ՊՆ-ում 60 մլն դրամի չարաշահում ենք հայտնաբերել, 6 մարդ ձերբակալված է. Ռոմանոս Պետրոսյան
Պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ նախորդ տարի հարուցված վարույթները եղել են 77-ը, մասնավորապես՝ 2022 թվականի գործունեության արդյունքներով։
«77-ից 33-ն այս պահին քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում, 44-ը՝ համապատասխանաբար, Քննչական կոմիտեում։ Ծառայության արդյունավետությունը մատնանշելու համար կարող եմ մեկ դիտարկում անել նախորդ տարիների գործունեության հետ կապված։ 2023 թվականի 10 ամիսների գործունեության արդյունքում արդեն 65 քրեական վարույթներ ունենք նախաձեռնված, որի 40 տոկոսը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում և մնացած մասը՝ Քննչական կոմիտեում։ Վստահ եմ, որ բոլոր այն վարույթները, որոնք նախաձեռնվել են իրավահամակարգի մեր գործընկերների կողմից, կհասնեն իրենց տրամաբանական ավարտին»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ռոմանոս Պետրոսյանը։
Ըստ նրա, բոլոր այս քրեական վարույթներից երկու գործ արդեն դատարանում է, իսկ մնացածի մասով նախաքննությունը դեռևս շարունակվում է։
Հարցին՝ կարո՞ղ է ասել որևէ իշխանական գործչի, որը ՊՎԾ-ի բացահայտումների արդյունքում պատժվել է, Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց, որ բազմաթիվ պաշտոնյաներ, այդ թվում՝ բարձրաստիճան, ազատվել են իրենց լիազորություններից, աշխատանքից, տարբեր կարգավիճակներով ներգրավվել են ՊՎԾ-ի ուսումնասիրությունների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթներում և այս պահին սպասում են գործերը դատարան հասնելուն։
«Քանի դեռ դատարանի որոշումը չկա, մարդկանց մեղքը դատարանով ապացուցված չէ, ես կոռեկտ չեմ համարում այս կարգավիճակում հնչեցնելու անուններ, բայց օբյեկտիվ լրատվություն տարածող լրատվականներում կարող եք այդ անունները կարդալ։
ՊՆ-ում մի քանի մասով մեր վերահսկողական գործառույթները վարչապետի հանձնարարությամբ իրականացնում ենք պերմանենտ ռեժիմով, այսինքն՝ մենք անընդհատ ուղեկցում ենք այդ գործընթացները, այդ թվում՝ նաև որոշակի գնման գործընթացներ։
Երկու օր առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց յուղերի, քսայուղերի հետ կապված 60 մլն դրամի չարաշահման վերաբերյալ։ Կան 6 ձերբակալվածներ, այդ թվում՝ մասնավոր տնտեսվարող և զինվորականներ։ ՊՆ-ում գործընթացն այս պահին մի քանի ուղղությամբ շարունակվում է, որոնց մասին որևէ բան դեռ չեմ կարող ասել»,- շեշտեց Ռոմանոս Պետրոսյանը։
Ինչ վերաբերում է Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած ուսումնասիրություններին, ՊՎԾ պետն ասաց, որ շուրջ 600 մլն պետպատվերի միջոցներ վերականգնվել են պետական բյուջե։ Սրանք այն միջոցներն են, որոնք մասնավոր և պետական բուժհաստատություններին տրամադրվել են պետական բյուջեից՝ պետպատվերի շրջանակներում։