Բաժիններ՝

Ուխտավորների հոգևոր ուրախությունը կրկնապատկվել էր

Այս տարի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը նշեց մայիսի 14-ին: Տոնական օրը համընկել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օրերից մեկի՝ սբ. Մովսես Գ Տաթևացի հայրապետի (1629-1632թթ.) մահվան հիշատակության օրվա հետ, ինչի առթիվ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի  բերվեց «Զորավոր» Ավետարանը:

Մինչև Ս. Պատարագի սկիզբը եկեղեցու հոգևոր դասը և մեծ թվով ուխտավորներ եկեղեցու արևելյան մուտքից հանդիսավոր թափորով դիմավորեցին «Զորավոր» Ավետարանը: Թափորը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, «Զորավոր» Ավետարանը բերելու հատուկ արարողակարգով, մուտք գործեց եկեղեցի, որտեղ և շարունակվեց արարողակարգը:

Տոնական Ս. Պատարագը մատուցեց Տեր Խորեն քահանա Պերթիզլյանը: Մինչև քարոզը Տեր Հայրը հոգևոր դասի և համայնքի անունից շնորհակալություն հայտնեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանին, ում հայրական օրհնությամբ հավատավոր հայորդիները տարվա մեջ մեկ անգամ իրենց խոնարհումն ու երկրպագությունն են բերում «Զորավոր» Ավետարանին: Քարոզին Տեր Խորենը մասնավորաբար ասաց.

«Այսօր զույգ առիթներ ունենք նշելու. Քրիստոսի համբարձումը, որ հրավիրում է մեզ հոգևոր արժեքներով ապրելու՝ իմանալով, որ մնայուն բնակության վայրը երկինքն է՝ վերին Երուսաղեմը և այնտեղ հասնելու համար պետք է քայլենք հաստատուն հավատքով և երկրորդ՝ մեր աչքի առաջ ունենք սրբակրոն անձի՝ սբ. Մովսես Տաթևացու օրինակը, որ ոչ միայն կոչում ուներ, այլև կոչումը արժևորելու և Քրիստոսի նմանողությամբ ապրելու կյանքի նշանաբան»:

Կարդացեք նաև

Ուխտի Սուրբ Պատարագի ավարտին Համբարձման տոնախմբությունը շարունակվեց. ներկաներին հաճելի անակնկալ մատուցեցին «Հայկական երիտասարդական ցանց»-ի պարող անդամները: Նրանք իրենց ազգագրական երգ ու պարով և խաղերով ուրախ ու տոնական մթնլորոտ ստեղծեցին: Երիտասարդների կազմակերպած խաղերը մեծ հետաքրքրություն առաջացրին ներկաների շրջանում: Բոլորը միացան տոնական միջոցառմանը, երգեցին, պարեցին և վայելեցին հայկական ավանդույթների գեղեցկությունը:

Ուխտավորները մինչև Երեկոյան ժամերգությունը հաղորդակից եղան «Զորավոր» Ավետարանի անսպառ զորությանը՝ հայցելով օրվա հիշատակելի սրբի՝ Մովսես Գ Տաթևացու բարեխոսությունը:

Ավետարանին հաղորդակից եղող յուրաքանչյուր քրիստոնյա այնտեղ գտնում է սրտի, հոգու և կյանքի փոփոխության կոչ, մերձավորին սիրելու և ծառայելու, սրբության և ներման կոչ։ Եկեղեցու հայրերից սբ. Հուստինոս Վկան ասել է. «Եկե՛ք և հաղորդվեցե՛ք անգերազանցելի և իր նմանը չունեցող իմաստությանը, սովորեցե՛ք Աստծու խոսքից, ճանաչեցե՛ք հավիտենական Թագավորին:

Աստծու խոսքն իր զորությամբ թափանցում է մեր հոգիների մեջ: Այս զորությունը մեզ չի դարձնում ո՛չ բանաստեղծ, ո՛չ իմաստուն, ո՛չ էլ անվանի հռետոր, այլ առաջնորդում է դեպի վեհ գաղափարեր. մեզ մահկանացուներիս, տանում է անմահության՝ այսրաշխարհից ուղեկցելով դեպի անդրաշխարհ»:

Կարինե Սուգիկյան

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031