«Լևոն Մնացականյանի մասով կոնկրետ մի քանի անգամ ուղարկել եմ անհատականացված խնդրագրեր և դիմումներ». Անահիտ Մանասյան
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձավ նաև Բաքվի բանտերում գերու կարգավիճակով գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին, մասնավորապես, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, որի վերաբերյալ, մի քանի օր է՝ լուրեր են տարածվում, թե մահացել է: Մարդու իրավունքների պաշտպանն ասաց, թեև այդ հարցերը իր մանդատի շրջանակներում չեն, այդուհանդերձ իր լիազորությունների շրջանակներում խնդրով զբաղվում է։
«Ոչ միայն տեղեկությունների տարածման ժամանակահատվածում, այլ մինչև տեղեկությունների տարածումը, ես իմ հստակ տեսակետը, կոնկրետ արձանագրումներով, նաև մարդու իրավունքների խախտման հետ կապված մարդու իրավունքների դերակատարներին ուղարկում էի։ Այդ տեղեկությունն ի հայտ գալուց հետո ես անմիջապես դիմել եմ համապատասխան մարմիններին, միջազգային դերակատարներին։ Պիտի անկեղծ լինեմ՝ մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կազմակերպություններն այն տեղեկությունները, որոնք հետադարձ կապով ինձ հասցեագրել են, որակել են՝ որպես խորհրդապահական, և ես դա չեմ կարող այս պահին հրապարակել, քանի որ տեղեկատվության առաջնային աղբյուրը ես ինքս չեմ»,- նշեց Անահիտ Մանասյանը։
Հարցին՝ կարո՞ղ է մեկնաբանել լուրերը՝ Լևոն Մնացականյանի մահվան վերաբերյալ, Անահիտ Մանասյանը պատասխանեց.
«Նորից եմ ասում, ինքս ինձ համար՝ որպես ՄԻՊ, կարևորում եմ նաև ընտանիքի տեղեկացվածությունը և այդ նպատակով դիմել եմ համապատասխան մարմիններին, պարզապես այն տեղեկությունը, որն ինձ է փոխանցվել՝ խորհրդապահական է։ Եթե հիմա ես դրա վերաբերյալ խոսեմ, խախտելու եմ իմ գործունեության և այդ կազմակերպությունների աշխատելու սկզբունքները։
Լևոն Մնացականյանի մասով կոնկրետ մի քանի անգամ ուղարկել եմ անհատականացված խնդրագրեր և դիմումներ»,- նշեց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։