«Էդքան թաղապետերի հետ ենք աշխատել, բայց Սաշա Կատվալյանի նման անմարդկային թաղապետ չի եղել». Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի աշխատակիցներ
Մամուլն արդեն տեղեկացրել է, որ օրերս իրավապահները բերման են ենթարկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, ՔՊ-ական Արման Բարխուդարյանին, կոմունալ բաժնի պետ Աշոտ Խաչատրյանին, առևտրի բաժնի պետ Հրայր Արամյանին և կոմունալի աշխատակից Վան Հարությունյանին՝ գնումների գործընթացը ոչ պատշաճ կատարելու կասկածանքով:
Ըստ տեղեկությունների՝ կասկածյալների ցանկում է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Սաշա Կատվալյանը, որն այժմ զբաղեցնում է Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կատվալյանը նշել էր, որ կապ չունի այդ ամենի հետ, իրեն չեն կանչել հարցաքննության, և չնայած, որ Բարխուդարյանն իր ընկերն է, և ինքը խորհուրդներով նրան պարբերաբար օգնել է, դա ոչինչ չի ենթադրում:
Սաշա Կատվալյանի անվան՝ այս գործի շրջանակներում շրջանառումից հետո կրկին ակտիվացան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար աշխատելու ժամանակահատվածում նրա կողմից թաղապետարանում հաստատված կատարյալ տեռորի մասին լուրերը:
168.am-ը նախկինում արդեն իսկ անդրադարձել էր աշխատակիցների ահազանգին, սակայն, պարզվում է, այն, ինչի մասին մենք գրել ենք, Սաշա Կատվալյան թաղապետի պաշտոնավարման ոճի մասին, շատ մակերեսային է նկարագրել նրա գործունեության առանձնահատկությունները: Պաշտոնը ստանձնելուց հազիվ մեկ ամիս անց Սաշա Կատվալյանն արդեն հասցրել էր մոտ 40 մարդու ազատել աշխատանքից, և գործընթացը շարունակվել է:
«Ամեն օր աշխատանքի ենք գալիս՝ չիմանալով՝ հաջորդ օրը կրկին կգա՞նք, թե՞ արդեն ազատված կլինենք: Տարբեր բաժիններից՝ և կոմունալից, և քաղշինից, և եկամուտների ու առևտրի բաժնից, տեխնիկական սպասարկման բաժնից բավականին թվով աշխատողների է ազատել: Փոխարենը՝ թաղապետարանը լցրել է Դավիթաշենի թաղապետարանի անձնակազմով, ուր նախկինում նա աշխատել է»,- նշել էին մեր զրուցակիցները:
Ըստ նրանց՝ աշխատանքից ազատելիս ասվել է ընդամենը մեկ նախադասություն՝ մենք իրար հետ չենք կարող աշխատել:
Թաղապետարանը Երևանի քաղաքապետի գործող խորհրդական Սաշա Կատվալյանը, այսօր մեզ հասած տեղեկություններով, լցրել է յուրայիններով, այդ թվում՝ սկանդալի կիզակետում հայտնված յուրայիններով:
Այսպես, օրինակ, «Չափալախը ինֆորմացիայի փոխանցման միջոց է» ֆեյսբուքյան գրառումը կատարած ու կից ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի ծեծկռտուքից մի լուսանկար հրապարակած թիվ 85 մանկապարտեզի տնօրեն Լիլիթ Ավետիսյանը, ով ըստ էության բռնությունն արդարացրել էր ու պրոպագանդել, և ում աշխատանքից պահանջում էին ազատել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամները, Սաշա Կատվալյանի օրոք ու նրա հանձնարարականով նշանակվեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կրթության բաժնի գլխավոր մասնագետ:
Ի դեպ, ըստ նշված թաղապետարանի մեր աղբյուրների՝ Սաշա Կատվալյանի ձեռքով և կամքով աշխատանքից ազատվել էին կրթության բաժնի 8.5 տարվա պետ Լիանա Դավթյանը, գույքահարկի բաժնի պետ Աշոտ Մնացականյանը, ընդհանուր բաժնից Սոնա Գևորգյանը, իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ Նարինե Շահբազյանը, գույքահարկի բաժնի աշխատակից Ռիմա Վարդանյանը, մոտ 6 մանկապարտեզի տնօրեն, ինչպես նաև շախմատի դպրոցի տնօրեն Լևոն Բաբուջյանը:
«Լիլիթ Ավետիսյանը, բնականաբար, հույս ուներ նշանակվել կրթության բաժնի պետի ժ/պ, սակայն Սաշա Կատվալյանը բաժնի պետի ժ/պ նշանակեց «Սեբաստիա» մշակույթի կենտրոնի տնօրենին: Լիլիթ Ավետիսյանի հույսերը չարդարացան, ու նա խորապես վիրավորվեց իր կուսակցական ընկերոջից»,- ասաց մեր աղբյուրը:
Հետո նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության կարմիր և սև բերետավորների կողմից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում բռնություն կատարելուց հետո, ոստիկանների արարքները դատապարտող ֆեյսբուքյան գրառում կատարելուց հետո Սաշա Կատվալյանն ազատվեց աշխատանքից, բայց քանի որ Տիգրան Ավինյանի հետ ուներ մտերիմ հարաբերություններ, նշանակվեց նրա խորհրդական:
Մեր տեղեկություններով՝ իր՝ աշխատանքից ազատվելուց անմիջապես հետո կրթության բաժնի ժ/պ, նախկին պարուսույց Արթուր Եղոյանին նույնպես աշխատանքից ազատում են՝ մտածելով, որ ուրիշ թաղապետ կգա ու միևնույն է, կազատի նրան: Արթուր Եղոյանին ուղարկում են «Սեբաստիա» մշակութային կենտրոն՝ որպես տնօրեն: Սակայն Սաշա Կատվալյանին հաջողվում է իր փոխարեն թաղապետի պաշտոնում նշանակել տալ Արման Բարխուդարյանին, ու վերջինս սկանդալային տիկնոջը՝ Լիլիթ Ավետիսյանին, նշանակում է իր երազած պաշտոնին՝ կրթության բաժնի պետի ժ/պ:
«Այս տիկնոջը, իհարկե, մրցույթով կանցկացնեն ու կնշանակեն բաժնի պետ, որովհետև ինքը շատ լուրջ գործառույթներ է իրականացնում անձամբ Սաշա Կատվալյանի համար: Վերջինս, օրինակ, տեղյակ է՝ ինչ է կատարվում վարչական շրջանի մանկապարտեզներում, դպրոցներում կամ թաղապետարանի շենքում, տարբեր բաժիններում»,- ասաց մեր աղբյուրը:
Բացի դրանից, ըստ մեզ հասած տեղեկությունների, Սաշա Կատվալյանն իր պաշտոնավարման շրջանում աշխատանքից ազատում է սպորտի բաժնի մասնագետ, 15 տարվա աշխատող Ներսես Մանուչարյանին: Մեզ ասացին՝ Ներսես Մանուչարյանը մինչև հիմա չի կարողանում աշխատանք գտնել, իսկ նրան աշխատանքից ազատելը սոսկ Դավիթաշենի թաղապետարանից Սաշա Կատվալյանի հետ Մալաթիա-Սեբաստիա եկած փոխթաղապետ Անդրանիկ Ավետիսյանի, աշխատակազմի ղեկավար Վահան Գալստյանի կամքի արտահայտությունն էր: «Քայքայեցին թաղապետարանի ամբողջ աշխատակազմը: Գույքահարկի բաժինը հիմնովին գլխատեցին»,- ասացին Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանից:
«Սակայն ամենազարհուրելին Ընդհանուր բաժնի 1-ին կարգի մասնագետ Նարինե Մարալյանին ազատելն էր: Այդ կինը ոչ ոք չուներ, ոչ ամուսին, ոչ երեխաներ, ինքն էր ու իր աշխատավարձը, աղաչում էր, որ իրեն թաղապետարանում գոնե որևէ այլ աշխատանք առաջարկեին: Արհամարհական տոնով նրան ասացին՝ գնա՛, հավաքարա՛ր աշխատիր: Ինքը 20 տարի մեր թաղապետարանում էր աշխատում: Պատճառաբանեցին, թե նոր ծրագրերին չես տիրապետում, ու ազատեցին, և դա այն դեպքում, երբ այդ կինը 3-4 անգամ համայնքային ծառայողի քննություն էր հանձնել: Խնդրեց, որ գոնե վարչատնտեսական բաժնում տեղավորեն իրեն, չհամաձայնեցին, մինչդեռ այդ բաժնի մեր հին աշխատողներից մեկին հանեցին, այդ տեղում բերեցին, աշխատակազմի ղեկավար Վահան Գալստյանի հորը տեղավորեցին: Իսկ Նարինեի տեղում էլ նշանակեցին իր գործավարի քրոջը»,- ասաց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մեր աղբյուրը:
Վարչական շրջանի հնաբնակները նշում են՝ 20 տարբեր թաղապետերի հետ են աշխատել՝ լուսահոգի Վահան Զատիկյան, Դավիթ Օհանյան, Արտակ Ալեքսանյան, Դավիթ Կարապետյան, բայց Սաշա Կատվալյանի ու նրա աշխատակազմի նման անմարդկային ղեկավար կազմ չեն տեսել: