«Տատիկիս կենսաթոշակն են կտրել, իմ ընտանիքի, հայրիկիս ու եղբայրներիս 100.000-ական դրամները չեն տրամադրում». արցախցիների խնդիրները չեն պակասում

Արցախցի մեր հայրենակից Սուսաննա Բեգլարյանի ամուսինը Հադրութի Քյուրաթաղ գյուղից է: Դեռ 2020 թվականին այնտեղից ստիպված են եղել հեռանալ՝ կորցնելով նաև ամբողջ ունեցվածքը՝ տուն, տնամերձ ու մեքենա:

«Սեպտեմբերյան իրադարձություններից հետո մարդիկ գոնե պատկերացնում էին, թե ինչ կարող էր լինել: Բայց այնտեղի ժողովուրդը պատկերացում չի ունեցել, որ կարող է զրկվել իր ամբողջ տուն-տեղից: Հիմա ինքը մի հատ փոքր լուսանկար չունի, որ գոնե իր երեխային ցույց տա, թե ինչպես է եղել իր մանկությունը: Ոչինչ չի պահպանվել»,- պատմեց Սուսաննան:

Արցախցի մեր հայրենակիցը պատմեց, որ իրենք ամուսնացել են Հադրութը կորցնելուց հետո՝ 2021 թվականին: Այն ժամանակ որոշում էր կայացվել հադրութեցիներին և շուշեցիներին տրամադրելու 40.000-ական դրամ՝ տեղահանվելուց հետո տան վարձավճարները կատարելու համար: Իսկ որպես կորցրածի փոխհատուցում՝ ստացել են միայն միանվագ 300.000 դրամ: Հաշվի առնելով այն ժամանակ առկա ծանր իրավիճակը, որպես հադրութցու կին, ինքն էլ դիմել էր այդ 40 հազար դրամը ստանալու համար, սակայն չէին տրամադրել՝ պատճառաբանելով, որ Ստեփանակերտում բնակարան ունի:

Դրանից հետո երիտասարդ ընտանիքը տեղափոխվել էր Հայաստանի Հանրապետություն:

Կարդացեք նաև

Սեպտեմբերի 19-ին Արցախի հայկական վերահսկողության տակ մնացած հատվածի դեմ ադրբեջանական ԶՈՒ կիրառած ագրեսիայից հետո էլ կորցրել են նաև Ստեփանակերտի այդ բնակարանն ու ամբողջ ունեցվածքը:

«Հիմա արդեն Ստեփանակերտը չկա, թուրքերի ձեռքին է։ Ո՛չ տուն մնաց, ո՛չ տեղ։ Այս անգամ էլ դիմեցի 100.000 դրամի համար՝ ասացին, որ ծրագիրը նախատեսված է Արցախից վերջերս վերադարձածների համար։ Ես Փարաքարի՝ արցախցիների աջակցության կենտրոնում ասում եմ՝ մարդ է եղել, որ մի տարի առաջ է եկել այստեղ ու ստացել է այդ գումարը, իրենց քարտին նստել է, ո՞նց է էդպես եղել, ասացին, որ հետ է գանձվելու: Ասում եմ՝ եթե քարտից գումարն արդեն հանել են, ինչպե՞ս եք հետ գանձելու՝ ասաց, որ դիմեմ կառավարություն՝ գուցե հարցերիս պատասխանեն ու լուծում տան, իրենք չեն կարող օգնել»,- պատմեց արցախցի մեր հայրենակիցը:

Սուսաննայի հարազատները՝ տատիկը, հայրն ու եղբայրները, Հայաստան են եկել վերջին իրադարձություններից հետո: Այնտեղից էլ շատ բան չեն կարողացել վերցնել իրենց հետ: Ամեն բան մնացել է Ստեփանակերտում:

«Ի՞նչ կարող էին վերցնել, ինչը՝ թողնել: Մի քիչ շոր են մենակ հասցրել վերցնել, սպասք ու էլի ինչ-որ մանր ապրանքներ: Ամեն ինչ մնաց: Մեր ընտանիքն այնտեղ 3 տուն ուներ, մեծ ու փոքր օբյեկտներ, ամառային տարածք ենք ունեցել լողավազանով: Ամեն ինչից զրկվեցինք: Հիմա էլ Հայաստան են եկել, դիմել էին 100.000 հազար ու 40+10 հազար դրամները ստանալու համար, սակայն, մինչև այսօր որևէ գումար չի փոխանցվել իրենց: Թե մյուսների պես «մշակման փուլում է», թե այլ հարց կա՝ չեմ կարող ասել: Տատիկիս կենսաթոշակն էլ չի փոխանցվել: Մի հատ անհասկանալի իրավիճակ»,- ասաց Սուսաննան՝ հայտնելով, որ տատիկի անունով բնակարան կա Երևանում, հայրիկն ու երկու եղբայրները, սակայն, պետք է ստանային գումարները:

«Լավ, ասենք՝ տատիկին չի հասնում, բա մնացածի՞ն ինչու չեն փոխանցում գումարները: 300.000 դրամին մի հատ գումարեք 40+10: Դա բավականին գումար է անում: Չէ՞ որ մարդիկ պետք է ապրեն»,- ասաց արցախցի Սուսաննա Բեգլարյանը:

«Ամուսինս երաժիշտ է: Երբեմն առիթների ժամանակ նվագում էր՝ գումար վաստակում: Հիմա, սակայն, միջին աշխատավարձով այլ աշխատանք է կատարում: Մենակ այդ գումարով հիմա չենք կարող տան վարձ տալ, գիտեք, թե հատկապես վերջին շրջանում որքան են բարձրացել տան վարձերը: Շատ բարդ իրավիճակ է»,- վրդովված եզրափակեց արցախցի մեր հայրենակից Սուսաննա Բեգլարյանը:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս