«Սա իշխանությունների պատասխանն է իմ ակտիվությանը». 1.5 ամիս անց դատարանից պահանջում են պատասխանատվության ենթարկել Սամվել Վարդանյանին
«Նիկոլ, դավաճան» բառակապակցության համար ձերբակալված, ապա ազատ արձակված քաղաքացի Սամվել Վարդանյանն այսօր տեղեկացել է՝ «ոստիկանությունն իրեն դատի է տվել»:
168.am-ի հետ զրույցում քաղաքացին որոշ մանրամասներ պատմեց.
«Նամակի մասին տեղեկացել եմ երեկ: Տանը չեմ եղել, մայրս է ասել, որ նամակ ունեմ ոստիկանությունից: Այսօր վերցրի՝ մեկ ժամ առաջ. ինձ դատի է տվել ՆԳՆ ոստիկանությունը՝ դատարանից պահանջելով ինձ ենթարկել վարչական պատասխանատվության ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար:
Խոսքը սեպտեմբերի 26-ի առավոտյան ակցիայի մասին է, երբ Արցախի դեպքերի հետ կապված՝ փակվում էին փողոցներ»:
Սամվել Վարդանյանը վստահ է՝ հիշյալ դեպքերից մեկ ու կես ամիս անց միայն իրավապահ համակարգի իր հանդեպ այս հետաքրքրությունն իշխանությունների պատասխանն է իր հանրային գործունեությանը:
«Սա պատասխան է՝ վախեցնելու, պայքարից հետ կանգնել դրդելու: Վստահ եմ՝ սա իշխանությունների պատասխանն է իմ ակտիվությանը, հանրային վայրերում իշխանության ներկայացուցիչներին ուղղված իմ քաղաքական գնահատականներին, ֆեյսբուքյան ակտիվությանը: Գաղտնիք չի, չէ՞, որ հիմա ֆեյսբուքապետություն է Հայաստանում,- նշեց նա, ապա սեպտեմբերի 26-ի իրադարձություններին վերադառնալով՝ հավելեց,- Զավեշտն այն է, որ ոստիկաններն ինձ վերցրել-տարել են ոչ թե փողոց փակելու ընթացքում, այլ կանգառի հարակից հատվածից»:
Սամվել Վարդանյանը նշեց, որ հետագա քայլերն իր համար կհստակեցնի փաստաբանի հետ խորհրդակցելուց հետո: