Թող ՀԱՊԿ-ում մի հատ հետ նայեն և ասեն՝ իսկ իրենք ի՞նչ են արել, երբ Պրահայի հայտարարությունը դեռ չէր եղել. Ալեն Սիմոնյան
Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու որոշում չունի։
«ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում մենք չենք կայացրել։ Այլ հարց է, թե ՀԱՊԿ-ն իրեն ինչպես է դիրքավորում։ Արդյո՞ք այն մի կառույց է, որը ստեղծվել է ինչ-որ գործողություն անելու համար այն դեպքում, երբ այդ կառույցի անդամներից մեկին ինչ-որ վտանգ է սպառնում, թե՞ ոչ։ Այդ հարցն ավելի շատ ուղղված է ՀԱՊԿ անդամ այլ երկրներին, որովհետև, օրինակ, երբ Հայաստանն էր ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, ՀԱՊԿ-ը գործողություն իրականացրեց կառույցի անդամ երկրներից մեկում։ Իսկ երբ Հայաստանի դեմ գործողություն իրականացվեց, և դա ընթացքի մեջ է, ՀԱՊԿ-ը սկսեց պատմել այն մասին, որ ինքը պատրաստ է ինչ-որ դիտորդներ ուղարկել, զորավարժություններ անել՝ չհստակեցնելով, թե որտեղ են այդ զորավարժություններն իրականացվելու»,- ասաց ԱԺ նախագահը։
Սիմոնյանն անդրադարձավ նաև ՀԱՊԿ անդամ որոշ երկրներից հնչող հայտարարություններին, թե իրենք պատրաստ էին դիտորդական առաքելություն ուղարկել, սակայն Հայաստանը դա չի ցանկացել:
«Երբ որ ՀԱՊԿ-ի գործընկերներն ասում են՝ «մենք պատրաստ էինք, դուք չուզեցիք»… իսկ որտե՞ղ էին իրենք պատրաստ, իրենք որտե՞ղ էին կանգնելու, որտե՞ղ էին այդ գործողություններն անելու, եթե իրենք միաժամանակ ասում էին, թե Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը չի խախտվել։ Ո՞նց չի խախտվել։ Ջերմուկի մոտ չի՞ խախտվել, մնացած տեղերում չի՞ խախտվել։ Այսինքն, եթե այդ սահմանն ամորֆ ինչ-որ բան է, ապա որտե՞ղ էր գալու այդ դիտորդական առաքելությունը և ի՞նչն էր դիտարկելու։ Այնպես որ, այդ աճպարարությունը, որ արվում է, մեզ համար ուղղակի անընդունելի է»,- ասաց Սիմոնյանը։
Ինչ վերաբերում է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի տեսակետին, որ ավելի ճիշտ կլինի՝ հայկական կողմը մասնակցի ՀԱՊԿ-ի նիստերին և այդ հարցերի մասին ուղիղ խոսի՝ Սիմոնյանն ասաց, որ իրենք դա արել են, ու դա չի աշխատել։
«Նախ՝ գնացել ենք, ասել ենք, նամակով դիմել ենք թե՛ ՀԱՊԿ-ին, թե՛ մեր դաշնակցին՝ կոնկրետ կետերը նշելով։ Բայց մենք տեսնում ենք, որ որևիցե գործողություն տեղի չի ունենում և նույնիսկ հնչում են արտահայտություններ, թե՝ ո՞նց եք պատկերացնում, որ ռուս, բելառուս, ղազախ զինվորները պետք է գային, կռի՞վ տային»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ ՀԱՊԿ-ի կողմից նույնիսկ քաղաքական գնահատական չի հնչել։
Անդրադառնալով «խաղաղության պայմանագրի» ուղղությամբ տարվող բանակցություններին՝ նա հայտարարեց, որ հիմնական 3 սկզբունքների մասով կա համաձայնություն: Նա հույս հայտնեց, որ առաջիկայում այն կկնքվի:
«Բայց կարևոր է, որպեսզի ժամկետների վրա չկենտրոնանանք, այնպիսի բան կնքենք, որ այն նորմալ գործի ու մեր երկրի ու տարածաշրջանի համար խաղաղություն բերի»,- ասաց Սիմոնյանը:
Սիմոնյանն անդրադարձավ նաև Փաշինյանի նշած անվստահության կետերին՝ հայտարարելով, որ անցած 3 տասնամյակների ընթացքում կողմերը բոլոր հարթակներում միմյանց «հարվածել են», ինչի արդյունքում էլ, ըստ նրա, անվստահություն է ձևավորվել: Այդուհանդերձ, նա համոզմունք հայտնեց, որ ցանկության դեպքում, պայմանագիրը կարող է կնքվել անգամ մինչև այդ տարվա վերջ: Դրա հավանականությունը, այդուհանդերձ, ԱԺ նախագահը փոքր համարեց:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նազելի Ստեփանյան