Այսպես շարունակվելու դեպքում վաղը կարող ենք պարզապես չունենալ պետություն. Հայկ Դերզյան
ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի գնահատմամբ՝ Ադրբեջանն Արցախը զավթելուց հետո նոր «երազանք» ունի, այն է՝ «Արևմտյան Ադրբեջանը»՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածքը:
«Մի քանի շաբաթ առաջ ներկայացվել էր նոր տեսանյութ, որտեղ լրագրողներն այցելել են Հայաստանի տարբեր համայնքներ, Երևան քաղաքի տարբեր հատվածներ և խոսում էին այն մասին, որ «հայերը ոչնչացրել են իրենց մզկիթները», խոսում էին այն մասին, որ Երևանն իրականում «Իրևան» է, որ դա «իրենց պատմական տարածքն» է, որ հայերը ոչնչացրել են տարբեր պատմամշակութային օբյեկտներ, հարցազրույցներ էին վերցնում հայերից, որոնց մի մասն ասում էր, որ այստեղ այսինչ բանն է եղել, այսինչ մզկիթն է եղել… իրենք ստեղծում ու իրենց ժողովրդին են հրամցնում «նոր երազանք», որ Արցախից հետո հաջորդը Երևանն է: Ասում են, որ ո՛չ միայն Արցախն է ձերը, այլև Երևանը, Սևանը, Գյումրին ու ամբողջ Հայաստանը»,- համոզմունք հայտնեց ՀՀԿ խորհրդի անդամը:
Հայկ Դերզյանն հատուկ ուշադրություն հրավիրեց փաստին, որ եթե նախկինում ՀՀ մայրաքաղաքը թշնամական երկրի հեռուստատեսությամբ հիշատակվում էր ճիշտ՝ Երևան ձևով, ապա հիմա «Իրևան» ադրբեջանական հորինվածքը մասսայական տարածում է գտնում ադրբեջանական մեդիադաշտում: Այդ նույն ժամանակ, ըստ բանախոսի, ՀՀ ներկա իշխանությունները հայ ժողովրդին զրկել են ո՛չ միայն հայրենիքից, այլև որևէ երազանքից՝ սպասարկելով այլոց երազանքները:
«Անվտանգային առումով ՀՀ իշխանությունների ներկայացուցիչները հիմա ասում են՝ դե, երևի Իրանը կօգնի, որպեսզի նոր պատերազմ չսկսվի: Մինչև դա ասում էին՝ դե, երևի Ռուսաստանը կօգնի, որ այնտեղ՝ Արցախում, նոր պատերազմ չսկսվի: Հետո, երբ Արևմտյան դիտորդները եկան, սկսեցին ասել՝ դե, Արևմուտքը կօգնի, որպեսզի նոր պատերազմ չլինի: Հետո ասեցին՝ չէ, ոնց որ Ադրբեջանը լուրջ էներգակիրներ է արտահանում դեպի Արևմուտք, Ռուսաստանի հետ ստրատեգիական գործընկեր է դարձել, Իրանի հետ, կարծես թե, պայմանավորվում է, ու այդ երկիրը միայն հայտարարություն է անում: Կարո՞ղ է՝ ԱՄՆ-ը գա մեզ օգնի: Ամերիկայից էլ որևէ ազդակ չի ստացվում: Այս իրավիճակում վտանգը բավականին իրատեսական է, որ վաղը դու կարող ես պարզապես չունենալ պետություն»,- ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը:
Հայկ Դերզյանը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա ղեկավարած քաղաքական ուժի ոչ գրագետ քաղաքականության արդյունքում Հայաստանը խնդիրների առջև է կանգնել՝ ինչպես իր ռազմավարական դաշնակցի, այնպես էլ՝ հարևան-բարեկամական երկիր Իրանի Իսլամական Հանրապետության ու մյուս գերերությունների հետ հարաբերություններում:
«Երբ միջազգային դիտորդները տեղակայվեցին ՀՀ սահմանին՝ Իրանի իշխանությունների կողմից շատ հստակ ազդակներ եղան այն մասին, որ իրենց համար անընդունելի է երրորդ ցանկացած երկրի ներկայությունն այդտեղ: Մենք հասկանում ենք, չէ՞, որ Արևմուտքի դիտորդներն այստեղ են ո՛չ միայն Հայաստանի հետ կապված ինչ-որ գործընթացներ դիտարկելու, այլև որոշակի հետախուզում իրականացնելու համար՝ նույն Իրանի հետ կապված: Իրանի հետ մենք խնդիրներ, իհարկե, ունեցանք:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, նա, երեխայաբար, միամտաբար, դավաճանաբար հայտարարում էր, թե՝ «Ռուսաստանի նախագահն ասում է, որ մենք խնդիրներ չունենք: Ես հիմնվում եմ նրա ասածի վրա»: Եթե հիմնվում ես ՌԴ նախագահի ասածի վրա ու խնդիր չունես, այդ դեպքում ի՞նչն է պատճառը, որ թե՛ այսօր Գրիգորյան Արմենը, թե՛ նրանից առաջ այլ պաշտոնյաներ չեն մասնակցում ՌԴ և ԱՊՀ հետ կապված տարատեսակ միջոցառումներին: Պարզ է, չէ՞, որ Ռուսաստանի հետ էլ են փչացրել հարաբերությունները»,- ասաց նա:
Դերզյանի խոսքով՝ հարաբերություններն օրինակելի չեն նաև արևմտյան երկրների կողմից վարվող ու այդ երկրների հետ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության առումով:
«Արևմուտքից, օրինակ, այսօր Գերմանիայի պաշտոնյաները հայտարարում են, որ իրենք ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախի հետ միասին: Այսինքն, թքում են ՍԵՊԱ-ի վրա, ազգային ինքնորոշման վրա, ամեն ինչի վրա: Չմոռանանք, որ Ադրբեջանն ահռելի մեծ էներգակիրներ է արտահանում դեպի Եվրոպա ու այդ թիվն ավելացնում է: Ըստ այդմ էլ՝ Եվրոպայի համար այդ երկիրը դարձել է շատ կարևոր պետություն: Հայտարարություններից զատ, ի՞նչ այլ ակնկալիքներ ունենք մենք համաշխարհային այնպիսի երկրներից, ինչպիսին Ֆրանսիան է»,- հարցադրում հնչեցրեց ՀՀԿ խորհրդի անդամը:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, Հայկ Դերզյանը հիշեցրեց, որ որոշ ժամանակ առաջ, դասընթացներ իրականացնելու նպատակով, ամերիկյան հրահանգիչների ՀՀ ժամանումը Ռուսաստանի կողմից բացասաբար ընդունվեց: Այս համատեքստում Դերզյանն արձանագրեց, որ մինչև 2018 թվականը ևս այդպիսի գործընթացներ եղել են, ու այն ժամանակ որևէ վեկտորի հետ աշխատելու պարագայում հակառակ կողմի դժգոհություն չի արձանագրվել:
«Ասեմ ավելին, երբ մենք մտանք ԵԱՏՄ, նույն ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր անուղղակի կապ ունեն նախագահի ապարատի հետ, շատ կոռեկտ ողջույն հղեցին ՀՀ իշխանություններին՝ հայտարարելով, որ ընկալում են ու ըմբռնումով են մոտենում տեղի ունեցող գործընթացին»,- հիշեցրեց Դերզյանը:
Խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ Ուկրաինա կատարած այցի մասին՝ նա ասաց, թե դա Հայաստանին տվեց այն, որ երկու օր անց այդ երկրի նախագահ Զելենսկին ողջունեց թշնամական Ադրբեջանի նախագահին՝ տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցում:
Նազելի Ստեփանյան