերպելու դեպքում ժողովուրդը ոտքի կկանգնի, ժողովուրդը հուսահատության մեջ է։ Առջևում անվտանգային լուրջ խնդիրներ ունենք, նաև հասկանում ենք, որ պատերազմը դեռ չի ավարտվել, այն դադարի փուլում է, մեծ պայքարն առջևում է, տվեք նպատակ ու կտեսնեք, թե ինչ համախմբված է մեր ժողովուրդը»,- ասաց Վ. Սիմոնյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում