Զենքը, որ Հայաստանի կառավարիչն անվանեց մետաղի ջարդոն, Ուկրաինայում արդյունավետ աշխատում է. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով՝ բյուջեն, կոպիտ ասած, պետության գրպանն է, որտեղից պետության կարիքների համար պետք է ծախսեր կատարել։ Հետևաբար՝ հարց է առաջանում, եթե իշխանություններն այսօր ասում են, որ բյուջեն այդքան լավ է, ինչո՞ւ է վիճակն այսքան վատ։

«Հայաստանի պատմության մեջ շատ քիչ է եղել, երբ հաջորդ տարվա բյուջեն ավելի քիչ է եղել, քան նախորդ տարվանը։ Եթե ամեն տարի այդպես «աննախադեպ» բյուջե են հաստատում, ինչո՞ւ են Հայաստանում աղքատության և ծայրահեղ աղքատության ցուցանիշներն ավելի վատը, քան 2018 թվականին էր։

Հայաստանի կառավարիչը մի թիվ է դնում, մյուս ավելի փոքր կառավարիչները բյուջեն համեմատում են 2012 կամ 2015 թվականի բյուջեի հետ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե 2024 թվականին պետական բյուջեով պաշտպանության ոլորտին հատկացված գումարով հնարավո՞ր է ապահովել երկրի անվտանգությունը։

Ըստ Երրորդ նախագահի, եթե կոնկրետ բյուջեով կարողանում են ավելի շատ սպառազինություն ձեռք բերել, ավելի շատ գումարներ ծախսել զինամթերքի, ամրաշինական, սպաների, զինվորների կենցաղը բարելավելու համար, ապա դա կարելի է համարել մեծ բյուջե։

Կարդացեք նաև

«Մենք այն փոքր բյուջեով ավելի շատ սպառազինություն էինք ձեռք բերում։

Մենք նախկինում ստանում էինք շատ մեծ ռազմատեխնիկական աջակցություն, այսինքն՝ մեզ անվճար զենք ու զինամթերք էին տալիս, որը Հայաստանի կառավարիչը համարեց մետաղի ջարդոն։ Այդ մետաղի ջարդոնը այսօր մեծ հաջողությամբ Ուկրաինայում աշխատում է»,- շեշտեց Սերժ Սարգսյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս