«Խաղաղ» մեքենաներով «Զանգեզուր» մտնելը նշանակում է՝ ճնշում են գործադրելու ՀՀ-ի վրա և առանց պատերազմի ստանալու ցանկացածը. Արթուր Եղիազարյան
Հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդարանում իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է.
«Մենք պատրաստ ենք զորքերի հայելային ետքաշման՝ 1991 թվականի սահմանների գծից, ինչը կնշանակի, որ Ադրբեջանը Հայաստանի ոչ մի տարածքում զորք չի ունենա, Հայաստանն էլ՝ Ադրբեջանի»:
Ի՞նչ է սա ենթադրում, ի՞նչ ռիսկեր ու վտանգներ է այս հայտարարությունը պարունակում, ՀՀ տարածքի ո՞ր ուղղությանն է սա վերաբերում՝ Տավուշի՞ն, նախիջևանյան թևի՞ն՝ Երասխի՞ն, թե՞ երկուսը միասին, և արդյո՞ք բանակի դերը նման հայտարարություններով և քայլերով չի նվազեցվում:
Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ռազմական վերլուծաբան Արթուր Եղիազարյանի հետ:
– Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն անհասկանալի է, երբ նա կարծես խոսում է ՀՀ-ի և Ադրբեջանի փոխարեն: Եթե ինքը պատրաստ է, իր խոսքերով, 1991 թվականի սահմանների գծից զորքերը հետ քաշել, ապա ոչ մի տեղ չենք տեսել, որ Ադրբեջանը նման ցանկություն հայտնի, որ պատրաստ է նման գործողությունների: Եվ քանի որ ընդհանրական է նշել, չենք կարող ասել, որ այդ հայտարարությունը վերաբերում է միայն Տավուշին, Երասխին և այլն:
– Իհարկե, եղել են առիթներ, որ զորքերի հայելային հետքաշումից խոսելով՝ Փաշինյանը նշել է Տավուշի հատվածը, Երասխի հատվածը, ըստ այդմ, այո, մեկ ուղղություն չէ, որ այն ենթադրում է: Եղել են նաև առանց կոնկրետացումների հայտարարություններ, որոնց մասին կարող ենք դարձյալ ենթադրություններ անել: Օրինակ, դեռ 2 տարի առաջ Փաշինյանը հայտարարել էր, որ «կան Սովետական Ադրբեջանին պատկանած տարածքներ, որոնք գտնվում են ՀՀ զինված ուժերի վերահսկողության տակ, որ դեռևս 1990-ականներից կան մարտական դիրքեր, որոնք գտնվում են ՀՀ տարածքում»:
– Չգիտեմ՝ կա՞ նման տարածք, թե՞ ոչ, բայց զարմանալին այն է, որ Նիկոլ Փաշինյանը չի խոսում 2021-ից Հայաստան մտած ադրբեջանական զորքի մասին, որոնք օկուպացրել են մոտ 150 քկմ տարածք, բայց խոսում է ինչ-որ տարածքներից, որոնք պատկանում են Ադրբեջանին, և իբր հայկական զորք կա այնտեղ: Ինչ վերաբերում է բանակի կամ ՀՀ ԶՈՒ դերի նվազմանը, ապա բանակի դերն իրականում կարող է նվազել, երբ մենք իրապես շրջապատված լինենք խաղաղասեր հարևաններով, որոնք ոչ մի հավակնություն, նկրտում չեն ունենա մեր հանդեպ: Ցավոք, մենք եվրոպական պետությունների դիրքը չունենք և նույնպիսի հարաբերություններ չունենք մեր հարևանների հետ: Առնվազն երկու հարևանի հետ մենք ունենք խնդիրներ, ավելի ճիշտ՝ այդ հարևանները տարածքային հավակնություններ ունեն մեր երկրի հանդեպ: Բազմիցս լսում ենք «Զանգեզուրի միջանցքի», Նախիջևան-Ադրբեջան ցամաքային կապ ստեղծելու և այլնի մասին: Այնպես որ՝ Ադրբեջանն ու Թուրքիան այսօր ոչ թե հարևաններ են, այլ մեր նկատմամբ թշնամական տրամադրված պետություններ, որոնք հավակնում են ՀՀ ինքնիշխան տարածքին: Եթե ապագայում այնպիսի իրավիճակ լինի, որ լինեն իրապես բարիդրացիական հարաբերություններ, առանց որևէ վտանգների, միայն այդ ժամանակ կարող է բանակի դերը նվազել: Իսկ մնացած դեպքերում, մեղմ ասած, անմտություն է, երբ գիտես, որ քո հանդեպ ագրեսիվ տրամադրվածություն ունեցող երկրներ են հարևանները, և այդ վտանգի մասին անգամ ՀՀ իշխանություններն են հայտարարում, ու այսքանից հետո նվազեցնել բանակի դերը, նշանակում է՝ գնալ ինքնակործանման:
– Եվրոպական խորհրդարանում Փաշինյանի՝ զորքերի դուրսբերման մասին հայտարարությունն արդյոք Ադրբեջանին հարձակման առիթ չի՞ տալիս, նման մեսիջ չէ՞:
