Մեղրիի փաշինյանական «Խաղաղության խաչմերուկը» Թուրանի ճանապարհն է. Վարուժան Գեղամյան
«Պրեսսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Կուլիսային բանակցությունների արդյունք էր Բերձորի, Սուսի, Աղավնոյի հանձնումը։ Կա նաև հասարակության համար արվող մակերեսային գործընթաց, որը ոչ մի կապ չունի իրական գործընթացների հետ։
- Ադրբեջանի մարտավարությունը պարզ տրամաբանության վրա է կառուցված։ Կա մեծ ռազմավարություն, որը գաղտնազերծեց Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն՝ ասելով, որ հիմա ճիշտ ժամանակն է Հայաստանից ստանալ ամեն ինչ։ Թուրքիայի և Ադրբեջանի մարտավարությունն այն է, որ նրանք ցանկացած եղանակով ուզում են ստանալ իրենց ստանալիքը ու դրանք ամրագրել որևէ փաստաթղթով։ Հիշենք, թե ինչպես Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանին ստիպեցին ստորագրել թուղթ։ Ճիշտ է, այն ոչ մի իրավական հիմք չունի, բայց ամեն դեպքում բազային հիմք է հետագայի համար։
- Ճիշտ նույն բանն անելու են անկլավների մասով։ Եթե ՀՀ դե ֆակտո իշխանությունը դրանք Ադրբեջանի մաս է ճանաչել, ուրեմն Ադրբեջանը կարող է բանակցային գործընթացում ասել՝ դուք ճանաչել եք, ընդ որում՝ միջնորդների ներկայությամբ, տվեք, հետո կբանակցենք։
- Եթե նույնիսկ փոխանակման տարբերակում ՀՀ-ն այդ տարածքները զիջի Ադրբեջանին, նա այդտեղ տեղակայելու է ռազմական հենակետեր, և ստանալու ենք մեր տարածքում ադրբեջանական նոր վերահսկողություն։ Պատկերացրեք՝ այդ դեպքում Վայոց ձոր և Զանգեզուր գնալու համար մենք անցնելու ենք ադրբեջանական հենակետերով։ Ադրբեջանը ոչ միայն ստանալու է հայկական հողերը, այլև Հայաստանը լիարժեք շրջափակելու հնարավորություն։ Սակայն Ադրբեջանը երբեք չի խոսել տարածքների փոխանակումների մասին։
- Եթե անգամ Արծվաշենը տան, այն մեզ ռազմավարական նոր բան չի տալիս Ադրբեջանի նկատմամբ։ Այնտեղ որևէ մեկը չի գնալու ապրի, ռազմական իմաստով այն հնարավոր չէ պահել, անվտանգային խնդիրները հնարավոր չի լինելու լուծել։
- Եթե Ադրբեջանը ստանա անկլավները, պահանջելու է դեպի այդ անկլավները գնացող ուղիներ։ Դրանք լինելու են միջանցքներ։
- Թուրքիայի պետական ռադիոհեռուստաընկերության՝ TRT հրապարակած քարտեզն է, որտեղ ներկայացվում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հիմնական իմաստը։ Դա ոչ թե տնտեսականն է, ոչ էլ տարածաշրջանում խաղաղությունը։ Դա «թյուրքական աշխարհի» միավորումն է, ինչպես որ վկայում է քարտեզի վերնագիրը։
Մուգ գույնով քարտեզում նշված են թյուրքախոս պետությունները, որոնց փորձում է միավորել Թուրքիան։
- Թուրքական պետությունը 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո աշխատում է Զանգեզուրի միջանցքի ուղղությամբ, վերջին ժամանակներում՝ գրեթե ամենօրյա ռեժիմով։ Այն անվանում են Թուրանի ճանապարհ։ Արցախի Հանրապետությունը չկա, այն օկուպացված է, մնում է ՀՀ Սյունիքի մարզի 40 կմ հատվածը, ինչպես իրենք են ասում, «այդ անիծյալ սեպը»։ Խոսքը Մեղրիի հովտի մասին է։ Զանգեզուրի միջանցքը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական նախագիծ է։ Սա, ի դեպ, հենց Էրդողանն է ասել։ Թուրքերն այդ ճանապարհների համար փորձելու են ստանալ հատուկ կարգավիճակ։ Եթե դա չստացվի, դիվանագիտական գործիքի փոխարեն՝ կփորձեն օգտագործել ռազմական գործիքը։
- Մեզ համար էական է Հյուսիս-Հարավ ճանապարհային նախագիծը։ Այն, բացի մեզնից, լիարժեք համապատասխանում է նաև Իրանի և Վրաստանի շահերին։ Մինչդեռ Հայաստանի իշխանությունը պետական բյուջեից 250 միլիոն դոլար գումար է ծախսում Թուրքիայի և Ադրբեջանի շահերը սպասարկող երկաթուղին կառուցելու համար։ Արդյունքում ՝ մինչև տարեվերջ պատրաստ կլինի թուրքական ճանապարհը, իսկ այ, մեզ համար կարևոր Հյուսիս-Հարավի կառուցումը հայտնի չէ՝ երբ կսկսվի, երբ կավարտվի։
- Հայկական պետությունն ի վիճակի չի լինելու կենսունակ լինել առանց Վայոց ձորի և Սյունիքի մարզերի։ Կդառնանք ֆորմալ պետություն։
- Հայաստանի այսօրվա տարածքը, իր ողջ խոցելիությամբ հանդերձ, շարունակում է լինել աշխարհաքաղաքական գործոն։
- Եթե թշնամին նպատակ ունի Սյունիքում ունենալ հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհ, որից հետո սկսվելու է Սյունիքի սողացող նվաճումը, նրա համար մեկ է՝ դա կստանա նոյեմբերի 9-ի փաստաթղթո՞վ, թե՞ այլ եղանակով։
- Մենք հիմա բոլորս հարկեր ենք վճարում, որպեսզի Ադրբեջանը մեր տարածքով ճանապարհ ունենա։
- 2020թ-ից հետո Թուրքիան և Ադրբեջանը ոչ միայն չեն պակասեցրել համատեղ զորավարժությունների քանակը, ինչը պահանջում էր խաղաղության պայմանագրի տրամաբանությունը, այլև ավելացրել են այն՝ տարեկան հասցնելով մինչև 20-ի։ Գնում է տարածքի լիարժեք ռազմականացման գործընթաց։ Իսկ Հայաստանը ոչ մի զորավարժություն չի անցկացրել։
- Որպեսզի իրականության մասին հարցեր չծագեն, այս իշխանությունները հասարակությունից թաքցնում են այն։ Դե ֆակտո իշխանությունները զբաղվում են միայն իշխանության անվտանգությամբ ու իրենց իշխանությունը պահելով։
- Ադրբեջանին ագրեսիայի համար ոչինչ չի խանգարում։ Մենք զորավարժություն չենք արել․ դա խանգարե՞լ է, որ Ադրբեջանը նվաճի Հայաստանի տարածքը։ Յուրաքանչյուր նոր զիջում կանաչ լույս է Ադրբեջանի համար։
- Մենք տեսանք, թե ՀՀ անձնագիր ունեցող 120 000 մարդ ինչպես մի օրում առանց հովանավորի բռնեց գաղթի ճամփան։
- Վերջին 1.5 տարում Թուրքիան ընդհանրապես չի խոսում «3+3» ձևաչափի մասին։ Փոխարենը՝ դրա մասին ակտիվորեն խոսում են Իրանն ու Ադրբեջանը։ Այս պետություններն Արևմուտքն ընկալում են՝ որպես բաց սպառնալիք։ Իսկ Թուրքիան, որքան էլ տարանջատվի, ընկալվում է՝ որպես Արևմուտքի ներկայացուցիչ։ Հայաստանի համար լավ է, որ Իրանն ու Ռուսաստանը համագործակցում են։ Բայց այնուամենայնիվ, «3+3» ձևաչափը մեռելածին նախագիծ է, ու բոլորը դա հասկանում են։
- Շատ բան կախված է ռուսական էլիտաների վերափոխումից։ Որքան շուտ տեսնեն թուրքական վտանգը, այնքան լավ մեզ համար։
Մանրամասները՝ տեսանյութում։