«Ես արդեն 35 տարի է՝ պարոն Աջապահյան չեմ. Էմմա Պալյանը թող ինքը գտնի այդ պարոն Աջապահյանին և իր հայցը ներկայացնի». Միքայել Աջապահյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյան այսօր հերթական անգամ ԱԺ ամբիոնն օգտագործեց թիրախավորելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին:

«Պարո՛ն Աջապահյան, հաճախ եկեղեցում մոմ վառեք և Աստծուց ներում հայցեք», ԱԺ ամբիոնից ելույթն ընթերցելիս՝ կոչ արեց իշխանական պատգամավորը:

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորի այս հայտարարությանը՝ ասաց.

«Այդ կոչն ինձ ուղղված չէ, ինքն ասում է՝ «Պարոն Աջապահյան», ես պարոն Աջապահյան չեմ, թող ինքը գտնի պարոն Աջապահյանին և այդ հորդորն անի: Ես պարոն Աջապահյան չեմ արդեն 35 տարի, ինքը ծնված չէր, որ ես պարոն Աջապահյան չէի, ինքը դեռ սաղմնավորված չէր, երբ ես պարոն Աջապահյան չէի: Ուրեմն թող ինքը փնտրի, գտնի այդ պարոն Աջապահյանին և իր հայցը ներկայացնի պարոն Աջապահյանին»:

Կարդացեք նաև

Հարցին՝ ինչ-որ միտում նկատո՞ւմ եք նման հայտարարությունների մեջ, քանի որ տպավորություն է, որ եկեղեցին կրկին փորձում են թիրախ դարձնել, Միքայել Աջապահյանը պատասխանեց.

«Ոչ մի բան էլ չկա, իրենք ուզում են երևալ, թող երևան, ի՞նչ խնդիր կա: Երեկվա երեխաներն են, այսօր ասպարեզ են մտել, ուզում են կայանալ, երբեմն նաև ուզում են կայանալ եկեղեցականների, ընդ որում, վաստակ ունեցող եկեղեցականների հաշվին, երբ իրենք ոչ մի վաստակ չունեն, է թող կայանան, թող փորձեն այդպես կայանալ, ի՞նչ խնդիր ունենք: Ես աղջիկներին որևէ բան ասելիք չունեմ, առավել ևս՝ որոնք վերջերս են ծնվել:

Ես նախորդ անգամ էլ ասացի՝ վերջերս ծնված աղջիկներին ես ի՞նչ պետք է պատասխանեմ կամ նեղանամ: Ուղղակի թող ինքը փնտրի գտնի պարոն Աջապահյանին, իր ասելիքն ասի:

Ես ասում եմ՝ արդեն 35 տարի է՝ պարոն Աջապահյան չեմ, իսկ 35 տարի առաջ Էմմա Պալյան անուն-ազգանունով անձը դեռ ծնված չէր»:

Դիտարկմանը՝ գուցե Էմմա Պալյանի խոսքերը չեն, այլ մեկ ուրիշի կողմից նրա միջոցով ձեզ և հանրությանը փոխանցվող հայտարարություն, Շիրակի թեմի առաջնորդն ասաց.

«Անշուշտ իրենը չէ: Իրենք թող փորձեն: Արտահայտություն կա, չէ՞, «քամին մրսեց», թող փորձեն քամուն մրսեցնել, ի՞նչ: Ես իրենց նմաններին եմ տեսել իմ հոգևոր գործունեության ընթացքում, դուք իմ կենսագրությունը նայեք, տեսեք, թե ինչպիսի մարդկանց եմ երբեմն դեմ արտահայտվել, և կտեսնեք, որ ինչ-որ մի աղջնակից ոչ վախենալու խնդիր ունեմ, ոչ սարսափելու, ոչ էլ իրեն գրգռողներից, դրդողներից»:

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ եք, որ այս հայտարարությունները գործողությունների վերածվեն, և այս իշխանությունների ղեկավարման առաջին օրերից եկեղեցու դեմ սկսված արշավը նոր թափ առնի, Միքայել Աջապահյանը պատասխանեց.

«Եկեղեցու դեմ իրենք ի՞նչ արշավ կարող են ունենալ, որ մի հատ էլ արշավ անեն: Իրենք իրենցից ի՞նչ են ներկայացնում, որ եկեղեցու դեմ էլ արշավ անեն: Քանի՞ անգամ պետք է ասեմ, որ եկեղեցին հաղթել է Ստալինին, Սովետական կայսրությանն է հաղթել: Եկեղեցին որևէ աշխարհիկ իշխանությունից չի սարսափի, եթե նույնիսկ այդ աշխարհիկ իշխանությունը լծվել է եկեղեցին ֆիզիկապես բնաջնջելու գործին: Եկեղեցին ֆիզիկապես բնաջնջելուց էլ որևիցե բանի չեն հասնի, եկեղեցին դարձյալ կապրի և կշարունակի իր գոյությունը»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս