«102-րդ ռազմաբազայի դուրսբերումը նաև Թուրքիայի պահանջներից է եղել. նրան ձեռնտու չէ, որ հարևան երկրում տեղակայված լինի գերտերության ռազմաբազա». թուրքագետ
Նիկոլ Փաշինյանի Բիշքեկյան այցից հետո ՀՀ ներքաղաքական օրակարգում շարունակում են ակտիվ քննարկվել Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի վերաբերյալ հարցերը։ ՌԴ նախագահը Նիկոլ Փաշինյանի հետ առանձին հանդիպում ունենալուց հետո լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, որ եթե «Հայաստանը համարում է, որ իրեն ռուսական ռազմաբազա պետք չէ, Ռուսաստանը պատրաստ է այն դուրս բերել նույնիսկ վաղը»։
Սակայն, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահի հետ 102-րդ ռազմաբազային անդրադարձ չի եղել, ավելին՝ նրա կարծիքով՝ այդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանում կենսական անհրաժեշտություն չէ, եթե ՌԴ-ն որոշի դուրս բերել, ապա դեմ չեն լինի։
Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը, խոսելով հայ-թուրքական չկարգավորված հարաբերությունների և այդ համատեքստում 102-րդ ռազմաբազայի հնարավոր դուրսբերման մասին, նկատեց՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում Թուրքիայի պահանջներից մեկը եղել է հենց 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը։
«102-րդ ռազմաբազայի դուրսբերումը նաև Թուրքիայի պահանջներից է մշտապես եղել, սա Թուրքիայի շահերից չի բխում այն առումով, որ նրան ամենևին էլ ձեռնտու չէ, որ հարևան երկրում տեղակայված լինի գերտերության ռազմաբազա։ Այս առումով կարծում եմ՝ Թուրքիան այդ հարցը բարձրացրել է հայկական կողմի մոտ, որ հարաբերությունների կարգավորման նախապայմաններից մեկը պետք է լինի ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մուշեղ Խուդավերդյանը։
Թուրքագետի կարծիքով՝ դժվար թե ռուսական ռազմաբազայի դուրսբերումը անվտանգային խնդիրներ ստեղծի ՀՀ-ի համար։ Այսօր երկու երկրներն այնպիսի բանակցությունների մեջ են, որ Թուրքիային ևս ձեռնտու է հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, սերտ առևտուր սկսել և այլն, սակայն մեկ պայմանով՝ եթե Ադրբեջանի հետ Հայաստանը կարգավորի հարաբերությունները։
«Կրկնում եմ՝ այսօր Թուրքիային առհասարակ ձեռնտու չէ, որ իր հարևանությամբ գտնվող երկրում՝ Հայաստանում, իր հետ սահմանին տեղակայված լինի գերտերության ռազմաբազան։ Ռազմաբազան նաև իրականացնում է հետախուզական գործառույթներ, ինչը բնականաբար Թուրքիայի շահերից չի բխում»,– հավելեց Մուշեղ Խուդավերդյանը։
Ինչ վերաբերում է Բիշքեկում Պուտին-Էրդողան հանդիպմանը և հարցին՝ հնարավո՞ր է, որ 102-րդ ռազմաբազայի հարցը եղել է այդ հանդիպման օրակարգում, Մուշեղ Խուդավերդյանը պատասխանեց, որ փակ հանդիպման օրակարգը դժվար է մեկնաբանել, սակայն այսօր հայ-թուրքական հարաբերություններն այնպիսին են, որ Հայաստանն ու Թուրքիան ինքնուրույն մշակեն անվտանգության համակարգ։
«Սիրիայում էլ կար ռուսական ռազմակայան, դա չխանգարեց, որ պատերազմ լինի այնտեղ։ Կարծում եմ՝ այստեղ հիմնական խնդիրը ոչ թե այդ ռազմաբազան է, այլ երկու պետությունների միջև այնպիսի բանակցությունների վարումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, որ լինի անվտանգային լիարժեք միջավայր և որևէ ռազմակայանի անհրաժեշտություն չլինի»,- շեշտեց նա։
Հարցին՝ եթե Հայաստանի և Թուրքիայի միջև նման հարաբերություններ կան, ինչն է խանգարում բացել սահմանը թեկուզ երրորդ երկրների քաղաքացիների համար, որի վերաբերյալ մի քանի տարի առաջ եղավ հայտարարություն թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի կողմից, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Պատճառը մեկն է՝ Թուրքիան սպասում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լինի հարաբերությունների լիարժեք կարգավորում՝ ստորագրվեն համապատասխան փաստաթղթեր։ Միայն դրանից հետո է պատրաստ բացել սահմանը, կարծում եմ՝ քանի դեռ կողմերը չեն հասել այդ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, հայ-թուրքական սահմանը չի բացվելու։
Բայց դրանով հանդերձ՝ Հայաստանի ու Թուրքիայի միջև քայլեր արվում են՝ գործարար համաժողովներ են անցկացվում, զբոսաշրջային ոլորտում հանդիպումներ են տեղի ունենում, այսինքն՝ այդ շփումները կան։ Հայաստանը պետք է ձգտի ամեն կերպ ինքնուրույն կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ»,- ընդգծեց Մուշեղ Խուդավերդյանը։

