«Պարո՛ն Աջապահյան, հաճախ եկեղեցում մոմ վառեք և Աստծուց ներում հայցեք». Էմմա Պալյանը՝ Շիրակի թեմի առաջնորդին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանն այսօր ԱԺ ամբիոնից հերթական անգամ թիրախավորեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:

Պատճառը Միքայել Աջապահյանի պատասխանն է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե՝ «Եթե եկեղեցու հարաբերությունները Կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ»:

ՔՊ-ական պատգամավորին դուր չի եկել սրբազանի արձագանքը Փաշինյանի այս հայտարարությանը, կամ գուցե հենց Նիկոլ Փաշինյանին դուր չէր եկել, և պատգամավորի շուրթերով հենց նա էր պատասխանում սրբազանին: Համենայն դեպս, այն, որ իշխանական պատգամավորը ելույթից առաջ հատուկ ներողություն հայցեց, որ շեղվելու է քննարկվող հարցից, այն, որ թղթից տեքստը ոչ սահուն և որոշ հատվածներ նաև երերուն ձայնով էր կարդում, տպավորություն էր ստեղծում, որ տեքստի հեղինակը պատգամավորը չէ:

«Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ով մեկ անգամ չէ, որ աչքի է ընկել իր ընդդիմադիր հայացքներով, քաղաքական կեցվածքով, ով առիթը բաց չի թողնում քաղաքական խոսույթով քննադատելու ընտրված իշխանություններին, ով լսումների ժամանակ մոտեցավ այս ամբիոնին և ի լուր աշխարհի մեղադրեց հայ զինվորին այդ Լաչինի միջանցքը փակելու մեջ (Միքայել Աջապահյանն այս առնչությամբ մեկ անգամ արդեն մեկնաբանել է սույն պաշտոնյայի՝ իր հասցեին հնչեցրած նույն մեղադրանքը,- Ն.Խ.) արդեն քանի օր է՝ քաղաքական խոսույթով քննադատում է վարչապետի հայտարարությունը՝ հնչեցնելով վիրավորական արտահայտություններ երկրի ընտրված ղեկավարի հասցեին, նշելով, որ այս իշխանությունները պատիժ են և երկիրը գցել են անդունդի մեջ:

Կարդացեք նաև

Նաև ավելացնում է, որ նախկին իշխանությունները ևս Աստծուց էին, եկեղեցին հաշտ էր նրանց հետ: Աջապահյանը մի բան է մոռանում, որ նախկին իշխանություններն ընտրված չեն եղել, հետևաբար՝ չէին կարող Աստծուց լինել: Ահա այն հիմնական տարբերակիչը մեր ու նախկինների միջև»,- հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:

Ամփոփելով ելույթը՝ նա դիմեց Շիրակի թեմի առաջնորդին.

«Պարո՛ն Աջապահյան, ձեր տեղը եկեղեցում է, ձեր խոսքը կլինի հասկանալի և ընդունելի միայն այն ժամանակ, երբ բացարձակ քաղաքական լինելուց զատ, կլինի նաև հոգևոր, և ձեր խոսույթում կներառեք միավորման, ներման, հոգևոր ճանապարհով ելքեր գտնելու մասին կոչեր, իսկ մինչ այդ հաճախ եկեղեցում մոմ վառեք և Աստծուց ներում հայցեք»:
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին ԱԺ-ում Կառավարության տարեկան հաշվետվության եզրափակիչ ելույթում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր, իր բնորոշմամբ՝ մշտապես քննարկվող և օդում պտտվող մի թեմայի և իր Կառավարությունը համարել էր Աստծո կողմից ընտրված:

«Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն՝ եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ, և դա՝ համաձայն քրիստոնեական տեսության»։
168.am-ի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի խորհրդարանում հնչեցրած հայտարարությունը, նշել էր, որ այսօրվա իշխանություններն ավելի վատթար դուրս եկան, քան նախկին իշխանությունները։

«Երբ նախկին իշխանություններն էին երկրի գլխին, իսկ այսօրվա իշխանությունը՝ ընդդիմություն, պահանջում էին եկեղեցուց, որպեսզի եկեղեցին իշխանություններին քննադատի, ասելով, թե մեզ պետք է այնպիսի եկեղեցի, որը կքննադատի իշխանություններին։ Հիմա իրենք իշխանության են, և եկեղեցին քննադատում է, ի՞նչ են ուզում, հիմա էլ ասում են, որ դրանով փաստորեն եկեղեցին դեմ է դուրս գալիս Աստծուն»,- նշել էր Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս