Պակիստանում ավտոմեքենա են պայթեցրել մզկիթի մոտ․ կա 21 զոհ և մոտ 80 վիրավոր
Պակիստանի հյուսիսարևմտյան շրջանում՝ ոստիկանական համալիրի հարևանությամբ գտնվող մզկիթի մոտ տեղի ունեցած ավտոմեքենայի պայթյունի հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել, ևս մոտ 80-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Ոստիկանությունն ու փրկարար ծառայությունները հայտնել են, որ զոհերի և վիրավորների թվում կան ոստիկաններ, որոնք պայթյունի պահին մզկիթում աղոթելիս են եղել։
Պայթյունը որոտացել է Խայբեր Փախտունխվա նահանգի Կոհատ շրջանում։ Նահանգի ոստիկանապետ Զուլֆիկար Համիդի փոխանցմամբ՝ նախնական տվյալներով հարձակվողը պայթուցիկով բեռնված մեքենան ուղղել է դեպի մզկիթը։
Դրան զուգահեռ՝ առնվազն յոթ զինված գրոհային փորձել է ներխուժել ոստիկանական համալիրի տարածք, ինչի հետևանքով փոխհրաձգություն է սկսվել նրանց և իրավապահների միջև։ Ոստիկանության տվյալներով՝ վեց հարձակվող սպանվել է։ Եվս մեկ մահապարտ ահաբեկիչ հարձակվել է մերձակայքում գտնվող հետախուզական գերատեսչության շենքի վրա։
Ոստիկանական համալիրում տեղակայված էին հակաահաբեկչական ստորաբաժանումներ, որոնք վերջին տարիներին հատուկ գործողություններ էին իրականացնում նահանգի տարբեր շրջաններում ապաստանած զինված խմբավորումների դեմ։
Հիվանդանոցների ներկայացուցիչների փոխանցմամբ՝ զոհվածների մեծ մասը ոստիկաններ են։ Փրկարարներն էլ հաստատել են, որ զոհերից ու վիրավորներից շատերը մզկիթ էին եկել աղոթելու նպատակով։
Պայթյունի հետևանքով փլուզվել են ոստիկանական համալիրի արտաքին պատն ու մզկիթի զգալի մասը։ Ականատեսները պատմել են, որ պայթյունի ձայնը լսվել է շատ հեռվից, ինչից անմիջապես հետո հրաձգություն է սկսվել: Տեղի բնակիչների խոսքով՝ բախումները շարունակվել են ևս մի քանի ժամ։
Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը դատապարտել է հարձակումն ու ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին՝ իշխանություններին հանձնարարելով արագացնել փրկարարական աշխատանքները։
Առայժմ որևէ խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։ Այնուամենայնիվ, հիմնական կասկածներն ուղղվում են պակիստանյան թալիբների՝ «Թեհրիք-ի-Թալիբան Պակիստան» (TTP) շարժման դեմ, որը վերջին տարիներին զգալիորեն ակտիվացրել է ոստիկանության և այլ ուժային կառույցների վրա հարձակումները։
Նախօրեին էլ հարևան Հանգու շրջանում ճամփեզրին տեղադրված ռումբի պայթյունից վեց զինծառայող էր զոհվել։ Նույն օրը կառավարական ուժերը հայտնել էին գրոհայինների դեմ իրականացված գործողությունների մասին, որոնց ընթացքում սպանվել էր ենթադրաբար TTP-ի հետ կապ ունեցող տասը անձ։
Պակիստանյան թալիբները անջատ են աֆղանական «Թալիբան» շարժումից, սակայն համարվում են վերջինիս դաշնակիցը։ Իսլամաբադը պարբերաբար մեղադրում է Աֆղանստանի իշխանություններին TTP-ի զինյալներին ապաստան տրամադրելու և անդրսահմանային հարձակումներին չխոչընդոտելու մեջ։ Քաբուլը կտրականապես հերքում է այս մեղադրանքները։
Երկու երկրների միջև հարաբերությունները շարունակում են լարված մնալ այն բանից հետո, երբ 2025 թվականին Պակիստանը հարվածներ հասցրեց Աֆղանստանի տարածքում գտնվող TTP-ի ենթադրյալ թաքստոցներին։ Դրան հետևեցին սահմանային բախումներ, և Թուրքիան ու Քաթարը փորձեցին հասնել հրադադարի։ Ավելի ուշ Չինաստանը բանակցություններ կազմակերպեց կողմերի միջև, սակայն համաձայնության գալ այդպես էլ չհաջողվեց։
Այս հարձակումը տեղի ունեցավ Պակիստանի և Աֆղանստանի միջև լարվածությունը թուլացնելուն ուղղված Թուրքիայի և Քաթարի նոր դիվանագիտական ջանքերի ֆոնին։

