«ՀՀ-ն փաստացի այլևս գոյություն չի ունենա, իսկ «խաղաղության» գինը կլինի ՀՀ տարածքից մնացած ընդամենը 10.000 քկմ տարածքը». սահմանապահ Ոսկեպարի բնակիչներ
Նոյեմբերի 9-ին ընդառաջ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ հայտարարել էր, թե Հայաստանն Ադրբեջանին չի փոխանցել «8 ադրբեջանական գյուղ», որոնք, իբրև, դեռ «օկուպացված են»:
Ավելի վաղ Ալիևը նաև հայտարարել էր, թե «անկլավները» չհանձնելու դեպքում դրանք կվերցնի ուժով:
Իսկ ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի գյուղերի մասին հարցին, հայտարարել էր, որ բնակավայրերի հետ կապված իրավական խնդիրները լուծվելու են սահմանազատման գործընթացով:
«Մենք Տավուշի 4 գյուղերի հետ կապված խնդիր չենք տեսնում»,- ընդգծել էր Վահան Կոստանյանը:
ՀՀ ԱԳ փոխնախարարի կարծիքը, սակայն, չեն կիսում հենց այդ բնակավայրերի բնակիչները:
168.am-ն անցած մի քանի օրերին կապ է հաստատել ՀՀ իշխանությունների կողմից «անկլավ» ճանաչված հայկական գյուղերի ներկայացուցիչների հետ, ծանոթացել է այդ տարածքները թշնամուն հանձնելու հետևանքների վերաբերյալ նրանց տեսակետին:
Հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Ոսկեպար գյուղի բնակիչ Նվեր Բեգլարյանը 168.am-ի հետ զրույցում բացառեց որևէ տարածք Ադրբեջանին հանձնելու սցենարը՝ ընդգծելով, որ նախ, դրանք ադրբեջանական տարածքներ չեն, երկրորդն էլ՝ այդ «անկլավները», նրա խոսքով, սովետական համակարգի հետ եկել են ու վերացել՝ նույն այդ համակարգի փլուզմամբ:
Իսկ Ադրբեջանը, ըստ նրա, այս պահանջները ներկայացնում է ոչ նրա համար, որ տարածաշրջանում «խաղաղություն» հաստատվի ու ՀՀ-ն ապաշրջափակվի: Ընդհակառակը, նրա խոսքով, այսպիսով ավարտին կհասցվի Հայաստանի լիակատար շրջափակման Ադրբեջանի ծրագիրը:
«Ադրբեջանն ուզում է այս 8 գյուղերի միջոցով փակել Հայաստանի ճանապարհները դեպի Վրաստան: Վերին Ոսկեպարը ստանալու դեպքում այդ երկրի իշխանությունները կփակեն դեպի Բերդ գնացող ճանապարհը: Իսկ հարավում Տիգրանաշենից կփակի նաև դեպի Սյունիք գնացող ճանապարհը: Արցախից հետո մնալու ենք առանց Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Տավուշի, Լոռիի: Մնացածն էլ պարզապես կվերածվի պալիգոնի:
ՀՀ-ն փաստացի այլևս գոյություն չի ունենա: Իսկ «խաղաղության» գինը կլինի ՀՀ տարածքից մնացած ընդամենը 10.000 քկմ տարածքը: Մի՞թե այսքան ժամանակ դա պարզ չէ»,- վրդովմունք հայտնեց ոսկեպարցի մեր զրուցակիցը՝ վկայակոչելով Ադրբեջանի ղեկավարության կողմից շահարկվող «Արևմտյան Ադրբեջան» գաղափարը:
Նույն Ոսկեպար գյուղի մեկ այլ բնակիչ՝ Թաթուլ Սիրադեղյանը, հայտնեց, որ թեև Վերին ու Ներքին Ոսկեպարները ներկայում բնակեցված չեն, սակայն դրանք ռազմավարական մեծ նշանակություն ունեն Հայաստանի համար: Ադրբեջանը նույնպես, ըստ նրա, երբևէ չէր փորձի այդքան ջանասիրաբար իր ձեռքը վերցնել այդ տարածքները, եթե դրանք նրա համար նույնպես կարևոր չլինեին: Դրանից ելնելով էլ՝ նրա խոսքով, այդ տարածքները թշնամուն հանձնելու դեպքում տեղի հայ բնակչությունը շատ մեծ խնդիրների առջև կկանգնի:
«Այդ տարածքը գտնվում է հենց մեր գյուղի եզրագծի վրա: Իսկ սահմանից այդ բնակավայրերը գտնվում են մոտավորապես 4 կմ հեռավորության վրա: Դա նշանակում է՝ որպեսզի թուրքերը հասնեն այնտեղ՝ մեր տարածքից հավելյալ տարածք պիտի տրամադրվի իրենց: Իրենք անցնելու են Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհով: Կստացվի, որ կա՛մ մենք ենք իրենց «միջանցքով» անցնելու, կա՛մ իրենք մեր «միջանցքով»: Չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ իրավիճակ կարող է լինել, եթե թուրքերը գան ու լցվեն այստեղ»,- ասաց ոսկեպարցի Թաթուլ Սիրադեղյանը:
Այդ տարածքներում, ըստ մեր զրուցակցի, ժամանակին ադրբեջանցիներն ապրել են այն նույն սկզբունքով, ինչ մյուս գյուղերում: Հետևաբար՝ իրավական որևէ հիմք չունեն հայտարարելու, թե դրանք իրենց են պատկանել:
«Այն ժամանակ մահմեդական ցեղերին այստեղ բերել են որպես աշխատուժ ու մի փոքր տարածք են տրամադրել՝ որպես ժամանակավոր կացարան՝ անասունները պահելու համար: Հետո, դե պարզ է, Սովետի հաստատվելուց հետո արմատներ են գցել, տնավորվել են այստեղ, դարձրել են իրենց գյուղը: Բայց իրավական առումով իրենց որևէ տարածք էլ չի պատկանում: Միակ բանը, որ իրենք կարող են վկայակոչել՝ այստեղ առկա գերեզմաններն են, որոնք հայերը չեն ոչնչացրել իրենց պես»,- հայտարարեց սահմանապահ գյուղի բնակիչը:
Այսօր ավելի վաղ ՀՀ կառավարությունը տարածել էր նաև, այսպես կոչված, «խաղաղության խաչմերուկի» նախագծով՝ հայ-ադրբեջանական սահմանին 5 անցակետերի քարտեզը: Հայտարարել էր, որ նախագծի առանցքային իմաստը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի ու Իրանի միջև կոմունիկացիաների զարգացումն է:
«Բաց սահմաններ, բացված ենթակառուցվածքներ, ակտիվ տնտեսական, քաղաքական և մշակութային կապեր. սրանք են այն պայմանները, որոնք անհրաժեշտ են մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար»,- ասվում է նախագիծը ներկայացնող տեսանյութում:
Այս նախագծի մասին ևս սահմանապահ գյուղի բնակիչներն իրենց հստակ տեսակետն ունեն:
«Սատանայի անունն ինչ էլ դնես՝ էությունը չի փոխվում: Դա ի՞նչ մի խաբեբայական անուն է: Ի՞նչ խաղաղություն թուրքի հետ: Թուրքը մեզ հետ երբեք խաղաղ չի ապրի: Ի՞նչ է ասում (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին։- Ն.Ս.)… ասում է՝ «ճիշտ է, մեզ հետ խաղաղության չեն գնում, բայց ես խաղաղության եմ գնում»: Ինչի խաղաղությունը միակողմանի լինո՞ւմ է»,- հարցադրում արեց Նվեր Բեգլարյանը` հավելելով, որ տեղի ունեցող գործընթացներն ընդամենը ռուս-թուրքական ծրագրի իրականացում են:
Մեր զրուցակիցը բարձրացրեց ևս մեկ կարևոր խնդիր: Նրա խոսքով՝ Ոսկեպար գյուղի սահմանային հատվածում առկա են չբնակեցված տներ, որոնց մի մասը սահմանազատման ու սահմանագծման շրջանակներում կարող են անցնել թշնամական կողմին:
«Եթե հանկարծ Կիրանցի կամրջից մինչև Բաղանիս թուրքերը նստեցին, ու Ոսկեպարն էլ, որպես կապող օղակ, հանեն, մնացած ճանապարհն ու տարածքներն իրենց ձեռքը կանցնի: Դա Տավուշի գրավման ծրագիր է: Եթե ճանապարհ չլինի, պատկերացնո՞ւմ եք՝ Երևանից ո՞նց եք հասնելու Բագրատաշեն, Վանաձորո՞վ: Ոսկեպարից հետո մինչև Վանաձոր ուրիշ գյուղ չկա: Վանաձորն էլ կվերցնեն: Դրանց էլ կանգնեցնել չի լինի: Այսպես շարունակվելու դեպքում, ցավոք, այդ օրն էլ կգա»,- վստահեցրեց ոսկեպարցի մեր զրուցակիցը:
Թաթուլ Սիրադեղյանը համոզմունք հայտնեց, որ տարածքները չհանձնելու համար պետք է ունենալ ազգանվեր իշխանություն ու դիվանագետներ, որոնք ջանք չեն խնայի հայանպաստ հանգուցալուծման հասնելու ուղղությամբ:
«Ես, որպես տեղում ապրող մարդ, մի ժամանակ նայում էի ադրբեջանական դիրքերին ու մի տեսակ հպարտության զգացողություն ունեի: Այնպես էր, ասես՝ մենք ենք ասողը: Հիմա էլ նայում եմ նույն պատուհաններից, բայց այդպիսի զգացողություն չունեմ: Էդ նշանակում է, որ ինչ-որ բան սխալ է ու պետք է ուղղել»,- ասաց նա՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակից հնարավոր է դուրս գալ միայն ազգային միասնականությամբ:
Ոսկեպարցի Նվեր Բեգլարյանի գնահատմամբ էլ՝ թշնամին շատ զգույշ ու կշռադատված է գործում. հաջողությամբ օկուպացրեց Արցախը, հիմա էլ, նրա խոսքով, դեռևս Տավուշի ուղղությամբ ակնհայտ քայլ չի անի, քանի դեռ չի գրավել Սյունիքը:
Միևնույն ժամանակ, ըստ սահմանապահ գյուղի բնակիչների, ադրբեջանական կողմը խոսելով, այսպես կոչված, «անկլավների» մասին՝ մոռանում է, որ շատ այլ տարածքներ էլ կան, որ իրենց վերահսկողության տակ են գտնվում ու դեռ չեն վերադարձվել Հայաստանին:
Նազելի Ստեփանյան