Վարչապետ կոչվածի հրահանգի առիթը արևմտյան դեսպաններին գրված իմ բաց նամակն է. Ավետիք Իշխանյանի գրառման փաստով հարուցված քրեական վարույթը, ՔԿ -ի մանիպուլյացիան և Ռուբեն Մելիքյանի պարզաբանումը
Երեկ հայտնի դարձավ, որ քրեական հետապնդում է հարուցվել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի նկատմամբ սեպտեմբերի 19-ին Արցախի ուղղությամբ Ադրբեջանի լայնածավալ հարձակման օրը նրա կատարած մի գրառման առիթով։
168.am-ը թեմայի շուրջ զրուցեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ։
-Ձեզ հրավիրե՞լ են Քննչական կոմիտե, մեղադրանքի էությունը բացատրե՞լ են: Ասե՞լ են՝ կոնկրետ ո՞ր միտքն են ձեր գրառման մեջ համարում խնդրահարույց:
-Երեկ մի անծանոթ հեռախոսահամարից զանգ ստացա, պարզվեց քննիչ է, ասաց, որ ինձ մեղադրանք է առաջադրվել։ Դրանից հետո ես զանգահարեցի իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանին և խնդրեցի լինել իմ պաշտպանը։ Արդեն մյուս մանրամասները իմացավ Ռուբենը։ Առայժմ հայտնի միայն , թե որ գրառման համար է գործ հարուցվել։ Այն վերաբերում է շուրջ 1,5 ամիս առաջ, սեպտեմբերի 19-ին կատարված գրառմանը։
-Մեղադրանքի շրջանակում հարցաքննվե՞լ եք, ընդունե՞լ եք մեղադրանքը, ի՞նչ խափանման միջոց է ընտրվել Ձեր նկատմամբ:
– Առայժմ հայտնի է միայն, որ ինձ առաջադրված է մեղադրանք, ըստ Քրեական օրենսգրքի 330 հոդվածի՝ «բռնության կոչ»։ Բնականաբար, ես ոչ մի սպառնալիքի դեպքում չեմ ընդունի այդ ծիծաղելի մեղադրանքը։ Խափանման միջոցի հարցը դեռ անհայտ է։
-Դուք Ձեր գրառումը խնդրահարույց համարո՞ւմ եք: Առհասարակ սա ի՞նչ համատեքստում եք դիտարկում՝ Ձեր խոսքը սահմանափակելու, քաղաքական հետապնդման ենթարկելու՞, թե՞ մեկ այլ միտում ունի Քննչական կոմիտեի կողմից վարույթ հարուցելը:
-Ես իմ հոդվածներում և այլ գրառումներում, շատ ավելի խիստ եմ արտահայտվել, վարչապետ կոչեցյալի և նրա ստրուկ-կամակատարների հասցեին, որը կատաղեցրել է այդ նույն վարչապետ կոչեցյալին։ Նշենք, որ այպես կոչված իրավապահ մարմինները ոչ թե գործում են անկախ, համաձայն օրենքի, այլ իրենց տեր՝ վարչապետ կոչեցյալի ցուցումներով։ Նրա կողմից ցուցումը, ինձ մեղադրանք առաջադրելու, իմ համոզմամբ, պայմանավորված է եղել իմ բաց նամակով՝ ուղղված արևմտյան երկրների դեսպաններին։
Մինչ նյութը պատրաստում էինք հրապարակման, տեղեկացանք, որ ՔԿ -ն, ի պատասխան Radar Armenia -ի հարցման` ասել էր, որ «Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշով իր կողմից առերևույթ բռնության հրապարակային կոչ անելու դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ, սակայն քննության այս փուլում Ավետիք Իշխանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ և բնականաբար մեղադրանք էլ ներկայացված չէ»։
168.am-ը դիմեց Ավետիք Իշխանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանին` պարզաբանելու համար ՔԿ պատասխանը։
Վերջինս նշեց` ՔԿ պարզաբանումը ֆորմալ բնույթ է կրում։
Քննչական կոմիտեն մի կողմից ընդունում է, որ առկա է քրեական վարույթ, մյուս կողմից ասում է` քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ որոշում չի կայացվել։
Ռուբեն Մելիքյանը նախ ասաց, որ Ավետիք Իշխանյանի հետ գրավոր է հաղորդակցվել, ով իրեն տեղեկացրել է, որ իրեն քննիչն է զանգահարել, ու դա փաստ է, և հայտնել մեղադրանք առաջադրված լինելու մասին։
-Խնդրեցի ստանձնել նրա պաշտպանությունը, որովհետև շատ մեղմ ասած` պատվաբեր է Ավետիք Իշխանյանին պաշտպանելը։ Համաձայնվեցի, անմիջապես զանգահարեցի քննիչին և անկեղծ ասած, մեղադրանքի վերաբերյալ քննիչի հետ չեմ զրուցել, որովհետև հիմք եմ ընդունել պարոն Իշխանյանի ասածը։ Քննիչն ասաց` առկա է քրեական վարույթ, ու Իշխանյանին ծանուցագիր կուղարկվի։ Բայց փաստն այն է, որ փաստը, որի առթիվ քրեական վարույթ է հարուցվել, Ավետիք Իշխանյանի գրառումն է, որը այս իշխանությունը համարել է քրեական վարույթ նախաձեռնելու հիմք։ Դա ՄԻԵԴ նախադեպային իրավունքով ուղիղ նշանակում է փաաստացի մեղադրանք։ Մենք սպասում ենք ծանուցագրի, ու դրան կարձագանքենք։ Կրկնում եմ` ֆորմալ առումով մեղադրանք կա թե՞ ոչ, կա փաստացի մեղադրանք։ Դա ակնհայտ է։ Միայն այն փաստը, որ առկա է քրեական վարույթ Ավետիք Իշխանյանի գրառման առնչությամբ, դա արդեն նշանակում է փաստացի մեղադրանք։ Հաճախ է լինում, որ ՔԿ -ն չարաշահում է իր այս հնարավորությունը, մարդկանց երկար ժամանակ կախված վիճակում է պահում, քրեական հետապնդում ֆորմալ առումով չի հարուցում, որպեսզի ժամկետները չհոսեն, բայց բան չի փոխվում, ու ամիսներ անց կարող է քրեական հետապնդում հարուցել։ Այսինքն` այն, որ ՔԿ -ն ասում է` քրեական հետապնդում հարուցված չէ, միայն առաջին հայացքից է դրական լուր։ Դա ամենևին այդպես չէ այն տեսանկյունից, որ հաճախ մարդու իրավունքներից է բխում, որ քրեական հետապնդումը շուտ հարուցվի, որ պաշտպանության հնարավորություն տրվի անձին։
Երեկ ես մի քննիչի հետ եմ զրուցել։ Փետրվար ամսից առկա էր մի գրառում, որի վերաբերյալ որևէ որոշում չէին կայացրել։ Եվ քննիչն ինձ երեկ տեղեկացրեց, որ փաստորեն նոյեմբեր ամսին հարուցվել է քրեական հետապնդում։ Եթե այն հարուցված լիներ փետրվարին, վաղուց վաղեմության ժամկետները անցած կլինեին, բայց փաստորեն հիմա են որոշել հարուցել, կարծում եմ, ապացուցողական որևէ գործողություն կատարած չլինելու պայմաններում։ Այնպես որ ՔԿ պարզաբանումը միայն ոչ մասնագետների համար կարող է հերքում թվալ։ Դա ամենևին հերքում չէր։