Ադրբեջանը հսկայական աշխատանք է տարել՝ դեպի առաջնագիծ իր կոմունիկացիաներն ուժեղացնելու ու նաև քողարկելու ուղղությամբ. Աբրահամյան

«Ինքս տեղեկություններ չունեմ այն մասին, որ սահմանագծի տարբեր հատվածներում կան որոշակի վտանգավոր տեղաշարժեր կամ (ադրբեջանական.- Ն.Ս.) զորքի կենտրոնացումներ»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի ուղղությամբ հնարավոր հարձակման հավանականությանը:

«Կարծում եմ, որ հնարավոր ռազմական գործողությունների հետ կապված տարբեր տեղեկություններն ու փորձագիտական շրջանակների հայտարարություններն առավելապես պայմանավորված են Ադրբեջանի կողմից հնչող բավականին վտանգավոր ու կոշտ հայտարարություններով: Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով, մի քանի անգամ արդեն իսկ հայտարարել է, որ իր նպատակներին հասնելու ճանապարհին ուժի կիրառման հարցը պահում է օրակարգում, և սա է, որ մշտապես լարվածություն է պահում»,- ասաց Աբրահամյանը:

Միևնույն ժամանակ, ընդդիմադիր պատգամավորն ուշադրություն հրավիրեց ևս մեկ կարևոր հանգամանքի վրա՝ հատուկ անդրադառնալով սահմանագծին թշնամու հնարավոր շարժերին, կենտրոնացմանն ու վտանգավոր այլ տեղաշարժերին: Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանը վերջին տարիներին հսկայական աշխատանք է տարել՝ դեպի առաջնագիծ իր կոմունիկացիաներն ուժեղացնելու ու նաև քողարկելու ուղղությամբ:

«Այս պայմաններում, շատ ժամանակ հնարավոր չի լինում ամբողջությամբ կամ ողջ ծավալով ու դրա վտանգավորության չափով հասկանալու, թե կոնկրետ ուղղությամբ երբ ինչ կարող է տեղի ունենալ: Սա նշում են այն համատեքստում, որ եթե նույնիսկ այս պահին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն, ապա դա կարող է փոփոխվել՝ կես կամ մեկ օրվա ընթացքում, և 24 ժամվա ընթացքում ՀՀ անվտանգության տեսանկյունից դառնան խիստ սպառնալից»,- համոզմունք հայտնեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս