Հայ-ադրբեջանական հարաբերությունների արտաքին փայլի տակ Ղարաբաղի, Նախիջևանի պատճառով, հողային պահանջատիրությամբ պայմանավորված՝ լարվածություն կար. Կարեն Դեմիրճյան

Ղարաբաղյան շարժման արդյունքում 1988թ. մայիսին Կարեն Դեմիրճյանը հրաժարական տվեց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից և անցավ թոշակի: Չորս տարի անց փաստավավերագրող, հետագայում՝ Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը 1991թ. տնային, ոչ պաշտոնական մթնոլորտում տեսագրել է իր զրույցը Կարեն Դեմիրճյանի հետ` մի շարք հարցերի պարզաբանման ակնկալիքով:

Այդ հարցազրույցի որոշ հատվածներ տեղադրված են «Կարեն Դեմիրճյանի տուն-թանգարանի» ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

168.am-ը կներկայացնի այդ հարցազրույցի առավել ուշագրավ հատվածները: Ստորև բերված տեսանյութում Կարեն Դեմիրճյանն առաջին անգամ բացահայտում է հայ-ադրբեջանական լարված հարաբերությունները խորհրդային տարիներին, որոնք պայմանավորված էին ադրբեջանական հողային նկրտումներով:

«Ադրբեջանական Հանրապետության հետ մեր հարաբերությունները, բացի արտաքին անտուրաժից, սոցիալիստական կյանքի իրականությունից, ուներ մի այլ կողմ, չգրված, չասված կողմը: Մեր ղեկավարության գաղափարախոսությունն էր, որ մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ միշտ հիմնված լինեն մեր շահերի հաշվի առնման վրա: Ես սա ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում»,- Ռուբեն Գևորգյանցի հետ զրույցում ասել է Կարեն Դեմիրճյանը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ չէր կարող լինել որևէ հայ մարդ, առավել ևս՝ ղեկավար, ով այդ հարաբերությունների ժամանակ չուզենար լուծել մեր ամենակարևոր հիմնահարցերը՝ հողային պահանջատիրությունը՝ Նախիջևանի և Ղարաբաղի հարցերը:

«Ներքին տեսակետից հայ-ադրբեջանական ղեկավարության մեջ արտաքին փայլի տակ  միշտ եղել է լարվածություն և հակամարտություն: Դա հիմնականում գալիս էր Ղարաբաղի և Նախիջևանի պատճառով: Այստեղ ես բացառում եմ կրոնական պատկանելությունը: Երբ Կենտրոնում հերթական անգամ հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցն էր բարձրացվում, ես միշտ ասում էի՝ էդ ո՞նց է՝ հայերը տաջիկների, ուզբեկների հետ վատ չեն: Նրանք էլ են մուսուլման, ադրբեջանցիներն էլ»,- ասել է Հայաստանի ԽՍՀ երկարամյա ղեկավարը:

Վերջինս հավելել է՝ խնդիրը հողային պահանջատիրությունն էր ու պատմական անարդարությունը:

«Մենք կարո՞ղ է մոռանանք հայերի մասսայական ջարդերը մինչև գենոցիդ և գենոցիդից հետո՝ մինչև 1923թ.: Դու չես կարող քեզ ստիպել դա մոռանալ. Դա մոռանալու բան չէ: Իմ մայրական ու հայրական պապերի ամբողջ ցեղը բնաջնջվել է թուրքերի կողմից: Իմ հայրը և մայրը որբեր են եղել: Մազապուրծ փախել են յաթաղանից: Դա գենետիկ մակարդակում նստած է իմ մեջ»,- նշել է Կարեն Դեմիրճյանը:

Վերջինս նկատել է՝ որքան էլ ինտերնացիոնալ լինի ղեկավարը, չի կարող նա, պատկանելով տվյալ ազգին, մոռանալ գենետիկ հիշողությունը և այն, որ նյութական հողային կորուստներ ունենք և Թուրքիայում, և Ադրբեջանում:

«Ես ինձ միշտ բռնել եմ այն բանի վրա, որ իմ հարաբերություններն Ադրբեջանի երկու քարտուղարների՝ Հեյդար Ալիևի և Բաղիրովի հետ, հիմնված են իմ ներաշխարհի վրա: Այն միշտ ազդում էր իմ գիտակցության վրա ՝ չմոռանա՛ս, չմոռանա՛ս… Իմ ղեկավարման 13.5 տարվա ընթացքում ինչքան որ սահմանագծերը ոչ ճիշտ գծելու հետևանքով հող է տրված եղել Ադրբեջանին, բոլորը վերադարձվել են: Մենք ստացել ենք մոտավորապես 16 000 հա հող: Ալիևը շարունակ դիմադրում էր, բայց մենք կարողացանք հասնել նրան, որ համաձայնություն ձեռք բերվեց երկու Գերագույն խորհուրդների մեջ, և այդ հարցը լուծվեց: Դա պետք է նպաստեր մեր հարաբերությունների բարելավմանը, եթե Ղարաբաղի հարցը չլիներ»,- ասել է Կարեն Դեմիճյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս