Երկրում, ցավոք, դեռ կան կոռուպցիոն դրսևորումներ. Անահիտ Ավանեսյան
Այսօր լրագրողներն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ ճեպազրույցում արձանագրեցին ՔՊ-ական որոշ պատգամավորների դժգոհությունն իր անձի շուրջ: Մասնավորապես, ավելի վաղ, պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ահազանգել էր առողջապահության ոլորտում առկա խնդիրների մասին՝ հայտնելով, որ բուժհաստատություններում քաղաքացիներից անօրինական գումարներ են պահանջում ու կտրոններ չեն տրամադրում:
Ի պատասխան՝ Ավանեսյանը հայտարարեց, որ իրենք մշտապես բաց են քննադատությունների համար:
«Ես շնորհակալ եմ իմ գործընկերներին, որոնք շատ ակտիվ ձևով նաև խորհրդարանական վերահսկողություն են իրականացնում և բարձրացնում են այն հարցերը, որոնք քաղաքացիներին հուզում են: Մենք մեզ հասած բողոքներով էլ, խորհրդարանի կողմից բարձրացված դեպքերով էլ, իրավապահ մարմինների հետ միասին, պիտի աշխատենք բացառելու նման դեպքերը»,- հայտարարեց ՀՀ Առողջապահության նախարարը:
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք սա նշանակում է, որ բուժհաստատություններում դեռևս կոռուպցիա կա՝ Ավանեսյանը ոչինչ չբացառեց:
«Ընդհանրապես երկրում, ցավոք սրտի, դեռ բացառված չէ կոռուպցիան: Կան նաև անպատշաճ վարքագծեր, որոնք պետք է ուղղվեն»,- հայտարարեց Ավանեսյանը:
Իսկ թե առաջիկայում հնարավո՞ր է՝ իր պաշտոնանկության հարցը բարձրացվի՝ հաշվի առնելով առողջապահության համակարգում առկա խնդիրները, Ավանեսյանը պատասխանեց՝ կոչ անելով համակարգի վիճակը չդիտարկել միայն մեկ տեսանկյունից:
Նա հավաստիացրեց, որ ներկայում ոլորտում ո՛չ միայն դրական, այլև «հեղափոխական համակարգային փոփոխություններ» են արվում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նազելի Ստեփանյան