Մինչ ԿԲ-ն անգործության էր մատնված, խուճապային տրամադրությունները կրկնակի հարվածեցին քաղաքացու գրպանին՝ տեղափոխվելով նաև սպառողական ապրանքների շուկա

Կենտրոնական բանկն այնքան հապաղեց, որ արժութային դաշտում վերջին օրերին սկսված խուճապն ու բացասական սպասումներն արագորեն տարածվեցին նաև սպառողական ապրանքների շուկա՝ կրկնակի հարվածելով քաղաքացու գրպանին։ Հասկանալով, որ տարադրամի թանկացմանը կամ դրամի արժեզրկմանը հետևելու է բազմաթիվ ապրանքների գների բարձրացում, մարդիկ սկսեցին սրբել խանութների ցուցափեղկերը։

Ինչպես սովորաբար լինում է նման անկայուն իրավիճակներում, գնում էին՝ ինչ պատահի. սկսած սննդամթերքից, վերջացրած տնտեսական ապրանքներով, ինչն էլ հանգեցրեց մի շարք ապրանքների գների բարձրացման։

Իսկ Կենտրոնական բանկը, որը պատասխանատու էր ֆինանսական շուկայի ու գների կայունության համար, այդ ընթացքում մատնված էր անգործության։

Կենտրոնական բանկի խորհրդի անդամները, ի պաշտոնե լինելով ապաքաղաքական, քաղաքական պրոցեսներին արագորեն արձագանքում են. մտահոգված Երևանի ավագանու ընտրություններում իշխող քաղաքական ուժի պարտությամբ՝ վազել էին ՔՊ շտաբ։ Իսկ այն, ինչ իրենց սրբազան պարտականությունն է, կողքից անտարբեր հետևում էին։

Կարդացեք նաև

Երբ այս ամենը նոր էր սկսվում, և արդեն շատ բան տեսանելի էր, Կենտրոնական բանկը ժամանակին նույնիսկ չբարեհաճեց մի հայտարարություն տարածել՝ ֆինանսական շուկայում սկսված խուճապային տրամադրությունները մեղմելու, ձևավորված բացասական սպասումները փարատելու, անկայուն իրավիճակում հապճեպ որոշումներ կայացնելուց և դրա հետևանքով սպասվող հնարավոր ֆինանսական կորուստներից մարդկանց զերծ պահելու համար։ Արձագանքեց միայն այն բանից հետո, երբ իրավիճակը սկսեց դուրս գալ վերահսկողությունից։

Այն պարագայում, որ հաշված օրերի ընթացքում դրամը շուկայի հիմնական արժույթների նկատմամբ հասցրել էր մեծապես արժեզրկվել։ Մասնավորապես՝ դոլարի գինը 388 դրամից հասել, նույնիսկ անցել էր 450 դրամից։

Մեկ շաբաթում դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ կազմեց գրեթե 16 տոկոս։

Եվ միայն դրանից հետո ԿԲ-ն բարեհաճեց միջամտել։ Մինչդեռ, այդ ընթացքում շատ ապրանքներ արդեն հասցրել էին թանկանալ։ Բենզինի գինը միանգամից բարձրացավ 50 դրամով՝ հասնելով ռեկորդային 550-580 դրամի։

Այսպիսի կտրուկ տատանում ֆինանսական շուկայում շատ վաղուց չէր եղել։

Նման իրավիճակներում Կենտրոնական բանկի խնդիրն է հարթել անկայունությունը, մեղմել խուճապային տրամադրությունները։ Իսկ դա կարելի է անել նույնիսկ առանց ֆինանսական միջամտությունների։ Թեև ԿԲ-ն բավարար ռեսուրսներ ուներ նաև ժամանակին ֆինանսական միջամտություններ իրականացնելու և տարադրամի նկատմամբ ձևավորված պահանջարկը թուլացնելու համար։

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ Կենտրոնական բանկի արտաքին պահուստներն անցնում են 4,2 մլրդ դոլարից։

Ինչի՞ համար են այդ գումարները, եթե անհրաժեշտության դեպքում էլ չպիտի ծառայեն իրենց նպատակին։

