Պատերազմ ու մահ՝ հայ ժողովրդին. ՔՊ-ի ճակատին սա է գրված. նրանք մահվան կուսակցություն են. Գագիկ Մինասյան

Բելառուսական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, և ինչպես հայտնում են ՀՀ Կառավարությունից, Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում նախատեսված ՀԱՊԿ խորհրդի նիստին, ապա հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն այդ իր որոշմանը։

ՌԴ նախագահ Պուտինի խոսնակ Պեսկովն էլ անդրադառնալով Փաշինյանի այդ որոշմանը՝ ափսոսանք է հայտնել՝ նշելով. «Մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր պետության ղեկավար կարող է սեփական միջոցառումներն ունենալ աշխատանքային գրաֆիկում և իր հանգամանքները: Մենք կարող ենք միայն ափսոսանք հայտնել, քանի որ նման հանդիպումները շատ լավ առիթ են կարծիքներ փոխանակելու, «ժամացույցները ճշգրտելու համար»»։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը, խոսելով Փաշինյանի՝ ՀԱՊԿ նիստին մասնակցելուց հրաժարվելու, ավելի վաղ էլ Բիշքեկ չմեկնելու պատճառների մասին, շեշտեց՝ Փաշինյանը հետևողականորեն գնում է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը փոխելու ճանապարհով, ինչի հետևանքով Հայաստանն արժանանալու է Ուկրաինայի ճակատագրին՝ դառնալով մարտադաշտ ռուսական և արևմտյան զորքերի բախման համար։

«2018 թվականին նրա իշխանության գալուց հետո էլ ակնհայտ էր, որ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը պետք է փոխվի, ինչի համար էլ տեղի ունեցավ գունավոր հեղափոխությունը, որը հենց այսպես է տեղի ունենում արտաքին քաղաքական վեկտոր փոխած բոլոր երկրներում»,- ասաց Մինասյանը։

Կարդացեք նաև

Քաղաքական գործչի խոսքով՝ թեև Նիկոլ Փաշինյանը և 2021 թվականի արտահերթ ընտրությունների նախընտական, և Կառավարության 2021-2026թթ. ծրագրերով՝ խոստացել է խորացնել հայ-ռուսական հարաբերությունները, այսօր իրականում իրագործում է այն ծրագիրը, որի համար էլ իշխանության է բերվել թուրք-ադրբեջանական տանդեմի օգնությամբ։

«Մենք պետք է ընդունենք, այն, ինչ տեղի է ունեցել, հենց գունավոր հեղափոխություն էր, իսկ գունավոր հեղափոխությունների առանցքը խաբեությունն է և պոպուլիզմը։ Իշխանության են գալիս մարդիկ, որ կատարեն ոչ թե իրենց խոստումները, այլ իրենց տերերի պատվերները»,- ասաց ՀՀԿ ԳՄ անդամը՝ շեշտելով, որ արտաքին քաղաքական վեկտորը դեպի Արևմուտք՝ ՆԱՏՕ-ական երկրներ, փոխելով, Հայաստանը կզրկվի ոչ միայն ունեցած միակ դաշնակից Ռուսաստանից, այլ նաև Իրանից։

«Այդ քայլը կործանարար է լինելու. մենք կմնանք միայնակ։ Ուկրաինան փորձեց դառնալ ՆԱՏՕ-ական երկիր, և տեսեք, թե ինչ վիճակում է… Հարգելի՛ ժողովուրդ, ՔՊ-ական, նիկոլական կուսակցությունը պատերազմի և մահվան կուսակցություն է։ «Պատերազմ ու մահ՝ հայ ժողովրդին». Այդ կուսակցության ճակատին դա է գրված, այն, ինչ բերել են հայ ժողովրդին այս 5 տարիների ընթացքում»,– ասաց Մինասյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս