Արցախի նախագահի վրա մահափորձ արած, ՀՀ նախագահի դեմ մահափորձ կազմակերպած տեռորիստը մարդու իրավունքների՞ց է խոսում. Աղասի Ենոքյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ամերիկաբնակ քաղաքագետ Աղասի Ենոքյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ժողովրդի ապատիան սարսափելի է։ Ժողովրդի մի մասն արտագաղթի ուղիներ է որոնում, այդ թվում՝ պատերազմող Ռուսաստան և Ուկրաինա։

  • Կարծում եմ՝ «Խաղաղության պայմանագիրը» պետք է լինի Մեղրիի միջանցքի մասին։ Ալիևը փակեց Արցախի հարցը, իսկ Նիկոլը չի էլ փորձում բացել այն։
  • Միջանցքն այնպիսի բան է, որ Ադրբեջանը պատերազմով չի կարող վերցնել։ Պետք է Նիկոլը տա, որ խնդիրներ չառաջանան։ Եթե հանձնեն անկլավները, դա լինելու է մշտական պատերազմի պայմանագիր։ Այնպես որ, սա կոչել «խաղաղության պայմանագիր»՝ մեծ ցինիզմ է։ Այնպես որ, դա ոչ թե «Խաղաղության պայմանագիր» է լինելու, այլ «Մշտական պատերազմի պայմանագիր»:
  • Զանգեզուրի միջանցքի լոբբիստը Ռուսաստանն է, որ ինքը դառնա միջանցքի մենեջերը։ Մեղրիով բոլորն են հետաքրքրված, բայց Մեղրիում ռուսներն են կանգնած։ Նրանք նախ լավ փող կաշխատեն, հետո կդառնան երկու Թուրքիաների միջև կապի մենեջերը։
  • Ցինիզմ է Հայաստանի ինքնիշխանությունից խոսելը։ Հայաստանն ամբողջովին գտնվում է Ռուսաստանի և Թուրքիայի ազդեցության տակ։ Ինչո՞ւ ես Գրանադայում թուղթ ստորագրում Ադրբեջանի օգտին առանց Ալիևի ճնշման։ Գիտե՞ք, ռուսների համար կարող է ձեռնտու լինել փաստաթուղթն արևմտյան հարթակում ստորագրելը, որովհետև այդ կերպ պատասխանատվությունն իր վրայից ընկնում է։ Ռուսաստանը Նիկոլին ասել է՝ տղա ջան, գնա Արևմուտքում ստորագրիր, հետո ես կասեմ՝ տեսա՞ք՝ Արևմուտքն ինչ արեց։ 
  • Արևմուտքը խնդիր ունի․ նա չի կարողանում ձևակերպել իր քաղաքական նպատակները Հայաստանի վերաբերյալ։ Կան ինչ-որ թեզեր, բայց կոնկրետ ձևակերպված քաղաքականություն չկա։ Արևմուտքը չի հասցրել քաղաքականություն մշակել Հայաստանի հետ կապված։
  • Ռուսաստանը Հայաստանից չի հեռանալու։ Պարզապես Ռուսաստանին ուկրաինական պատերազմում պետք էր հզոր թիկունք, ու նա մաս-մաս Թուրքիային վաճառեց Հայաստանը։
  • Հակառուսական տրամադրությունները Հայաստանում մի վայրկյանում կվերանան, երբ ՀՀ-ում իշխանություն փոխվի։ ՌԴ-ն կասի՝ Նիկոլն էր մեղավոր, որ մեր հարաբերությունները փչացան, հիմա կգա նոր ղեկավար, ու ամեն ինչ նորմալ կլինի։
  • Չպետք է Պուտինին հիմարի տեղ դնել ու մտածել, որ Ռուսաստանն իրեն այդպես է պահում Նիկոլի պատճառով։ Ո՛չ, նա ունի իր շահերը։ Ես Ռուսաստանին չեմ մեղադրում։
  • Հայաստանը՝ որպես պետական միավորում, իհարկե, կմնա, բայց սուվերենության ֆիկտիվ ատրիբուտներով։ Կդառնա այնպիսի պետություն, ինչպիսին Բութանն է կամ Կոսովոն, ՄԱԿ-ում կունենա իր տեղը, կքվեարկի այդ պահին իր շեֆը հանդիսացող պետության որոշումների օգտին, բայց այն սուվերենությունը, որը մենք ունեինք մինչև 2018թ., չի լինի․ պետությունը սմքում է։ Նիկոլ Փաշինյանի սկսած, այսպես կոչված, սուվերենության համար պայքարն անբարոյականություն է։
  • Տղա ջան, դու որ եկել ես՝ քեզ հանձնել են անկախ պետություն, այդ պետությունը 30 տարի անկախ է եղել, հիմա դու այդ անկախության համար վտանգներ ես ստեղծել ու ուզում ես անկախության համար պայքա՞ր սկսել:
  • Արևմուտքը միգուցե իմացել է 44-օրյա պատերազմի մասին, բայց որ մենք պիտի Շուշի հանձնենք, ու էնտեղ գա-կանգնի ռուսաթուրքական զորախումբ, կարծում եմ, չեն իմացել։
  • Հայաստանի պրոարևմտյան կուսակցությունները պարզապես ծիծաղելի են։ Այնպիսի ապիկար մարդիկ են դրանց ներկայացուցիչները, որ մարդիկ մտածում են՝ ավելի լավ է Արևմուտքի հետ գործ չունենալ։ Իսկ պրոարևմտյան ՀԿ-ները բոլորը Նիկոլի տակ են։

Կարդացեք նաև

  • Արցախի նախագահի վրա մահափորձ արած, ՀՀ նախագահի դեմ մահափորձ կազմակերպած տեռորիստը մարդու իրավունքների՞ց է խոսում… Սամվել Բաբայանը խաբկանքի մեջ է։ Սամվել Բաբայանին, կարծում եմ, ոչ թե Արևմուտքը, այլ Նիկոլ Փաշինյանն է փող տալիս։ 
  • Ես ԱՄՆ նախկին նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի հետ Ազգային-ժողովրդավարական Բևեռի (ԱԺԲ) խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի հանդիպման առնչությամբ հարցում եմ անելու մեր սենատորին, տեսնեմ՝ Բոլթոնն ի՞նչ էր խոսում այդ տեռորիստի հետ։
  • Ես էլ չեմ ուզում, որ Հայաստանը գտնվի Ռուսաստանի անվտանգային համակարգի մեջ, բայց Արամ Զավենի Սարգսյանը դրան ալտերնատիվ, այլընտրանք ունի՞։ Ես չունեմ։
  • Նիկոլի իշխանության ժամանակ փոխվել է այն, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակցից վերածվել է ռազմավարական մանրադրամի։
  • Եվրախորհրդարանում ելույթ ունեցողներին, որպես կանոն, ծափ են տալիս։ Դա պրոտոկոլ է։ Բեն Լադենն էլ ելույթ ունենար, ծափ էին տալու։
  • Իշխանական թեկնածու Ավինյանի՝ 9%-ով քաղաքապետ ընտրվելը ոչ թե ժողովրդավարության հաղթանակ է, այլ ընտրությունների մանիպուլյացիայի։
  • Հայաստանի քաղբանտարկյալների հարցում լուրջ ճնշում չկա։ Պետք է կազմվեին քաղբանտարկյալների ցուցակներ ու ճնշում լիներ բոլորի հարցով։
  • Ես համաձայն չեմ, որ հիմա Երրորդ համաշխարհային պատերազմն է, բայց քաղաքական ստանդարտների, քաղաքական համակարգերի լուրջ ցնցումներ տեղի են ունենում։
  • Թուրքիան այսօր Արևմուտքի գործիքը չէ։ Թուրքիան լուրջ պրոբլեմ է ստեղծել ՆԱՏՕ-ում։ Ողջ Արևմուտքը հակապաղեստինյան է, և այդ առումով Թուրքիայի դիրքորոշումը խնդիր է։ Արևմուտքը Թուրքիային փոխարինող է որոնում տարածաշրջանում։ Ադրբեջանը հստակ պրոիսրայելական է, Թուրքիան՝ պրոպաղեստինյան։ Պետություն որ լիներ, այս հակասությունից կօգտվեր ու կխաղար, բայց մեր իշխանությունը զբաղված է մանիպուլյացիաներով։ Դա կարող է լինել Ուկրաինան։ Արևմուտքը շատ լավ հասկանում է, որ ՌԴ-ի դեմ իր պատվարն այստեղ Ուկրաինան է։ 
  • Հայաստանում կոռուպցիան չի վերացել։ Անձերն են փոխվել։ 
  • Հայաստանը պետք է փորձի բոլոր տեսակի դիվանագիտական ձևաչափերն օգտագործել, այդ թվում՝ 3+3-ը։ 
  • Այո՛, կտրուկ նվազել է Փաշինյանի և ՔՊ-ի վարկանիշը, բայց ընդդիմության վարկանիշն էլ չի բարձրացել։ Եթե նոր խորհրդարանական ընտրություններ լինեն, վատ նորություն ունեմ, Նիկոլը կհաղթի։ Բայց Նիկոլը հարցեր ունի դեռ լուծելու, դրա համար էլ նրան այս Խորհրդարանը դեռ պետք է։ 
  • Քաղաքականության մեջ նոր դեմքերը պատից դուրս չեն գալիս։ «Սասնա ծռերի» տեռորիստներն ու Արամ Զավենի՞չն են նոր դեմքեր։ 
  • Ես չեմ կարծում, որ Հայաստանում իշխանությունն այլ ձևով է փոխվելու։ Նիկոլը հո ընտրություններո՞վ չեկավ իշխանության։ Փողոցի ճնշում է պետք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս