Ինձ համար ցավոտ է, որ Արարատը գտնվում է Թուրքիայի տարածքում, շատ ծանր է ականատես լինել էթնիկ զտմանը․ Նասիմ Թալեբ
Երևանում «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի շրջանակներում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ փիլիսոփա, գրող և գիտնական Նասիմ Թալեբը կեսկատակ-կեսլուրջ հայտարարեց, որ նախորդ կյանքում Հայաստանում է եղել։
Առաջին անգամ ՀՀ ժամանած փիլիսոփան նշեց, որ իր համար շատ հետաքրքրական էր գալ-տեսնել մի երկիր, որի մասին այդքան շատ բան գիտեր, որի մշակութային կարևորությունը շատ լավ գիտակցում է։
«Այստեղ ֆիզիկապես առաջին անգամն եմ, բայց միգուցե նախկին կյանքում այստեղ եղել եմ։ Ինձ միշտ հետաքրքրում է գենետիկան։ Գիտեք՝ դեպի Լիբանան հայերի միգրացիայի երեք ալիք է եղել, միշտ չէ, որ լավ կյանքի պատճառով են հայերը տեղափոխվել։ Ես ապրում եմ Արևմուտքում, արևմտաբնակ եմ, համապատասխանաբար հայ սփյուռքի հետ եմ շփվում, և հայ սփյուռքը, մենք գիտենք, որ ունի շատ տարբեր փորձագիտական կարողություններ, շատ հմուտ է, իմ աչքից դա չի վրիպել։ Այսինքն՝ Հայաստանն ինչ-որ տեղ ինձ համար ոգեշնչման աղբյուր է։ Ես կասեի, որ այստեղ գալով՝ ինձ շատ հարազատ եմ զգում»,- այսպես բացատրեց փիլիսոփան իր հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։
Անդրադառնալով ՀՀ իրավիճակին, Նասիմ Թալեբն ասաց, որ այսօր շատ տխուր է իրավիճակը։
«Գիտեմ, որ Տիգրան Մեծի ժամանակ ծովից ծով էր Հայաստանը։ Այն, ինչ տեսնում եմ, անընդհատ Հայաստանի տարածքային կրճատումներ են եղել պատմության ընթացքում, ու նաև այս վերջին ցնցումը շատ ծանր է։ Նույնիսկ չգիտեմ՝ ինչ ասել, ունեք շատ ուժեղ Սփյուռք, որը կարող է լուրջ ներուժ ունենալ։ Ինձ համար ցավոտ է, որ Արարատը գտնվում է Թուրքիայի տարածքում։ ՀՀ մշակութային ժառանգությունը չափազանց կարևոր է, տեսնում ենք, որ նույնը տեղի է ունենում Երուսաղեմում։ Շատ ծանր է ականատես լինել էթնիկ զտմանը։
Ի՞նչ կարելի է անել, չգիտեմ, պարզապես միգուցե ավելի շատ տեղեկացնել աշխարհին, որպեսզի աշխարհն իրազեկված լինի, որ իր աչքի առջև այսպիսի ողբերգական բան է տեղի ունենում»,- ասաց Նասիմ Թալեբը։
Նա նաև հավելեց, որ անհատներն ունեն ընկերներ, սակայն երկրներն ընկերներ չունեն և պետք է զգույշ ընտրել ընկերներին։