Ֆրանսիայից ձեռք բերված զենքերը դեր չեն կարող խաղալ ՀՀ պաշտպանության մակարդակի բարձրացման վրա. միջազգայնագետ
Հոկտեմբերի 22-ին ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել էր Ֆրանսիա, որտեղ հանդիպում էր ունեցել այդ երկրի Զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըքորնյուի հետ: Այցի շրջանակներում կողմերը ստորագրել են համաձայնագրեր՝ Հայաստանի կողմից ֆրանսիական զենք գնելու վերաբերյալ: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, հակաօդային պաշտպանության միջոցներին։
Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը 168.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ ՀՀ կողմից ՆԱՏՕ անդամ երկրի հետ կառույցի ստանդարտներին համապատասխան զենք գնելու համաձայնագրի ստորագրումը կարող է անուղղակի անդրադառնալ ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի ու Չինաստանի հետ հարաբերությունների վրա:
«Այստեղ, սակայն, մեկ այլ վտանգ կա: Նախ, այդ զինատեսակների սպասարկումը շատ թանկ արժե: Ու երբ այդպես «ուռա՜» գոռալով ու ծափահարություններով հայտնում են, որ Ֆրանսիայից ինչ-որ հակաօդային պաշտպանության համակարգեր են ներկրել, պետք է ասեն նաև, որ դրա հրթիռները հնարավոր է լինելու գնել միայն Ֆրանսիայից կամ ՆԱՏՕ անդամ երկրներից: Սա գործնականում լինելու է անհնար՝ հաշվի առնելով Ուկրաինայից ու Իսրայելից ներկայացված՝ այդ հրթիռների չափից դուրս մեծ պահանջարկը»,- պարզաբանեց միջազգայնագետը:
Մյուս կողմից, Գրիգոր Բալասանյանը համոզված է, որ այս զենքերի գնումը որևէ էական դեր չի կարող խաղալ Հայաստանի պաշտպանության մակարդակի բարձրացման վրա: Նրա խոսքով՝ այս հարցում ակնհայտ հակասություններ են առաջանալու ռուսական ու ՆԱՏՕ-ի ստանդարտներով հակաօդային պաշտպանության համակարգերը միասնական համակարգով կիրառելու հարցում:
«Խոսքը վերաբերում է F-300-ներին և «Մինստրալ»-ներին: Չեմ կարծում, որ սրա մասին չեն պատկերացնում ու չգիտեն ՀՀ ՊՆ պատասխանատուները: Ակնհայտ է, որ այդ զինատեսակները գնելու քաղաքական որոշում կա, ինչը Հայաստանին, վնասից բացի, որևէ օգուտ չի տալու»,- վստահեցրեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը:
Նազելի Ստեփանյան