Այսօր կանգնած ենք Ադրբեջանի կողմից ոչ միայն Սյունիքը, այլ նաև Վայոց ձոր-Սյունիքը կտրելու վտանգի առաջ. Շիրազ Խաչատրյան

Հայաստանի Հանրապետության կառավարությունն օրերս նաև տեսանյութով էր ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Կառավարությունը մշակել և ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` որպես խաղաղության օրակարգի կարևոր մի մաս:

Թբիլիսիում տեղի ունեցած «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել էր.

«Հայաստանի հարավով և հյուսիսով անցնող երկաթուղիներն արդեն երեսուն տարի չեն գործում տարածաշրջանային առումով, չեն գործում նաև արևելքն արևմուտքին կապող բազմաթիվ ավտոճանապարհներ, մինչդեռ այդ ճանապարհների վերագործարկումը Կասպից ծովը Միջերկրականին կապող կարճ և արդյունավետ ուղի կդառնար՝ թե՛ երկաթուղային, թե՛ ավտոմոբիլային:

Նույն կերպ և այդ երկաթուղային և ավտոմոբիլային կոմունիկացիաները կարող են Ծոցը Սև ծովի, այդ թվում` վրացական նավահանգիստներին կապող արդյունավետ ճանապարհ դառնալ: Այս ծրագիրը հսկայական օգուտներ կբերի մեր տարածաշրջանի բոլոր երկրներին, և ես ցանկանում եմ Կառավարությունների, մասնավոր ներդրողների ուշադրությունը հրավիրել այս հնարավորության վրա»:

Կարդացեք նաև

Ըստ նախագծի՝ Հայաստանը պատրաստ է ճանապարհային ենթակառուցվածքների համար հայ-ադրբեջանական սահմանին 5 անցակետ ստեղծել՝ Կայանի, Սոթքի, Քարահունջի, Երասխի, Անգեղակոթի մոտ, ինչպես նաև 2 անցակետ Հայաստանի և Թուրքիայի սահմանին՝ Ախուրիկում և Մարգարայում:

Ինչ ռիսկեր է այս ամենը ենթադրում, 168.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը նախ նշեց.

«Նախքան սովորական անցակետերի ռիսկերը, պետք է հասկանանք՝ Խաղաղության պայմանագիր կոչվածը կնքվո՞ւմ է, թե՞ ոչ, արդյո՞ք դրա մեջ մտնում է անկլավների հարցը: Ռիսկերն ու վտանգները կարող են առաջանալ նոր տարածքների և «անկլավների» հանձնման խնդրով պայմանավորված: Այսինքն, հնարավոր է՝ անցակետերը ռիսկեր չպարունակեն և լինեն սովորական անցակետեր: Բայց, կրկնում եմ, եթե հատկապես Ոսկեպար, Վերին Ոսկեպար, Բաղանիս հատվածում այս գաղափարն իրագործվի, եթե ադրբեջանական կողմի ցանկությամբ վերադարձվեն Տավուշի գյուղերը, հենց այստեղ ենք լուրջ վտանգների բախվելու: Ընդ որում, ոչ միայն ճանապարհների վերահսկման առումով, ինչի մասին նախորդ անգամ խոսել ենք, որ Հայաստանն ինքն իր ձեռքով «ականապատում» է իր իսկ տարածքները, և Ադրբեջանը փաստացի բլոկադայի է ենթարկում Իրանից դեպի Վրաստան տանող գլխավոր մայրուղին, այլ եթե Ադրբեջանն արդեն դրանք համարի իր սեփական տարածքը, կարող է նոր ենթակառուցվածքներ կառուցել, ինչո՞ւ չէ, նաև՝ ռազմաբազա, ինչն անվտանգային նոր ռիսկեր է ստեղծելու: Այսինքն, մեր տարածքի խորքում կարող են այնպիսի  ենթակառուցվածքներ կառուցել, որ տասնամյակներ անվտանգության հետ կապված լուրջ վտանգներ ունենանք»:

Ինչ վերաբերում է ՀՀ-ին սպառնացող այս պահին առկա անվտանգային, ռազմական ռիսկերին, ի վերջո, ադրբեջանական օկուպացիայի տակ է ՀՀ 200 քկմ տարածք, որից մոտ 140 քկմ-ն 2021-2022 թվականների առաջխաղացումների և հարձակումների արդյունքում, Շիրազ Խաչատրյանն ասաց՝ Ադրբեջանը Գեղարքունիքի՝ Կութի հատվածում, առաջխաղացում են ապահովել ոչ միայն նրա համար, որ Ջերմուկից կամ Իշխանասարից հարձակման ծրագիր իրագործեն, այլ, ըստ նրա, Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսելու դեպքում, շատ արագ Իշխանասարից կփակի Մ2 մայրուղին:

«Երկրորդ, ինչու են իրենք խորացել Ալագյոլեր, Կութ, Վերին Շորժա հատվածում, քանի որ Վերին Շորժայի «գլխով» դեպի Սելիմի լեռնանցք    ճանապարհը շատ մոտ է, ինչն իրենց հատուկջոկատայինների ուժերով կարող են շատ հանգիստ փակել: Շատ մանրամասների մեջ չխորանանք, բայց մենք այսօր կանգնած ենք Ադրբեջանի կողմից ոչ միայն Սյունիքը, այլ նաև Վայոց ձոր-Սյունիքը կտրելու վտանգի առաջ: Այս մասին մենք մի առիթով խոսել ենք, երբ դեռ Արցախի դեմ «հակաահաբեկչական» գործողությունները չէին իրականացվել: Այս ժամանակ ես ասել եմ, որ Ադրբեջանի նպատակներից մեկը Քարվաճառի կամ Լաչինի ուղղություններից (հնարավոր են նաև այլ ուղղություններ) ռազմական ճանապարհով դեպի Նախիջևան կտրել-դուրս գալն է։ Դա դիտարկում ենք նրանց հարձակման պլանի համատեքստում (Սոթք-Սելիմի լեռնանցք, Ջերմուկի, Իշխանասարի ուղղություններ), սակայն ցանկացած պետություն, ինչպես ունի հարձակման, այնպես էլ պաշտպանության կազմակերպման պլան»,- շարունակել է փորձագետը՝ նկատելով, որ դժվար թե Ադրբեջանը փորձի Կապանով խնդիր լուծել: Մյուս կողմից, ըստ Շիրազ Խաչատրյանի, թուրք-ադրբեջանական տանդեմի առաջնային խնդիրը միջանցքի կամ թյուրքական ճանապարհի, ընդհանուր ուղիների բացումն է:

Հավելենք, որ 2021-ին Ալիևը հայտարարել էր, որ Քարվաճառի (Քելբաջար) և Քաշաթաղի (Լաչին) շրջաններում ռազմական ճանապարհների շինարարություն է իրականացվում, ճանապարհների ընդհանուր երկարությունը՝ մինչև 700 կմ: Նա նշել էր, որ ռազմավարական տեսանկյունից և իրենց սահմանների ամրապնդման տեսանկյունից այդ ճանապարհները շատ կարևոր են: 

Տեսանյութեր

Լրահոս