Իշխանությունը չի կարող իր քիթը խոթել որևէ կրոնական կազմակերպության ներքին կյանք․ Հովհաննես Իշխանյան
                                    «Սա բարբարոսություն է․ երբ կա քաղաքակրթություն, որը զարգացել է, բազում փորձությունների գնով՝ բարգավաճել և իր խաղաղ գոյակցությունն է իրականացնում, ու հայտնվում են բարբարոսներ, որոնք սկսում են իրենց ցանկությունները, քմահաճույքները և կանոնները պարտադրել, դասական բարբարոսություն է, որ 21-րդ դարում իր ձևակերպումն ունի այս մեթոդներով»,- 168․am-ի հետ զրույցում եկեղեցու շուրջ տեղի ունեցող գործընթացներին այսպես է արձագանքում հանրային գործիչ, վավերագրող և իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանը։
Հովհաննես Իշխանյանն այս համատեքստում իշխանական տարբեր դերակատարներին հիշեցնում է մարդու իրավունքների, խղճի ու կրոնի ազատության իրավունքի, մեր ներպետական օրենքների և Մայր Օրենքի՝ Սահմանադրության մասին։
«Իշխանությունը չի կարող իր քիթը խոթել որևէ կրոնական կազմակերպության ներքին կյանք, և դրա համար նաև ունենք քրեական հոդված՝ 209-րդ հոդվածը։ Վերջինս շեշտում է, որ ոչ ոք չի կարող խոչընդոտել եկեղեցու, կրոնական կազմակերպության օրինական գործունեությանը, իսկ ծանրացուցիչ հանգամանք է, եթե դա կատարվում է պետական պաշտոնյայի կողմից։ Այսինքն՝ նաև ծանրացուցիչ հանգամանք է այն, ինչ սրանք հիմա անում են։
Բայց դրան գումարած՝ մենք նաև ունենք գողության դեպք․ Հովաննավանքը պատկանում է եկեղեցուն, գիտենք՝ սեփականատերը եկեղեցին է, բայց այժմ, փաստորեն, եկել են, մտել են ու դուրս չեն գալիս։ Այսինքն՝ մենք, ուժային կառույցների հետևում թաքնվելով, կարող ենք գնալ ինչ-որ մեկի տուն մտնել ու հայտարարել, որ մերն է։
Հայաստանը գտնվում է բարբարոսական նվաճման մեջ, որտեղ ոչ թե մեր ստեղծած կանոնները, մեր համակեցության, մեր խաղաղ ներդաշնակ կյանքի կանոններն են գործում, այլ գործում է ինչ-որ խմբակի վայրենությունները»,- մանրամասնեց նա։
Ի դեպ, վերջերս Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, թե Հովհաննավանքը, ինչպես բազմաթիվ այլ հուշարձաններ, գտնվում են Կառավարության հաշվեկշռում, և, որ մի շարք եկեղեցիներ անհատույց օգտագործման են տրված Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն:
«Ես կարծում եմ, որ էնտեղ, որտեղ չկա հոգևոր կյանք, այլ կան ինտրիգներ, կան խարդավանքներ, ֆեյքերեցների թե երեցֆեյքերի խմբեր են գործում, մենք կարող ենք, կա բոլոր բարոյականը և իրավականն էլ, որ մենք այդ հուշարձանները կվերադարձնենք հանրությանը և տեր Արամին և նրա նման քահանաներին բոլոր ձևերով կաջակցենք, որ նրանք Հայաստանում վերականգնեն իրական հոգևոր կյանքը»,- ասել էր նա։
Նկատենք, սակայն, որ Հովհաննավանքը, ինչպես բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր, սեփականության իրավունքով պատկանում են Մայր Աթոռին: Ավելին՝ 2005 թ. փետրվարի 17-ին Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը որոշել էր անհատույց սեփականության իրավունքով ՀԱԵ-ին օտարել վերջինիս պատկանող վանքերի ու եկեղեցիների զբաղեցրած և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, որոնք մինչ այդ Մայր Աթոռին էին հանձնված անհատույց օգտագործման իրավունքով:
Հովհաննես Իշխանյանին խնդրեցինք անդրադառնալ այս հայտարարությանն ու դրա հետևանքներին՝ ԱԺ իշխանական մեծամասնության կողմից Փաշինյանի այս մոտեցումներին միս ու արյուն տալու հեռանկարին, այն է՝ օրենքի նախագիծ, գույքը խլելու հնարավոր փորձ և այլն։
«Ազգային ժողովի ստեղծման գաղափարը հետևյալ ծագումն ունի․ կային միապետներ, որոնց քմահաճույքներով ինչ ուզում՝ անում էին, մարդիկ ըմբոստացան, ասեցին՝ ո՛չ, մենք էլ ունենք իրավունք, մեր որոշումները կարևոր են, ու թագավորներից, միապետներից պահանջեցին, որպեսզի լինի Ազգային ժողովը, պառլամենտը։ Հենց դրա համար ստեղծվեց այդ կառույցը, որպեսզի այդ շերտերին ծառայի, շերտերի կարծիքը և ցանկությունը չնսեմացվի։ Այսօր մենք չունենք Ազգային ժողով, մենք ունենք միապետի, 1 անձի քմահաճույքն իրականացնող կառույց»,- նկատեց նա։
Թե ինչո՞ւ, օրինակ, ՀՀ-ում գործող միջազգային տարբեր ներկայացուցչությունները, դեսպանատները, որոնք նախկին իշխանությունների օրոք բավականին ակտիվ դիրքորոշումներով էին հանդես գալիս, այսօր նախընտրում են աչք փակել այս պրոցեսների վրա՝ մեր հաջորդ հարցին ի պատասխան էլ՝ հանրային գործիչը նշեց, որ դրանք նախևառաջ քաղաքական կառույցներ են և, ի վերջո, ծառայում են իրենց երկրի քաղաքական կուրսին։
«Դեսպանատներին ձեռք է տալիս այս անձը, այս անձը նրան ձեռք է տալիս, որովհետև, օրինակ, վարում է հակառուսական քաղաքականություն տարածաշրջանում։ Այդ դեսպանատների համար մարդու իրավունքները զուտ շանտաժի միջոց են, ինչպես, օրինակ, սրանց համար շանտաժի միջոց էր մարդու անձնական կյանքը բացահայտելը (օրինակ՝ Հովիկ Աղազարյանին ասացին՝ մանդատից հրաժարվի, թե չէ վատ կլինի քեզ համար, ու սկսեցին ինչ-որ սեռական կողմնորոշումը բացահայտել և այլն), և հիմա էլ նույնը Եվրոպան է։
Այդ կերպ էլ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը շանտաժի մեթոդ են․ այսինքն՝ դու Ռուսաստանի դեմ պայքարի, հակառակ դեպքում՝ մենք կասենք, որ դու ժողովրդավար չես, մարդու իրավունքները ոտնահարում ես։ Զուտ քաղաքական հաշվարկներ են»,- հավելեց նա։
Հանգուցալուծումը ինչպե՞ս եք պատկերացնում՝ մեր վերջին հարցին էլ Հովհաննես Ւշխանյանը արձագանքեց վստահեցմամբ, որ հանգուցալուծումը լինելու է քաղաքակրթության հաղթանակով։
«Այս պահին քաղաքակրթության հետևում են եկեղեցին, օրենքները։ Հանգուցալուծումը, միանշանակ, պետք է լինի եկեղեցու իրավունքների վերականգնումը։
Չմոռանանք նաև, որ այս գործողությունները պարտադրված իրականացվում են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, և, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրած այդ թղթով կա 8-րդ կետ, ու այդ 8-րդ կետով Նիկոլ Փաշինյանը պարտավորվել է, այսպես ասած, ծայրահեղականության դեմ պայքարել։
Նա պետք է Ալիևին ցույց տա, որ պայքարում է։ Իսկ Ալիևի համար ծայրահեղականներն ովքե՞ր են․ նրանք են, ովքեր ասում են, որ հայերը պետք է պաշտպանված լինեն։ Եկեղեցին ասում է, որ չե՛ք կարող ոչնչացնել Արցախի մշակութային ժառանգությունը, կազմակերպում է համաժողովներ, խոսում արցախցիների իրավունքների մասին»,- ամփոփեց Հովհաննես Իշխանյանը։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    