Ադրբեջանում ՀՀ սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հայտարարությունները չեն դադարում. «Պաշտոնական Բաքվի դիրքորոշումը մնում է անփոփոխ»
Պատմական Վաշինգտոնյան գագաթնաժողովում ընդունված ուղերձներն ու որոշումները բոլորին քաջ հայտնի են, «ԱՊԱ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում կարևոր քայլեր են ձեռնարկվել։
«Դրա վառ օրինակն են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումները, ինչպես նաև պետական պաշտոնյաների միջև հանդիպումները։ Վաշինգտոնում ընդունված համատեղ հռչակագրում նույնպես նշվում է, որ գործընթացն ավարտին հասցնելու համար Հայաստանում պետք է ընդունվի նոր Սահմանադրություն։ Դրա ժամկետներն ու ժամանակացույցը Հայաստանի ներքին գործընթացն են։ Ընտրություններից հետո Հայաստանի վարչապետը նույնպես նոր հայտարարություններ է արել այն մասին, որ Սահմանադրության տեքստը տարեվերջին կներկայացվի հանրությանը»,-ընդգծել է նա։
Բայրամովը նշել է, որ ադրբեջանական կողմը հետևում է գործընթացին, իսկ պաշտոնական Բաքվի դիրքորոշումը մնում է անփոփոխ։

