ՔՊ-ական Էմմա Պալյանի՝ առաջին կուրսի ուսանող ամուսինը դասի չի գնում, որ կնոջը տանի-բերի

Երեկ Ազգային ժողովի (ԱԺ) ՔՊ-ական խմբակցության պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ, ապա պատգամավոր Կարեն Սարուխանյանի ԱԺ-ում օգնական, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի շնորհավորանքները որպես իր շեֆի շնորհավորանք հրապարակող Էմմա Պալյանը հայկական ինֆորմացիոն դաշտի «աստղն» էր, բնականաբար, ոչ թե դարակազմիկ օրենսդրական նախաձեռնության, այլ հերթական անգամ անհեթեթագույն մտքեր արտահայտելու առիթով:

«Իմ ամուսինը ԱԺ-ում գրանցված է որպես հասարակական հիմունքներով իմ օգնական: Նա մեկ դրամ անգամ չի վարձատրվում, դա անգամ աշխատանքային ստաժ չի համարվում: Իմ ամուսինը հասարակական հիմունքներով օգնական է գրանցված միայն այն պատճառով, որ ես մարզից ընտրված պատգամավոր, հաճախ եմ լինում Շիրակի մարզում և Գյումրիում, և երբ տեղափոխվում եմ Երևան, իմ ամուսինն է ինձ բերում ԱԺ: Որպեսզի շենքի դրսում չսպասի, դա իրեն հնարավորություն է տալիս մուտք գործել ԱԺ շենք և իմ աշխատասենյակում սպասել, մինչև ես աշխատանքս ավարտեմ և միասին վերադառնանք մարզ կամ այլ գործի: Դա էլ ոչ շատ հաճախ է լինում»,- ի պատասխան ԶԼՄ հրապարակումների՝ ասել է Էմմա Պալյանը:

Խնդիրն այն չէ, որ ընտանյոք հանդերձ ԱԺ-ում ճաշող ու եղբորն անգամ նույն ԱԺ-ում աշխատանքի տեղավորած պատգամավորի գիտակցության մեջ հասարակական հիմունքներով պատգամավորի օգնականի գործառույթն իրեն աշխատանքի տանել-բերելու ուղղագծի մեջ է տեղավորվում:

Խնդիրն անգամ այն չէ, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին դասեր տալու հանդգնություն ունեցող, ակնածանքի ու քրիստոնեական դաստիարակության հետ նվազագույն աղերս չունեցող այս ՔՊ-ական պատգամավորն իրեն արդարացնելու համար նման բան է հայտարարում:

Կարդացեք նաև

Խնդիրը նույնիսկ այն չէ, որ այսօր հայտնի դարձավ, որ ամուսնուն ԱԺ-ում ձևակերպելուց հետո, առաջ կամ զուգահեռ նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրիի անտառատնտեսություն» մասնաճյուղում՝ որպես անտառապետ, աշխատանքի է տեղավորել:

Խնդիրը նաև այն չէ, որ նախորդ տարվա Ջերմուկի սեպտեմբերյան ողբերգության օրերին, երբ արդեն սահմանին հարյուրավոր զոհեր կային, ԱԺ նիստերի դահլիճում Գեղամ Մանուկյանի ելույթի պահին քահ-քահ ծիծաղող Էմմա Պալյանը հիմնականում Երևանում է ապրում, որովհետև համենայնդեպս ԱԺ-ից, որպես մարզից ընտրված պատգամավոր, Երևանում տուն վարձելու համար 100 000 դրամ է ստանում: Այսինքն՝ Էմմա Պալյանի ամուսինն իրեն տանել-բերելու խնդիր չունի, բայց տանում-բերում է և բյուջեի վրա հավելյալ բեռ դառնում:

Խնդիրը մեկ այլ տեղում է:

168.am-ի տեղեկություններով՝ Էմմա Պալյանի՝ հասարակական հիմունքներով օգնական ամուսինը՝ Ալբերտ Մարտիրոսյանը, Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) մագիստրատուրայի «Կառավարում» բաժնի առաջին կուրսի ուսանող է՝ առկա ուսուցմամբ: Ի դեպ, կինը՝ Էմմա Պալյանը, նույնպես: ՇՊՀ-ից մեզ տեղեկացրին նաև, որ Էմմա Պալյանի ամուսինն առհասարակ դասի չի հաճախում, չնայած որ սովորում է առկա ուսուցմամբ բաժնում: Այսինքն՝ կա՛մ Էմմա Պալյանը ստում է, որ ամուսինն իրեն տանում-բերում է, բայց դա քիչ հավանական է, կա՛մ իսկապես նրա ամուսինը դասի չի հաճախում: Այս դեպքում հարց է առաջանում՝ ո՞ւմ տեղն է զբաղեցնում Ալբերտ Մարտիրոսյանը, կամ ո՞ւմ սիրուն աչքերի համար են ՇՊՀ-ում աչք փակում այն փաստի վրա, որ իրենք ունեն առհասարակ դասի չներկայացող ուսանող:

Ի դեպ, Գյումրիի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Էմմա Պալյանը նաև բավականին հաջողակ գործարար կին է: Վերջինս Գյումրիի՝ իր ծնողների բնակության վայրում՝ Անի թաղամասում, «Եվա» գրախանութի սեփականատերն է:

«Առևտուրը եռում է: Գյումրի ինչքան դպրոց ու հիմնարկ կա, թուղթ, գրիչ, այլ գրենական պիտույքներ այդ գրախանութից են գնում»,- ասաց մեր աղբյուրը:

Տեսանյութեր

Լրահոս