Վտանգված է մեր երկրի պարենային անվտանգությունը. Սարգիս Սեդրակյան
ՀՀ-ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ հացահատիկի արտահանման արգելքը ևս 6 ամսով երկարաձգվել է. որոշումն ընդունվել է գործադիրի վերջին նիստի ժամանակ։ Ըստ հիմնավորման՝ առաջարկվում է արգելել ցորենի, մեսլինի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի արտահանումը:
«Որոշումն ուղղված է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը։ Նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։ Որոշմամբ սահմանվող արգելքը չի տարածվելու Հայաստանի Հանրապետություն ներմուծված և «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների վրա»,- նշվում էր «Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» չզեկուցվող հարցի նախագծում:
Ռազմավարական ծրագրերի Քաղաքացիական համագործակցության ցանցի նախագահ, Ֆերմերային Շարժում ՀԿ նախագահ, ՄԱԿ-ի փորձագետ Սարգիս Սեդրակյանը կառավարության այս որոշումը համարում է կարևոր՝ շեշտելով.
«Վտանգված է մեր երկրի պարենային անվտանգությունը՝ մանավանդ բնակչության առաջնային սպառման պարենամթերքի մասով: Իրականում, մենք այսօր ունենք այդ պարենամթերքների առումով՝ ինքնաբավության շատ ցածր ցուցանիշներ, և չեմ պատկերացնում, թե ինչ կլինի մեզ հետ, եթե վաղը կամ մյուս օրը Հայաստանը հայտնվի պատերազմական կամ Արցախի վերջին ժամանակաշրջանի շրջափակման և սովամահության վիճակում, կամ, եթե նորից բռնկվի համաճարակ, և հարևան երկրները, կարանտինի պատճառով, փակեն սահմանները ու թույլ չտան դրսի երկրներից պարենամթերք ներմուծել Հայաստան»:
Սարգիս Սեդրակյանն ասվածը ներկայացրեց նաև թվերով՝ նկատելով, որ ըստ 2021թ. Հայաստանի Հանրապետության ազգային պարենային հաշվեկշռի (2022թ. ազգային պարենային հաշվեկշիռը Արմստատը դեռ չի հրապարակել)՝ առաջնահերթ անհրաժեշտ պարենամթերքների ինքնաբավության աստիճանը մեր երկրում հետևյալն է՝ ցորեն՝ 23,2 տոկոս, կարտոֆիլ՝ 111,7 տոկոս, բանջար-բոստանային մշակաբույսեր՝ 105,6 տոկոս, միրգ-հատապտուղ (բացի խաղողից)՝ 114,4 տոկոս, հատիկաընդեղենային մշակաբույսեր՝ 37,7 տոկոս, բուսական յուղ՝ 0,6 տոկոս, շաքար՝ 33,9 տոկոս, ձու՝ 98,8 տոկոս, կաթ՝ 87,7 տոկոս, տավարի միս՝ 92,2 տոկոս, խոզի միս՝ 53,2 տոկոս, ոչխարի և այծի միս՝ 100,4 տոկոս, թռչնի միս՝ 26,7 տոկոս, ձուկ՝ 143,7 տոկոս, խաղող՝ 106,7 տոկոս:
«Շատ մտահոգիչ են ցորենի, հատիկաընդեղենային մշակաբույսերի, բուսական յուղի, շաքարի, թռչնի մսի ցածր ցուցանիշները: 2021թ.՝ 2020թ. համեմատ, ինքնաբավության աստիճանը նվազել է՝ ցորեն՝ 1,2 տոկոս, հատիկաընդեղենային մշակաբույսեր՝ 0 տոկոս, բուսական յուղ՝ 0,3 տոկոս, շաքար՝ 4,1 տոկոս, ձու՝ 1,5 տոկոս, ոչխարի և այծի միս՝ 0 տոկոս, ձուկ՝ 4,7 տոկոս, խաղող՝ 1,3 տոկոս:
Պարենային անվտանգության տեսակետից, ամենահիմնական պարենամթերքը եղել և մնում է հացահատիկը: Ըստ ՄԱԿ-ի Պարենի Գյուղատնտեսական կազմակերպության տվյալների՝ 2022 թվականին ցորենի արտադրության համաշխարհային հսկաներն են Չինաստանը՝ 138 մլն տ (18 տոկոս), ԵՄ-ն՝ ընդհանուր 134,3 մլն տ (17 տոկոս), Հնդկաստանը՝ 103 մլն տ (13 տոկոս), Ռուսաստանը՝ 91 մլն տ (12 տոկոս), ԱՄՆ-ը ՝44,9 մլն տ (6 տոկոս):
Հացահատիկի համաշխարհային գները 2022թ. դեկտեմբերի 7-ի տվյալներով հետևյալն են՝ Արգենտինա` 397 ԱՄՆ դոլար/տ, ԱՄՆ 385 ԱՄՆ դոլար/տ, Կանադա՝ 371 ԱՄՆ դոլար/տ, Ավստրալիա՝ 367 ԱՄՆ դոլար/տ, ԵՄ՝ 332 ԱՄՆ դոլար/տ, Ռուսաստան՝ 316 ԱՄՆ դոլար/տ:
Ուկրաինա-Ռուսաստան պատերազմի հետևանքով Ուկրաինայում հացահատիկի բերքը նախորդ տարիներին կազմել է 33 մլն տ, իսկ 2022-2023թ.՝ 20 մլն տ, և դրանից կարողացել են արտահանել 42 տոկոսը (մինչև 11 մլն տ),- մանրամասնեց ՄԱԿ-ի փորձագետը և հավելեց,- Որպեսզի մեր երկրում պարենային անվտանգության վիճակը բարելավվի, առաջին հերթին անհրաժեշտ է, որ երկրում չլինեն չմշակված վարելահողեր, մինչդեռ այսօր Հայաստանի վարելահողերի կեսից ավելին (222 հազար հա-ից ավելի) չի մշակվում, դեգրադացվել և շարքից դուրս է եկել»:
Պարենային ապահովության համար մասնագետն անհրաժեշտ նախապայման համարեց նաև գյուղատնտեսության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների, մեքենասարքավորումներ, նյութատեխնիկական միջոցների, ճիշտ ագրոտեխնիկայի համալրումը, ինչպես նաև՝ պետության և միջազգային կազմակերպությունների կողմից հատկացված ֆինանսական միջոցների արդյունավետ և նպատակային ծախսումը:
«Եվ վերջապես, երկրի պարենային անվտանգության վիճակի կարգավորման համար պետք է վերականգնել գյուղատնտեսության նախարարությունը և այն համալրել ոլորտի գրագետ, խելացի և փորձառու մասնագետներով»,- ամփոփեց նա: