Ոչինչ անարդյունք չի մնում
Գիտնականն ու դռնապանը հայտնվում են հանդերձյալ աշխարհում և մոտենում դրախտի հսկայական, ահռելի դարպասներին: Այս գիտնականը, որ երկրային կյանքում միայն իր համար էր աշխատել, առաջ է ընկնում և փորձում հրելով բացել, բայց չի կարողանում, այնուհետև սկսում իր գիտելիքներով մտածել, վերլուծել, թե ինչպես կարող է գործել, սակայն բոլոր փորձերն ապարդյուն են անցնում: Այնուհետև մոտենում է դռնապանը և ասում.
– Աստվա՛ծ իմ, ողորմի՛ր և փրկի՛ր ինձ, իմ կյանքում բազմաթիվ մարդկանց առաջ այնքան շատ դռներ եմ բացել, բայց անկարող եմ բացել դրախտի դարպասներն իմ առջև:
Դարպասները դանդաղ բացվում են և տեսնում է մարդկանց մի մեծ բազմություն, որ հրելով դրանք բացում էին, և երկնքից ձայն է լսվում.
– Ում առջև միշտ դռներ ես բացել ու ներս թողել, այժմ էլ նրանք են եկել քեզ օգնելու, որ այս մեծ ու ծանր դարպասները քեզ համար բացվեն: Արդ, ներս մտիր և նրանց հավիտենական ուրախությանը միացիր:
Ուրիշների համար ի սրտե, անշահախնդիր կատարված յուրաքանչյուր բարի գործ իր հետ բերում է երկնային բարեխոսություն…
Հովհաննես Մանուկյան