Խնդիրը ամենևին էլ դրամի արժեզրկում թույլ չտալու մասին չէ։ Խնդիրը կտրուկ տատանումները թուլացնելու և խուճապային տրամադրությունները մեղմելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մասին է։

Ի վերջո, ֆինանսական շուկայի մասնակիցների և ընդհանրապես տնտեսության համար ոչ այնքան վտանգավոր է դրամի երկարատև արժեզրկումը կամ ամրապնդումը, որքան նման կտրուկ տատանումները։

Այն, ինչ տեղի էր ունենում ֆինանսական շուկայում, բացահայտ քաոսային իրավիճակ էր։ Բացասական սպասումներն ու անորոշությունները խառնվել էին իրար, ինչից օգտվում էին ֆինանսական կառույցները՝ տնտեսության ու քաղաքացիների հաշվին փորձելով լրացուցիչ շահույթներ ստանալ։ Իսկ Կենտրոնական բանկը բացարձակ անհաղորդ էր դրան։

Վերջին օրերին տարադրամի առք ու վաճառքի միջև բավական մեծ մարժա էր գոյացել։ Հիմա էլ դեռ շարունակում է մեծ լինել։ Երբեմն այն անցնում էր նույնիսկ 20 նիշից։ Առքը 20 կետով գերազանցում էր վաճառքը։

Դրա հաշվին էլ փոխանակման կետերը մեծ փողեր աշխատեցին։  Կենտրոնական բանկը մարժային միջամտելու ֆունկցիա չի իրականացնում ու համարում է, որ այստեղ անելիք չունի։ Այնինչ դրա հետևանքով տուժում են շատերը, օգտվում՝ տարադրամի փոխանակում իրականացնողները։

Հաշված օրերի ընթացքում ֆինանսական շուկայում տեղի ունեցող այս պրոցեսներն այնքան խորացան, որ արագորեն սկսեցին տարածվել սպառողական ապրանքների շուկաներում։ Եթե ֆինանսական շուկայի կայունությունը Կենտրոնական բանկին կարծես այնքան էլ չէր մտահոգում, գնաճի հետ կապված սպասումներն այնուհանդերձ ստիպեցին շարժվել տեղից։

Նորություն չէ, որ դրամի թուլացումը գնաճի վրա ազդող ամենակարևոր գործոններից մեկն է։ Այն շատ արագ արտահայտվում է ներմուծվող ապրանքների գների բարձրացման տեսքով, ինչը տեսանք նաև այս անգամ։

Հայտնի է, որ Հայաստանի սպառողական շուկան նստած է հիմնականում ներմուծվող ապրանքների վրա։ Եթե դրամի ամրապնդումը հազվադեպ, այն էլ երկարաժամկետում է հանգեցնում ներմուծվող ապրանքների գների իջեցման, ապա թուլացումը շատ ավելի արագ է արտահայտվում։ Դրամի թուլացման ժամանակ ներմուծողները շտապում են միանգամից բարձրացնել գները, թեև դրա համար պատճառներ չունեն։ Իրացվող ապրանքային պաշարները մեկ օրում կամ մեկ շաբաթում չեն ձևավորվում, որպեսզի այդպիսի արագությամբ թանկանան։

Բայց քանի որ Հայաստանում մրցակցության պաշտպանության մարմիններն անկարող են, թույլ ու անգործունակ, լավագույն դեպքում, շատ ուշացած են արձագանքում նման երևույթներին, երբ գնացքն արդեն վաղուց գնացած է լինում, ներմուծողներն ու վերավաճառողներն ինչ ուզում՝ անում են, ինչքան ուզում, բարձրացնում են գները՝ խթանելով գնաճը։ Իսկ քանի որ Հայաստանում գներն էլաստիկ չեն, բարձրանալուց հետո դրանք շատ դժվար են իջնում կամ սովորաբար չեն իջնում։ Սրանից էլի սպառողն ու քաղաքացին է տուժում՝ ինչպես փոխարժեքի անկայունությունից։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս