«Այսօր էլ տեսնեմ՝ գոռալու եմ». «Նիկոլ, դավաճան» բղաված քաղաքացի
«Նիկոլ, դավաճան» բղաված քաղաքացին՝ Սամվել Վարդանյանը, ով երեկ ձերբակալվել, ապա ազատ է արձակվել, շարունակում է պնդել, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է. քաղաքացին իր անփոփոխ դիրքորոշումը հայտնեց 168.am-ի հետ զրույցում՝ մանրամասնելով. «Այսօր էլ տեսնեմ՝ գոռալու եմ։ Դա իմ քաղաքացիական դիրքորոշման արտահայտչաձևն է, իմ քաղաքական գնահատականը նրանց գործունեությանը»:
Ի դեպ, Սամվել Վարդանյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ նրա հանդիպումներն ունեցել են նույն բովանդակությունը, և, որ մեր զրուցակիցն իշխանության հեռացման պահանջով գրեթե բոլոր ցույցերի ակտիվ մասնակից է:
Ըստ նրա՝ «իշխանությունների հեռացման» պահանջն իրագործելի կլինի, եթե լայն զանգվածներին կարողանան սթափեցնել:
«Առայժմ չի ստացվում։ Վստահ եմ՝ մարդկանց մեծամասնությունը կիսում է իմ գնահատականը, բայց վստահ չէ, որ գործողությունների դեպքում հաջողության կհասնի։ Ինքս, ցավոք, առայժմ չեմ պատկերացնում՝ ինչպես դա անել, բայց նաև հասկանում եմ, որ մեր դեմ հզոր ուժեր/կենտրոններ են աշխատում ու դա ոչ մի դեպքում չպետք է մոռանալ ու չպետք է նահանջել պայքարից»,- ամփոփեց Սամվել Վարդանյանը:
168.am-ն ավելի վաղ անդրադարձել էր Սամվել Վարդանյանի գրառմանը, որում նա խոսել էր միջադեպի և դրան հաջորդած իրողությունների մասին:
«Ուզում եմ գրել երեկվա մասին ավելի հանգիստ։ Ես գոռալու պահին հստակ պատկերացրել եմ՝ ինչ կարա լինի։ Ոստիկանությունում առաջին անգամ չէի։ Ովքեր չեն տեսել, քոմենթում լինքեր կդնեմ՝ это я летом շարքից։
Ընդամենը մի պահ ոստիկանությունում մտածեցի՝ վսյո՜, ընկա խոշորացույցի տակ, բայցև նույն վայրկյանին հիշեցի, որ ես վաղուց եմ խոշորացույցի տակ, օրինակ՝
- էն պահից, երբ մեր վարչական շրջանը հունվարի 28-ի հետ կապված միջոցառում ա կազմակերպում ու կռված/«կռված» տղերքի հրավիրում, ինձ՝ չէ))) էն դեպքում երբ սեպտեմբերի 28-ից նոյեմբերի 9-ը Արցախում եմ եղել։
- էն պահից, երբ ԵՊՀ Ամերիկագիտություն բաժնում, որտեղ մագիստրատուրա էի ու կիսատ թողեցի, հանդիպում ա լինում ԱՄՆ դեսպանի հետ, ու ես չեմ ներառվում՝ անգլերենի սինխրոն թարգմանիչ լինելով հանդերձ։
- էն պահից, երբ բաժնում ինչ-որ պարեկ իմ կամքին հակառակ իր Ipad-ով ինձ նկարում ու նույնականացնում ա։
Հա ֆեյքային գրոհներ էլ եմ պատկերացրել ու դեռ շա՜տ ավելի վատ բաներ, բայց իմ պայքարը միայն օնլայն չի,- նշել էր նա, ապա տեղեկացրել՝ միջադեպից հետո գործատուն հրաժարվել է համագործակցել իր հետ,- Քանի որ աշխատանքից ուշացել էի, եկա հասկանալու՝ շարունակո՞ւմ եմ աշխատել, թե՞ ոչ, քանի որ գործատուն «քաղաքականությամբ չզբաղվող» ա։ Գործատուն, երբ իմացավ՝ անմիջապես ագրեսիվացավ, շուրջ 40 րոպե բորբոքված խոսել ենք, ասեց, որ պետք ա ոտք չդնեի էլ հյուրանոց, որ սխալ եմ, ո՞նց եմ ընտրված նախագահին (բառացի եմ ցիտում) բան ասում և այլն։ Վերջում էլ թե բա՝ «կսպասեմ քո օբյեկտի դեմը տենց բան գոռաս, ես էլ յութուբով տենամ», դե ես էլ ասի, որ որտեղ պետք ա՝ գոռում եմ, յութուբում էլ կամ))
Ամենավերջում էլ ասում ա «սկի սահմանից եկածներն իրանց տենց չեն պահում»։ Ի՜նձ Կառլ, ինձ ա տենց բան ասում»:
Հիշեցնենք, որ երեկ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել էր՝ երիտասարդի են ձերբակալել վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ, դավաճան» անվանելու համար:
Ավելի ուշ, երբ քաղաքացին ազատ էր արձակվել, իրավապաշտպանը մանրամասնել էր. «Քաղաքացին ինձ պատմեց, որ միջադեպը տեղի է ունեցել Չարենց- Սայաթ-Նովա խաչմերուկին, այնտեղ ՔՊ-ի գրասենյակն է, պատահաբար քաղաքացին նկատել է և իր կարծիքն է հայտնել՝ ընդամենը դավաճան վանկարկելով, և միանգամից եկել են, տարել են, այդ պահին չտեղեկացնելով, թե ինչի համար են բերման ենթարկում: Նրան բերել են բաժին և 1.5 ժամ նրան պահելով՝ ազատ են արձակել»,- ասաց նա:
Իրավապաշտպանը հավելել էր՝ ազատ արձակման որոշում կա, որտեղ գրված է, որ քաղաքացուն բերման են ենթարկել սառը զենք կրելու կասկածով, և եթե քաղաքացին ցանկություն հայտնի, իրենք կբողոքարկեն այդ որոշումը:
«Այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր որ կարծում են՝ Փաշինյանը դավաճան է, ինչ է, իրենց գրպանում սառը զե՞նք պետք է ունենան, բնականաբար, դա եղել է պատրվակ քաղաքացուն ճնշելու, պարզելու, թե նա որ քաղաքական ուժին է հարում: Քաղաքացին որևէ քաղաքական ուժի չի հարում»,- ասել էր նա: