Պուտի՞նն է մեղավոր, որ դաշտամկները վխտում են, մեղուները սատկում են, պետական բյուջեն մսխում են, բանկերը քերթում են քաղաքացուն. Աշոտ Հարությունյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Շիրակի մարզը մշտապես համարվել է հացի շտեմարան։ Ժամանակին ցորենի ցանքատարածքներն այստեղ եղել են 28000 հա։

  • Այսօր պետությունը, երբ տեսնում է՝ ցորենի հետ կապված ինչ է կատարվում, և ՌԴ-ում 2-րդ տարին անընդմեջ արտակարգ բարձր որակի մեծաքանակ բերք են ստանում, ասում են՝ լավ է, Ռուսաստանում շատ ցորեն կա։ Ես էլ արձագանքում եմ՝ ձե՞զ ինչ։ Դա տեսնելով, Արցախի օրինակը հաշվի առնելով՝ պետք է ամբողջ ամբարները ցորենով լցված լինեին ու ցորենի լավագույն տեսակները ներկրվեին Հայաստան։ Չի արվել։
  • Տնտեսվարողներին հորդորում եմ՝ հաշվի առնելով այսօր ՀՀ-ում ցորենի էժան գինը, ալյուրն էժանացնեն, որ ցամաք հացի գինն էժանանա։
  • Հայաստանում հացաթխման մեջ օգտագործվում է փափուկ ցորենը, իսկ կարծր ցորենը, որի արտահանումն արգելել է Ռուսաստանը, մեր երկրում մի հա չի արտադրվում։ Կարծր ցորենն իտալական մակարոնեղենի արտադրության մեջ է օգտագործվում։ Այդ առումով դրա արտահանման արգելքն ինձ չի անհանգստացնում։ Բայց եթե նայում ենք այն համատեքստում, որ Բելառուսի, Աբխազիայի կամ այլ երկրների համար կարծր ցորենի արտահանումը չի արգելվել, ես սա դիտարկում եմ ահազանգ։ Աստված մի արասցե, եթե Ռուսաստանը հանկարծ մեր իշխանությունների անհեռատես քաղաքականության արդյունքում արգելի փափուկ ցորենի ներկրումը Հայաստան։ Բարեկամի ձեռքը եթե չեն համբուրում, չեն էլ կտրում։ Քանի ուշ չէ, իրավիճակ փոխեք։ 
  • Արցախի կորստի հետևանքներն այսօր մտել է բոլորիս տները՝ բոլոր բացասական հետևանքներով։
  • Որ դաշտամկները վխտում են, որ ոլորտը համակարգող չկա, պետական աջակցություն չի լինում, պետական միջոցները մսխվում են պարգևավճարի վրա, Վլադիմիր Պուտի՞նն է մեղավոր։ Այո՛, Վլադիմիր Վլադիմիրովիչը մեղավոր է այնքան, որ մի ժամում հարցերը չի լուծում։ Հզորները ձեռքները պիտի խփեն սեղաններին ու վերջ տան կործանիչ մարդակեր քաղաքականությանը։ Երեխաներ են զոհվում։
  • Մենք ունեցել ենք մութ ու ցուրտ տարիներ, հաղթեցինք, որովհետև ազգը համախմբված էր։ Ովքեր հիշում են Արցախյան առաջին գոյամարտը, հիշում են, որ եկավ մի պահ, երբ ադրբեջանցի զինվորը Ստեփանակերտի շրջակայքում էր։ Այդ ժամանակ, հիշեք՝ ովքե՞ր էին գոռում՝ «սպիտակ թուրքեր», ու ո՞ւմ նկատի ունեին։ Բարեբախտաբար, մարդիկ գտնվեցին, որ հասկացան՝ ինչ է տեղի ունենում։ Ու գնաց բեկումը։ Ժամանակ առ ժամանակ այս տարածաշրջանում կաթսան եռում է։ Ու տեսեք՝ ով է այդ կաթսայի տակ կրակը վառողը, ու ով է այն վերցնում, դնում մի կողմ։
  • Երասխից մինչև Ամասիա կանգնած է ռուսական զինվորը և պահում է այդ սահմանը։ Այդ հատվածում մենք չունենք հայկական բանակի որևէ զինվոր։
  • Որպես պարենային անվտանգության բաղադրիչ՝ հացն այսօր մեզ համար մատչելի չէ։ Ես համաձայն եմ՝ կիսասոված լինենք, բայց ազգային դեմք ունենանք։

Կարդացեք նաև

  • Երբ շուկա մտավ թուրքական լոլիկը, ցածր ինքնարժեքով, մեր ջերմոցային լոլիկը դիմանալո՞ւ է այդ մրցակցությանը։ Սահմանը բացվելու դեպքում ջերմոցային ոչ մի մշակաբույս չի սպառվելու, բոլոր ֆերմերներն ու ջերմոցատերերը սնանկանալու են։
  • Սպանդանոցային մորթ անողներին խնդրում եմ ճանապարհ չփակել, բողոքի ցույց չանել ոչ մի տեղ։ Ձեր հարցը լուծող չի լինելու։ Ընդամենը 3-4 օր մորթ մի արեք։ Երևան ոչ մի կգ միս մի՛ բերեք… 3 օր թող Երևանը միս չուտի… Էդ ժամանակ բոլոր պաշտոնյաները, ՍԱՏՄ ներկայացուցիչները, սուպերմարկետների տերերը վազելով կգան գյուղ, ձեր ֆերմաներ։
  • Մարդիկ միլիոններ են ծախսում, այգիներ են տնկում, 5 տարի հետո բերքը նոր տեսնում են։ Էսօր մկնանման կրծողները վխտում են։ Ծառի տերևը որ կրծեցին, այգին չորանալու է։
  • Մեղու չկա ամբողջ Հայաստանով մեկ, սատկում են, մեղվափեթակները հանգում են… Անգամ Լոռիում, որ օրգանիկ հատված է, մեղուները հանգում են, ու ոչ ոք ոչինչ չի անում։
  • ՀՀ-ում առաջին անգամ 2022թ․ կարտոֆիլի բերքատվությունն իջել է 94.2 տոկոս։ Այսինքն՝ կարտոֆիլի գծով մենք ինքնաբավ չենք։ Հայաստան, չզարմանաք, 287 տոննա կարտոֆիլ է ներկրվել։
  • Նախկին իշխանությունների օրոք դիզվառելիքն էժան հասնում էր գյուղ, պարարտանյութը հասնում էր, բողոքում էին, բայց հիմա ոչ ոք ձայն չի հանում։ 
  • Բանկերը գերշահույթով են աշխատում, քերթում են քաղաքացուն… Բանկե՛ր, ինչի՞ եք լողացող տոկասադրույքները բարձրացրել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս