Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել է 4 ավտոմեքենա, կա 5 վիրավոր, 3-ը՝ անչափահաս
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում Սարալանջի պողոտայում բախվել են «Toyota bZ4X» մակնիշի և «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Rox» մակնիշի, վերջինն էլ՝ «Geely» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից 3-ը անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

