Արշակ Կարապետյանի ընտրության մասին Անդրանիկ Քոչարյանի մեսիջները և Աննա Հակոբյանի 2016 թվականի հոդվածը՝ «բուշլատով հաղթողներն ու կոստյումով դավաճանները»

Հոկտեմբերի 4-ին ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել էր քաղաքական պայքար սկսելու մասին՝ նշելով, որ դրան մղել է Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի շահերի դավաճանությունը և Հայաստանի գոյատևմանը սպառնացող վտանգը:

Իր տեսաուղերձում նա նշել էր, որ Պաշտպանության նախարարի պաշտոնից իրեն հեռացրել են, որովհետև չի կատարել թուրքական պահանջները՝ ուլտիմատումը, հրաման է տվել կրակ բացել հակառակորդի առաջխաղացման և ՀՀ տարածք ներխուժման դեպքում, Արցախ է գնացել և փորձել Արցախի պաշտպանությունը կազմակերպել, ինչպես նաև՝ համաձայն չի եղել Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ անվտանգության հետ կապված բոլոր մտադրություններին:

Վերջին միտքն Արշակ Կարապետյանը հոկտեմբերի 20-ին կրկնել էր նաև news.am-ի հետ զրույցում:

«Ազգային անվտանգության ապահովման հարցերում իմ տեսակետը երբեք չէր համընկնում Հայաստանի գործող իշխանությունների տեսակետի հետ այն պարզ պատճառով, որ նրանք, մեղմ ասած, կոմպետենտ չեն այս հարցում։ Նրանք չեն հասկանում, որ Ազգային անվտանգությունը համապարփակ հասկացություն է և բաղկացած է ռազմական, տնտեսական, էներգետիկ անվտանգությունից և այլն»,- շեշտել էր գեներալը:

Կարդացեք նաև

Իսկ նոյեմբերի 3-ին NEWS AM-ի հետ հարցազրույցում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել է, թե ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն ուժային կառույցի միշտ հակասական հայտարարություններով հանդես եկած ներկայացուցիչն է եղել, ուստի միակ պաշտոնյան է եղել, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով երկու անգամ է կանչվել:

«Եվ ինքը շատ անհանգստացած էր՝ երկրորդ անգամ ինչու կանչեցին, հանձնաժողովի նիստի ընթացքում ինքն անընդհատ փնտրում էր դրա պատճառները, թե ինչու են այդ հարցերը տալիս, նաև իր ընտանիքի հետ կապված ինչ-որ դրվագներ, տնտեսական գործունեության մասին է խոսքը: Մենք կանչել էինք ոչ թե Արշակ Կարապետյանին, այլ հետախուզության ղեկավարին, որը մեր առաջին հրավերի ընթացքում պետք է լիներ մաքսիմալ անկեղծ: Եվ հետագայում, երբ լսեցինք իր ենթակայության տակ գործած բրիգադի հրամանատարի ներկայացրած փաստերը, անմիջապես հարց առաջացավ, որ պետք է Արշակ Կարապետյանը պատասխանի լրացուցիչ հարցերի: Մենք կանչեցինք, և ինքը պատասխանեց, և մենք ներառել ենք այդ դրվագները, և պատահական չենք ներառել: Ընթերցողները շատ լավ հասկանում էին, որ մենք խնդիր ենք ունեցել հետախուզական ծառայության, նրա ուղղորդման և նրա գործունեության մեջ մինչ քառօրյա պատերազմի սկսելը»,- մանրամասնել է իշխանական պատգամավորը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանը գրավիչ պատասխան է տվել հարցին, թե Ապրիլյան պատերազմից հետո ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից Արշակ Կարապետյանին ազատելուց հետո ինչո՞ւ որոշեց նշանակել Մոսկվայում ռազմական կցորդ։

«Սերժ Սարգսյանի՝ 5 ժամից ավել հարցաքննության նյութը մեր զեկույցի մեջ ներառել ենք, դա պահպանված է: Եվ մի օր, երբ այդ պատասխանը հանրայնացվի, հստակ կլինի, թե պարոն Սարգսյանը ինչ հրաշալի պատասխան է տվել՝ Արշակ Կարապետյանի նշանակմանը վերաբերող»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը:

Թե ինչ պատասխան է տվել Սերժ Սարգսյանն Ապրիլյան պատերազմի Քննիչ հանձնաժողովում, գուցե իսկապես մի օր իմանանք: Բայց Արշակ Կարապետյանի՝ Ապրիլյան պատերազմում թույլ տված հետախուզական բացթողումներին և նրա՝ Մոսկվայում ռազմական կցորդ նշանակմանը Սերժ Սարգսյանն անդրադարձել էր նաև 2020 թվականի օգոստոսին լրագրողների հետ հանդիպմանը:

«Համենայն դեպս, հանցագործության որևէ դեպք ինձ հայտնի չէ: Եթե հայտնի լիներ հանցագործության որևէ դեպք, իհարկե, կլիներ նաև դատաքննություն, և այլն: Իսկ ո՞վ է ասել, որ թերացման համար պարտադիր պետք է մարդիկ դատապարտվեն: Էդպիսի հասկացողություն չկա: Թերացում նշանակում է՝ թերացում, թերացումը անդրադառնում է մարդու, ուրեմն, պաշտոնեական առաջխաղացմանը, իր ծառայության շարունակմանը և այլն: Ինչ վերաբերում է, թե ինչու Արշակ Կարապետյանը տևական ժամանակ հետո նշանակվեց Մոսկվայում որպես ռազմական կցորդ, ուղղակի ուզում եմ տեղյակ լինեք, որ ռազմական կցորդն իր կարգավիճակով բազմակի անգամ զիջում է հետախուզության վարչության պետի պաշտոնին: Իսկ ո՞վ է ասել՝ եթե մարդ ընդհանրապես պաշտոնից ազատվում է, նա ընդհանրապես պետք է գնա իրենց տուն: Մենք չունենք այդ շռայլությունը՝ բոլոր պաշտոններից ազատվածներին ուղարկել տուն: Եվ ես միշտ ցանկալի եմ համարում, եթե մարդուն պաշտոնից ազատում են, ապա ավելի ցածր պաշտոններում նրա գործունեությունը միշտ էլ պետք է ողջունելի լինի, իհարկե, եթե թերացումները այն աստիճանի չեն, որ կարող է նրանց պիտանելիության վրա ընդհանրապես խաչ քաշել: Բայց, կարծեմ, Արշակ Կարապետյանը հիմա ավելի բարձր պաշտոնի է: Հիմա մի կողմից՝ դուք ասում եք՝ թերացումներ, և չեմ կարծում՝ որևէ մեկը դրանում կասկածում է, մյուս կողմից էլ՝ պաշտոնի բարձրացում: Ինքներդ դատեք»,– նշել էր ՀՀ երրորդ նախագահը:

Ի դեպ, նոյեմբերի 3-ին NEWS AM-ի հետ հարցազրույցում դիտարկմանը՝ «Արշակ Կարապետյանին Դուք էլ եք պաշտոն տվել», Անդրանիկ Քոչարյանն արձագանքել է.

«Ես չեմ տվել: Էդ մարդը կցորդ լինելուց հետո կարողացել է օգտագործելով իր հմտությունները՝ վստահություն ներշնչել նոր ձևավորված իշխանության մոտ»:

Այս համատեքստում հիշեցնենք, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն Արշակ Կարապետյանին նշանակել էր իրեն խորհրդական, իսկ լրագրողների հետ զրույցում ասել է, թե որ արժանիքների համար և ով է առաջարկել:

«Ես եմ նշանակել և համոզված եմ, որ նա իր պարտականությունները կկատարի: Մենք պետք է մտածենք բարձրացված գլոբալ հարցերի պատասխանները գտնելու վերաբերյալ, իսկ եթե որևէ փուլում հարցեր կծագեն, այս կարգավիճակում նա ավելի մեծ պարտավորություն կունենա հարցերին կոնկրետ պատասխանելու»,- նշել է նա:

Փաշինանը նաև ասել էր, որ Ապրիլյան պատերազմի վերաբերյալ կարդացել է տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր, և այդ նյութերում ոչինչ չի գտել հետախուզական տվյալների բացակայության կամ պակասության մասին:

Իսկ 2019-ին «Առաջին լրատվական»-ի ձեռքի տակ էր հայտնվել Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում 2008 թվականին Երևանի կայազորի պետ եղած Արշակ Կարապետյանի նախաքննական ցուցմունքը, որտեղ նա նշել էր՝ «Սերժ Սարգսյանն առաջարկեց ստեղծել առանձին զինվորական վարչակազմ»: Ըստ էության, Մարտի 1-ի գործով Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդականի և ՀՀ պաշտպանության նախկին նախարարի ցուցմունքն իր դերակատարումն ունեցել էր, որ նա տեղ գտնի «թավշյա իշխանությունում կամ կառավարության մեջ»:

Նշենք, որ Արշակ Կարապետյանը 2021թ. օգոստոսի 3-ին էր ստանձնել ՀՀ պաշտպանության նախարարի պարտականությունները, իսկ ամիսներ անց՝ 2021 թվականի նոյեմբերի 15-ին, Փաշինյանը որոշել էր Կարապետյանին հեռացնել այս պաշտոնից՝ նոյեմբերյան մարտերի համատեքստում: 2 տարի անց Արշակ Կարապետյանն իր վարկածն է առաջ քաշում, բայց փաստեր պատրաստվում է ներկայացնել իշխանափոխությունից հետո:

Վերադառնանք Ապրիլյան հանձնաժողովում Արշակ Կարապետյանի հարցաքննություններին: Նա հարցաքննության էր հրավիրվել 2019-ի հոկտեմբերին և 2020 թվականի մայիսին:

2019 թվականի հոկտեմբերին Կարապետյանի հարցաքննությունից հետո Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում, մասնավորապես, ասել էր, որ «բոլոր նախադրյալները եղել են, որ հակառակորդը պատրաստվում է հարձակման»:

Հարցին՝ հարձակումն անակնկալ չի՞ եղել, Անդրանիկ Քոչարյանը պատասխանել էր.

«Այդ հարցի պատասխանն ամբողջությամբ չեմ կարող տալ, բայց այս պահի դրությամբ տպավորությունն այն է, որ հարձակման հետ կապված որոշակի օղակներ կարող էին լինել ավելի պատրաստված»։

Իսկ 2020 թվականի մայիսին տեղի ունեցած հարցաքննությունից հետո Արշակ Կարապետյանը խուսափել էր պատասխանել լրագրողների հարցին՝ 2016-ի ապրիլին ռազմական հետախուզությունը բացթողումներ ունեցե՞լ է, թե՞ ոչ:

Ի դեպ, 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո Աննա Հակոբյանը «Հայկական ժամանակում» հոդված էր հրապարակել՝ «Եկել է կոստյումներով դավաճանների հատուցման պահը. նոր իրականություն Հայաստանում» վերտառությամբ, որտեղ անդրադարձել էր քառօրյայից հետո Սերժ Սարգսյանի հրամանով բարձրաստիճան զինվորականների ազատումներին՝ Պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզբաբեկյան, Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյան, ԶՈՒ կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյան:

«Նախօրեին, օրինակ, շատ կոնկրետ պատասխան եղավ հարցերին, թե ինչու ապրիլի լույս 2-ի գիշերվանից առաջ հայկական բանակը պատշաճ չափով տեղեկացված չի եղել ծրագրվող հարձակման մասին, և դրա պատճառով ունեցել է կորուստներ, որոնցից կարող էր խուսափել: Աշխատանքից ազատվեց զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը»,- իր հոդվածում, մասնավորապես, գրել էր Աննա Հակոբյանը և հղում տալով «Կոմերսանտ»-ին՝ հավելել. «Արշակ Կարապետյանը հեռացվել է պաշտոնից իր ենթակաների հաշվեսխալների պատճառով, որոնք չէին կարողացել նախօրոք տեղեկացնել բարձրագույն ղեկավարությանը Ադրբեջանի կողմից շփման գծում ծանր սպառազինությունների տեղակայման մասին (մասնավորապես, TOC-1A հրանետ համակարգերի): Դրանց կիրառումից հետո հայ զինծառայողները լուրջ կորուստներ են կրել»:
Իսկ հոդվածն Աննա Հակոբյանն ավարտել էր այսպես.

«Այս պատերազմից հետո թևավոր խոսք է դարձել ազատամարտիկներից մեկի հետևյալ հորդորը. «Մենք բուշլատներով հաղթեցինք, հանկարծ կոստյումներով մեզ չդավաճանեք»: Իրականությունն այն է, որ կոստյումներով դավաճանությունները մինչև հիմա են կատարվել և կատարվել են ամեն օր, պետական բոլոր գերատեսչություններում, դա եղել է կյանքի ոճ, սովորական երևույթ: Հիմա պարզապես այդ դավաճանությունների համար պատասխան պահանջելու և «մեղքերի քավության» համար պատմական հնարավորություն է ստեղծվել»:

Արդյո՞ք Արշակ Կարապետյանը մտնում էր Աննա Հակոբյանի ասած՝ «կոստյումով դավաճանների» մեջ, չենք կարող ասել: Գուցե այդ պահին՝ այո, գուցե՝ ոչ: Իսկ գուցե Արշակ Կարապետյանին քավության նոխա՞զ է համարել նույնիսկ, ով գիտի:

Բայց ճակատագրի հեգնանքով կոստյումով հանդես եկող Արշակ Կարապետյանն ինքն է այսօր մեղադրում Նիկոլ Փաշինյանին դավաճանության մեջ՝ փաստերը թողնելով ապագային:

Ի դեպ, հետաքրքիր է նաև «Հայկական ժամանակի» խմբագիր-լրագրող Աննա Հակոբյանի կարծիքը՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ ովքե՞ր դավաճանեցին՝ «բուշլատով հաղթողնե՞րը», թե՞ կոստյումավորները:

Իսկ Անդրանիկ Քոչարյանը, ըստ էության, հերթական անգամ սլաքն ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ 2018-ի հեղափոխությունից հետո Ապրիլյան պատերազմի համատեքստում պաշտոնազրկված Արշակ Կարապետյանին ինքը չի նշանակել, այսինքն, ինքն այդ համապատասխան որոշման մեջ իր լուման չունի:

Ո՞վ գիտի՝ գուցե մի օր պարզվի, որ Անդրանիկ Քոչարյանը Փաշինյանի այլ նշանակումների հետ և՞ս համաձայն չի եղել: Իսկ այսօր դեռ հանդիսանում է Փաշինյանի խաղաղության օրակարգն առաջ տանողներից մեկը, գոնե հրապարակավ:

Տեսանյութեր

Լրահոս