Տեսե՛ք, ինչ հետաքրքիր է․ հայ կնոջ կերպարից կարող էին գուշակել՝ սոցիալական ինչ իրավիճակում է ընտանիքը. Վահե Քոթանյան

Հայկական տարազը մեր դարավոր պատմության ու մշակույթի լուռ վկան է։ Ինչպիսի՞ն է եղել, ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել. այս մասին զրուցել ենք ազգագրագետ, դիզայներ Վահե Քոթանյանի հետ։

Պատմական հանգամանքների բերումով ունենք արևմտահայկական և արևելահայկական տարազ։ Ի՞նչ տարբերություններ կան։

– Հայկական լեռնաշխարհում հայկական տարազը դիտարկում ենք երկու շրջանով․ մինչև 1915 թվականը և դրանից հետո։ Ցեղասպանության հետևանքով  կտրվեց մշակութային ալիք, որը պետք է շարունակվեր։

Կարդացեք նաև

Արևմտահայկական և արևելահայկական տարազախումբն ունի ձևվածքաբանական որոշակի առանձնահատկություններ, ասեղնագործության տարբերություններ։ Օրինակ՝ արևմտահայկական շրջանում ավելի շատ ծավալուն մոտիվներ և մասշտաբային ասեղնագործություն ենք տեսնում, իսկ Արևելյան Հայաստանում ավելի սակավ է։ Արևելյան Հայաստանում հիմնականում զարդերի միջոցով է լինում ամբողջական գեղազարդման տարբերակը. դրանք լինում են և՛ հագուստին ամրակցված, և՛ շարժական զարդեր։

Կարող ենք դիտարկել Սյունիք-Արցախյան տարազախումբը, որտեղ ունենք և՛ անշարժ և՛ շարժական զարդեր։ Կրծքային հատվածում ամրացվում էին խողովականման զարդաձևեր։ Թևքերին եռանկյունի էին ստանում այդ խողովակաձև զարդաձևերով և բոժոժ կախիկներ էին դրվում, որոնք չարխափանության և պտղաբերության խորհուրդ ունեին։ Դրանք կարված էին հագուստի թևքաբերանին և այդ կտրվածքը կոչվում էր երեք փեշքանի հագուստ, որովհետև բաժանված էր երեք փեշքի․ կողքերից ճեղքվածք ուներ. երկուսը՝ առջևում, մեկը՝ հետևամասում։

Ինչ վերաբերում է Արևմտյան Հայաստանին, այստեղ ասեղնագործությունը բավական հետաքրքիր էր կոմպոզիցիոն դաշտով, գունային համակցությամբ և տարբերվում էր նախշազարդման դիզայնի տեսանկյունից։ Այն արվում էր կանանց և տղամարդկանց կողմից։ Հաճախ թվում է, թե տղամարդիկ հագուստի հետ կապ չեն ունեցել, բայց իրականում դերձակների մեծ մասը տղամարդիկ են եղել։ Ավելին՝ տղամարդիկ ասեղնագործում էին, որովհետև Բարձր Հայքում ընդունված ոսկեթել քուղակար ասեղնագործությունն իրականացվում էր տղամարդկանց կողմից, որովհետև սա շատ բարդ աշխատանք էր՝ ոսկու ձուլակտորից ձգվում էր կոճի թելի բարակության և դրանից մի փոքր հաստ տարբերակով ոսկուց թել, այն փաթաթվում էր, ստանում էին հիմքի թել, նախշ, նոր ամրացնում հագուստին։

Պետք է դիտարկել, որ հայկական տարազն իր յուրահատկությունը ստացել է կնոջ և տղամարդու սիրո արդյունքում, որովհետև աշխատանքի մեջ եթե սեր չի լինում՝ ոչինչ անել չես կարող։ Հայ ժողովուրն իր մշակույթը հենց այդպես է պահպանել։

– Յուրաքանչյուր գավառ ունեցել է իրեն բնորոշ տարազը. Այսինքն՝ հայերը միշտ ցանկացել են տարբերվե՞լ իրարից։

– Չեմ բացառի, որ այդպես եղել է, որովհետև հայերի մեջ մի հետաքրքիր սովորույթ կար․ օրինակ՝ օժիտի մեջ դրվող ասեղնագործությունը մայրերն ու աղջիկները գիշերն էին անում, որ հարևանները չտեսնեին։ Այստեղ տեսնում ենք, որ ուզում էին առանձնանալ։ Եվ հարսի օժիտը բացելու օրն էր միայն, որ կարողանում էին տեսնել, թե ինչ յուրահատուկ ասեղնագործությամբ է հարստացված այդ ամբողջ համալիրը՝ բարձի երես, ծածկոց և այլն։

Ինչ վերաբերում է մնացյալին, ապա  տարածաշրջաններն իրենց հավատալիքային սկզբունքով, ասեղնագործության դպրոցներով ամբողջովին տարբերվում էին։ Եթե Վան-Վասպուրականում ընդունված էր Վանի կար ասեղնագործությունը, ապա այդ նույն կարատեսակն Այնթապում այլ էր։ Հագուստի ձևազարդման և ամբողջական գեղազարդման հետ կապված պետք է լիներ տարբերություն։

Կարևոր էին նաև հավատալիքային մոտիվները, գունընկալման դաշտը, ռելիեֆային պայմանները, որովհետև սասունցու հագուստը չէր կարող նման լինել քաղաքային Կարինի հագուստին։ Լեռնային տարածքի ցուրտ և անբարենսպաստ պայմանները սասունցու տարազին թելադրում են, որ ավելի շատ լինի մորթու կիրառությամբ, հաստ կտորներից։ Իսկ Կարինի տարազախմբում տեսնում ենք ավելի թեթև ձևվածքներ, բայց ճոխ գեղահարդարանք  ունեցող լուծումներ, որոնք իրենց շքեղությամբ Հայկական լեռնաշխարհում առաջին տեղն էին գրավում։ Այստեղ կա նաև օտարի աչքի ընկալումը։ Հայտնի ճանապարհորդներ, ովքեր եկել, Հայկական լեռնաշխարհով անցել են, իրենց հուշերում գրել են, որ հայկական տարազի շքեղությանն և գունային գամմային որևէ այլ տեղ չեն հանդիպել։

Կտորների առումով տարբերություն եղե՞լ է։

– Այո, որովհետև Հայկական լեռնաշխարհում կտորի արտադրություն կար, և ամեն տարածաշրջան արտադրում էր իր հատուկ կտորը։ Սասունի տարածաշրջանում քեչա էին լվանում, այսինքն, շալվար, բաճկոն ստանալու համար տրորում էին դա, որովհետև մենք գիտենք՝ բուրդը երբ տրորում ենք, դառնում է  թաղիք, այսինքն՝ ամուր կտոր, և այն օգտագործվում էր հագուստի, գդակների պատրաստման մեջ։

Կար մանուսա կտոր, որը տարածված էր, օրինակ, Վան-Վասպուրականի տարածաշրջանում։ Զոլավոր կտոր էր՝ որոշակի հաջորդականությամբ գունային գամմայով։

Ամեն տարածաշրջան հայտնի էր կտորի մեկ արտադրությամբ։

Հայկական տարազին ո՞ր գույներն են բնորոշ եղել։

– Տարածաշրջանից է կախված գույնի կիրառությունը, բայց գերակշռել է կարմիրը, որը համարվում է պտղաբերության գույնը։ Արցախին բնորոշ է կանաչն ու կարմիրը, որն ունի ամուսնական խորհրդի իմաստ։ Կանաչը տղամարդու՝ արականի սկիզբն էր, կարմիրը՝ կանացի, և երկուսի միավորումը փաստացի տալիս է կյանքի շարունակություն։ Շատ հետաքրքիր է Բարձր Հայքի տարազախմբում կիրառվող կարմիրի և կապույտի համադրությունը, որը թավիշով էր արվում։ Օգտագործվում էին նաև մետաքս, բամբակի այլ կտորներ։ Հետաքրքիր է, որ նկարչության մեջ կարմիրը և կապույտը համարվում են անհամադրելի գույներ, բայց այս անհամադրելիությունն այնքան վարպետորեն է իրականացրել հայ ժողովուրդը, ոսկեթելով ասեղնագործել, դարձել է այնքան նրբաճաշակ, որ երբեք չես մտածի, որ այդ երկու գույներն անհամադրելի են։

Տարազի բաղադրիչներից են եղել գլխազարդերը բոլոր շրջաններում եղել են նաև դրամաշարե՞ր։

– Կար տարբերություն։ Սյունիք-Արցախյան տարազախմբում մեկ շարան ճակտանոց է օգտագործվում, և կենտրոնում՝ մեկ մեծ մետաղադրամ։ Ոչ բոլորի դեպքում էր մեծ մետաղադրամ, որովհետև այն հարստության նշան էր։

Տարազը ոչ միայն հագուստ էր, որ կրում էին, այլ մարդու օրգանիզմի առաջնային պաշտպանությունն էր։ Երկրորդն  էսթետիկայի կողմն ապահովելու համար էր, երրորդը ՝ մարդու սոցիալական դերն ու դիրքը ցույց տալու։ Տարազը ցույց էր տալիս ամուսնացած լինելը կամ չլինելը, իսկ հիմա չենք կարող հասկանալ՝ մարդն ամուսնացա՞ծ է, թե՞ ոչ, եթե չլինեն որոշակի ցուցիչներ, օրինակ՝ մատանու առկայություն։

Ճակտաշարի  հետ կապված, օրինակ, Բարձր Հայքում կրկնաշարան էր, և երբ շարաններից սկսում էին պակասել մետաղադրամները, հասկանում էին, որ ընտանիքի կացությունը որոշակիորեն փոխվել է, որովհետև հաճախ այդ մետաղադրամները ծառայում էին հաց, ալյուր գնելու համար։ Տեսե՛ք, ինչ հետաքրքիր է. կնոջ կերպարից կարող էին գուշակել ընտանիքի իրավիճակը, հասկանալ՝ իրականում սոցիալական ի՞նչ իրավիճակում է գտնվում կինը կամ իր ընտանիքը։

– Ժամանակին հայերը քթին օղ են ամրացրել։ Հիմա այդ երևույթին շատ վատ են նայում, բայց պարզվում է՝ մեզ մոտ ընդունված է եղել։

– Հնագույն բոլոր ժողովուրդների մոտ տարածված էին քթի օղերը, մեզ մոտ, մասնավորապես, դրանք անվանում են խզմա կամ խզմար։ ՀՀ Պատմության թանգարանում ունենք պահպանված բազմաթիվ նմուշներ՝ տարբեր տարածաշրջաններից։ Դրանք ունեցել են չարխափան նշանակություն։ Ամրացվել են քթի կողային հատվածին և ձգվել դեպի ականջ։ Եղել է երկու տարբերակ՝ ամբողջական ամրացվող միայն քթի հատվածում և շղթայով դեպի ականջ գնացող։ Երգերի մեջ էլ են անդրադառնում, շատ են նաև ասացվածքները։ Վարդան Պետոյանն իր «Սասունի ազգագրություն» աշխատության մեջ նշում է, որ մինչև 1890թ․ սասունցիները կրել են քթի օղեր։

– Հնդիկները, չինացիները տոներին կրում են իրենց ազգային զգեստը,  բայց Հայաստանում այդպես չէ. ի՞նչ անենք, որ գոնե տոնական օրերին կրենք ազգայինը։

– Պարտադրանքով չի լինում, ժամանակի ընթացքում է  գալիս։ Եթե նայենք, թե տարիներ առաջ ինչպես էին վերաբերվում տարազին կամ տարազով նկարվելուն, կհասկանանք, թե ինչ առաջընթաց ունենք հիմա։ Մոտենում ենք մեր արմատներին։ Գոյություն ունի պատերազմի հոգեբանություն, և մշակույթը գնում է պատերազմի հոգեբանությամբ։

Այսինքն, պատերազմի ժամանակ քո արմատն արթնանում է։ Եթե մինչ այդ մեկ էր՝ հայկական զարդանախշ կլինի՞ հագուստիդ, թե՞ ոչ,  դրանից հետո այդպես չէ։ Ի բարեբախտություն մեզ՝ հարսանեկան կոնցեպտում սկսել են հարսանեկան հագուստի կիրառությունը ներդնել, և սա ուրախալի փաստ է։ Մի փոքր տխուր է  այն առումով, որ ոչ բոլորն են տարազի ճիշտ կոնցեպտ ընտրում, որովհետև դրա մեջ կան աղավաղումներ, և սա ավելի վատ է, քան տարազ չհագնելը, որովհետև եթե դու մշակույթը ձևախեղում ես, ավելի լավ է ուղղակի չկրես։

– Ամեն տարի կազմակերպվում է  Տարազի փառատոնը, բայց նախորդ տարի հիմնականում տիկնիկներն էին տարազով։ Գուցե մեր մշակույթը ճիշտ չե՞նք ներկայացնում։

– Իրականում ողջունելի են նմանատիպ փառատոները, սակայն, եթե կոնցեպտը ճիշտ չէ, տեսնում ենք կառուցվածքային սխալ տարբերակ, այսինքն,  եթե միայն բեմահարթակում պետք է տարազներ ցուցադրվեն և դրանով սահմանափակվի ամեն բան, կարծում եմ՝ դա ճիշտ տարբերակ չէ, և դա Տարազի փառատոն չէ։

Փառատոնը ենթադրում է  ներգրավվածություն այդ ամենին։ Հայաստանում բազմաթիվ փառատոներ ունենք։ Բերեմ կենցաղային օրինակ. գնացել ենք Տոլմայի փառատոն, ուտում ենք տոլմա, ճի՞շտ է։ Գնացինք Տարազի փառատոն՝ ի՞նչ ենք անում՝ բացի նայելուց։ Ոչինչ։ Գոնե պետք է լինի դրես կոդ, թեկուզև գլխարկը, գոտին, վերնահագուստը լինեն տարազային։ Սա թույլ կտա, որ հաջորդ տարի ոչ թե դնես դրես կոդ, այլ մարդն ինքնըստինքյան հասկանալով կգնա՝ տարազ կամ տարազային որևէ դետալ կրելով։

Այլ երկրներում ունեն էթնիկ օրեր, երբ, օրինակ, ընտրված է միջնադարը, մարդիկ ներկայանում են ժամանակաշրջանի հագուստով։

Երևի շատերը կուզեն, որ իրենց հագուստին լինի հայկական զարդանախշ, բայց նման զգեստները բավականին թանկ են ինչո՞ւ հասարակ քաղաքացուն հասանելի չէ հայկական մոտիվներով զգեստը։

– Եկեք չհամաձայնեմ այդ մտքի հետ։ Ասում են՝ «անունն է դուրս եկել», լրիվ այդ տարբերակն է։ Իրականում ասեղնագործությունից և աշխատանքից կախված է բարձրանում հագուստի արժեքը։ Հիմա շատ է տարածված մեքենայացված ասեղնագործությունը, և շատ են վաճառվում հայկական զարդանախշով ասեղնագործված շապիկներ, ու ցանկացած քաղաքացի կարող է օգտվել։ Այս դեպքում թանկ կամ ոչ թանկ լինելն արդարացում չէ։ Որ գնում են խանութ աղ գնելու՝ ոչ ոք չի ասում՝ ծովի աղ գնիր, որովհետև մեջը եթերայուղեր են, ու այն 8000 դրամ է, չէ՞, գնացեք հայկական յոդացված կատարյալ աղը գնեք, որն ավելի մատչելի է։

Քաղաքացիները հաճախ չեն տարբերում հայկական զարդանախշերը. հիմնականում ինչի՞ն ուշադրություն դարձնեն։

– Իրականում սա գալիս է կրթական ոլորտում թերությունից, որովհետև պետք է դիտարկել ոչ միայն համընդհանրական գիտելիք ստանալը, այլև ազգային մշակույթի հետ կապված գրագետ և ճիշտ գիտելիք ստանալը։ Այո, դպրոցում անցնում են առարկաներ, որոնցում անդրադարձ կա հայկական տարազին, զարդանախշին, բայց, եթե տեսնեք դրա ծավալը, կա-չկա՝ մի հաշիվ է։

Մեկ խնդիր էլ կա՝ կապված արհեստական բանականության հետ։ ԱԲ-ն մասնագետ չէ, ոսկեքաղ է անում՝ վերցնելով ռեպորտաժներ, նկարներ։ Գրված է՝ հայկական է՝ վերցնում, միքս է անում ու վերջում ստանում է այլ էթնիկ հանրույթի տարազ։ Եվ սա դնում են իրենց էջում ու ասում՝ հայկական տարազով են։ Մի՛ արեք այդպես։

– Հայկական տարազի ո՞ր բաղադրիչը կցանկանայիք առօրյայում օգտագործել։

– Կցանկանայի ապրել 18-րդ դարում և կրել այն հագուստները, որոնք կրել են իմ պապերը, որովհետև դրա մեջ ոգի կա։ Դա էսթետիկայի գագաթնակետն է։ Բայց, եթե գալիս ենք մեր օրեր, տեսնում ենք պայմանների, տրանսպորտի փոփոխությունը, բնակլիմայական վիճակը, արագ ընթացող աշխարհը։ Կարող ենք կիրառության մեջ ունենալ այն համալիրն ու դետալները, որոնք ավելի թեթև են ու կիրառելի։

Դա գոտին է, գլխարկը, բաճկոնը, բայց, օրինակ, տաբատը, որը մեր պապերն էին կարում՝ ձագի լայնքի հատվածում 1 մետր լայնությամբ կտոր էին թողնում, և դա ուներ հատուկ նպատակ. ձի հեծնելիս ոտքերը լայն բացվեին, լեռ բարձրանալիս հեշտությամբ բարձրանային, և, ի վերջո, դա բնական նյութափոխանակություն էր  իրականացնում, հետևաբար, սա այսօր եթե ուզենք էլ՝ չենք կարող կիրառել։ Բայց որոշակի դետալներ, օրինակ՝ բաճկոն, կարող ենք ասեղնագործ տարբերակով ունենալ։

Կարծում եմ՝ հայկական տարազի պահպանության հարցում բոլորս մեր լուման պետք է ունենանք։ Պետք է կարողանանք պահպանել մեր մշակույթը՝ հետագա մեր սերունդներին տալու և փոխանցելու բան ունենալու համար։

Պետք է կարողանանք գտնել մեր ուղին, գնալ այդ ուղղությամբ, որպեսզի մեր ինքնությունը և հայի դիմագիծը վառ պահենք։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031