– Այո, Փաշինյանի հայտարարությունը նման հնարավորություն տալիս են Ադրբեջանին, հատկապես, երբ «անկլավների» հետ կապված արդեն լեգիտիմ հիմք տրվել է նրանց, մենք գիտենք, թե դրանք, այսպես ասած, ինչպես են առաջացել: Եվ երբ հիմա Փաշինյանը դա դիտարկում է՝ որպես Ադրբեջանի տարածք, ռազմական ճանապարհով դրանք վերցնելու հնարավորություն է տալիս Ադրբեջանին:
– Ի դեպ, Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուր» մտնելու են խաղաղ ճանապարհով՝ ոչ թե տանկերով, այլ մարդատար մեքենաներով, ի՞նչ է սա նշանակում, և սա ի՞նչ տեսակի կամ չափի վտանգի մասին է հուշում:
– Ես չեմ կարող ասել, թե Ալիևը սրա տակ ինչ է նկատի ունեցել, բայց պատմությունից պետք է դասեր քաղենք, որ թուրքի ոչ մի խոսքի չպետք է հավատալ, որովհետև ոչ միայն դրժում են խոստումը, այլև հային խաբելը հերոսություն և պատվաբեր են համարում: Ամեն դեպքում, եթե փորձենք բացել Ալիևի ասածի ենթատեքստը, որ ոչ թե տանկերով են մտնելու, այլ «խաղաղ» մեքենաներով, ապա սա նշանակում է՝ նախապես ճնշում են գործադրելու ՀՀ-ի վրա, որ առանց պատերազմի ստանան իրենց ցանկացածը, օրինակ, ադրբեջանցիների վերադարձ ՀՀ տարածք, կարող են նաև այլ պահանջներ լինել: Այսինքն, այդ «խաղաղ» մեքենաներով մտնել ասվածը ենթադրում է շանտաժ: Սա, ըստ էության, նաև վիրավորական է այն առումով, որ Ալիևն ասում է՝ ես ինչ ուզեմ՝ կստանամ, և անգամ ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու կարիք չի լինի:
– Հոկտեմբերի 23-25-ը թուրք-ադրբեջանական մարտավարական համատեղ զորավարժություններ են անցկացվելու մի քանի ուղղություններով ու վայրերում, այդ թվում՝ Բաքվում, Նախիջևանում և Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում, ի՞նչ մեսիջ է սա մեզ ուղղված:
– Թուրքիան և Ադրբեջանը գործում են շատ փոխկապակցված, ինչի վկայությունը նաև իրենց զորավարժություններն են: 2020թ. 44-օրյա պատերազմից առաջ ևս թուրք-ադրբեջանական զորավարժություններ անցկացվեցին տարբեր բնույթի և թեմատիկայի, այդ թվում՝ մարտեր լեռնային պայմաններում, ինչը ցույց էր տալիս, որ որպես հակառակորդ տարածք՝ դիտարկում էին հայկական պետությունների տարածքները, ինչը և տեղի ունեցավ: Չմոռանանք, որ նրանց զորավարժությունների ժամանակ մասնակիցները կրում են շևրոններ, որտեղ Թուրքիան և Ադրբեջանը ցամաքով կապված են իրար հետ, և Սյունիքը ներառված է իրենց պետության կազմի մեջ՝ Ադրբեջանի կամ Թուրքիայի: Այսինքն, Ադրբեջանը և Թուրքիան մեկ գույնով է ցույց տրվում՝ Սյունիքը ներառված այդ կազմի մեջ:
– Իսկ ո՞րն է Իրանի դերը մեր և տարածաշրջային խնդիրներում, որքանո՞վ է դա բխում մեր շահերից: Մենք շատ ենք հույս կապում Իրանի հետ, բայց Ադրբեջանը և Իրանը, չնայած իրենց հարաբերություններում առկա խնդիրներին, կարողանում են համագործակցել կոմունիկացիոն հարցերում:
– Իրանը բազմիցս նշել է, որ տարածաշրջանում սահմանների փոփոխությունը կարմիր գիծ է իր համար: Բայց մյուս կողմից, այո, համագործակցում է Ադրբեջանի հետ: Եթե մենք ինքներս մեր շահը չենք պաշտպանում, ոչ մեկից չպետք է ակնկալենք ավելին, քան մենք պետք է անենք: Կրկնում եմ՝ Իրանը մեր պոտենցիալ դաշնակիցն է, բայց նրանք մեր կողմից պետք է տեսնեն այդ տրամադրվածությունը: Այսինքն, նախ մենք մեր երկիրը պիտի պահելու ցանկություն ունենանք, և հետո նոր ակնկալենք դաշնակցային համագործակցություն՝ տարածքային անվտանգության առումով: Իրանը փորձում է տարածաշրջանային ոչ մի ծրագրից դուրս չմնալ, իր համար առաջնայինն իր պետության շահերն են: Ի վերջո, կրոնական հարցերից ելնելով՝ Իրանը խնդիրներ չի ստեղծի Ադրբեջանի հետ: Այնպես որ, մենք ոչ մեկի հետ չպետք է հույսեր կապենք, մենք հույսը մեզ վրա պետք է դնենք, մենք պիտի հզորանանք, և երբ այս ուղին բռնենք, անպայման հայտնվելու են իրական դաշնակիցներ և գործընկերներ: