Ահա և վերջ. Սաշա Կատվալյանն այլևս Տիգրան Ավինյանի խորհրդականը չէ
Վերջին շաբաթների ընթացքում անակնկալ կերպով սկանդալի կենտրոնում հայտնվեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, ապա Տիգրան Ավինյանի խորհրդական Սաշա Կատվալյանը:
Ինֆորմացիոն առիթն այն էր, որ իրավապահները բերման էին ենթարկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, ՔՊ-ական Արման Բարխուդարյանին, կոմունալ բաժնի պետ Աշոտ Խաչատրյանին, առևտրի բաժնի պետ Հրայր Արամյանին և կոմունալի աշխատակից Վան Հարությունյանին՝ գնումների գործընթացը ոչ պատշաճ կատարելու կասկածանքով:
Ըստ տեղեկությունների՝ կասկածյալների ցանկում է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Սաշա Կատվալյանը, որն այժմ զբաղեցնում է Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը:
Սաշա Կատվալյանի անվան՝ այս գործի շրջանակներում շրջանառումից հետո կրկին ակտիվացան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար աշխատելու ժամանակահատվածում նրա կողմից թաղապետարանում հաստատված կատարյալ տեռորի մասին լուրերը:
168.am-ին այնպիսի տեղեկություններ հասան Սաշա Կատվալյանի ու նրա պաշտոնավարման ժամանակաշրջանի գործունեության մասին, որ բանական մարդու ուղեղը կհրաժարվեր դրան հավատալ: Սակայն փաստերն ավելի քան խոսուն էին:
Նյութը հրապարակվելուց հետո տեղեկացանք, որ Սաշա Կատվալյանի՝ Քաղաքապետարանում պաշտոնավարման գլխին սև ամպեր են կուտակվում:
Պատճառը թե նրա հետ կապված՝ նոր երևան եկած հանգամանքներն էին, թե այն, որ Երևանի ավագանում ընտրությունների ժամանակ Սաշա Կատվալյանը ձայների տեսքով խոստումներ է տվել Տիգրան Ավինյանին, որոնք չի կարողացել կատարել:
Այնուամենայնիվ, Սաշա Կատվալյանի հետագա պաշտոնավարման հետ կապված տեղեկությունները ճշտելու համար 168.am-ը դիմեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամլո խոսնակ Հայկ Կոստանյանին: Վերջինս հաստատեց՝ այո՛, Սաշա Կատվալյանն այլևս Երևանի քաղաքապետի խորհրդականը չէ:
«Երևանի քաղաքապետի 4 խորհրդականներ՝ Սաշա Կատվալյանը, Սասուն Մկրտումյանը, Արամ Դանիելյանը և Սիրեկան Օհանյանը, չեն վերանշանակվել որպես Երևանի քաղաքապետի խորհրդականներ, քանի որ Երևանի քաղաքապետարանում վերադասավորումներ են տեղի ունենում: Չի բացառվում՝ այդ 4 անձանց մասով հետագայում լուծումներ գտնվեն»,- ասաց Հայկ Կոստանյանը:
Ինչպես արդեն հայտնի է, Սաշա Կատվալյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հերթական մտերիմն է, ով առանց պաշտոնի չէր մնացել: Եվ հիմա էլ, մեր տեղեկություններով, Սաշա Կատվալյանն իր գործունեությունը կշարունակի ոչ թե Երևանի քաղաքապետարանում, այլ Պաշտպանության նախարարությունում՝ որպես Սուրեն Պապիկյանի խորհրդական: