Կործանվում է ինքնիշխանությունը, երբ հիմնովին քանդվում է երկրի տնտեսությունը. Վարդան Արամյան
Արցախն Ադրբեջանին հանձնելով՝ Հայաստանը տնտեսապես զրկվեց շատ կարևոր գործոններից, որոնք դեռ պետք է հաշվարկել, բայց մինչ հաշվարկները, պետք է հիշել՝ Արցախի տնտեսությունը, նույնիսկ 2020 թվականի պատերազմից հետո, ունակ էր ստեղծել համախառն ներքին արդյունք (ՀՆԱ)՝ մոտ 288 միլիարդ դրամի չափով, ինչը վերաբաշխվում էր ազգաբնակչության միջև, ուստի, միայն այդ 288 միլիարդի կորուստը, դրան գումարած նաև ակտիվների՝ հողատարածքների կորուստը, այսուհետև բացասական հետևանք է թողնելու Հայաստանի տնտեսության վրա։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Հայաստանի իշխանությունների կողմից Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին հանձնելու տնտեսական հետևանքների մասին, նման տեսակետ հայտնեց Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, «Վալլեքս» խմբի ընկերությունների ավագ փոխնախագահ Վարդան Արամյանը:
«Ըստ նախնական հաշվարկների՝ ամեն տարի 130-140 միլիարդ դրամ կախված է լինելու Հայաստանի բյուջեի գլխին»,- ասաց Արամյանը։
Ինչ վերաբերում է Հայաստան տեղափոխված Արցախի քաղաքացիներին Կառավարության կողմից տրվող աջակցությանը, մասնավորապես, 6 ամսով 40 հազար+10 հազար դրամի աջակցություն ու երկամսյա՝ 100 հազարական դրամի միանվագ հատկացում, Վարդան Արամյանը շեշտեց՝ եթե խոսում ենք արդարացված աջակցությունների մասին, ապա պետք է հաշվի առնել այն ունեցվածքը՝ տուն, մեքենա և այլն, ինչպես նաև ընթացիկ եկամուտները՝ ներառյալ աշխատատեղերը, ինչը կորցրել են արցախցիները։
«Առնվազն 140 միլիարդի չափով ծախս ավելանալու վտանգ կա Հայաստանի պետական բյուջեի վրա, ինչը նշանակում է, որ եթե այլ ընթացիկ բնույթի ծախսեր չկրճատվեն, այդքանով ավելանալու է բյուջեի դեֆիցիտը, ինչն էլ իր հերթին դառնալու է պատճառ, որ Հայաստանի արտաքին պարտքն էական աճի»,- ասաց Արամյանը։
Խոսելով Հայաստանի բանկերին Արցախի ունեցած պարտքի՝ 205 միլիարդ դրամի մասին, Վարդան Արամյանը կարևորեց հայաստանյան բանկերին Կառավարության աջակցությունը։
«Կառավարությունը պետք է օգնի բանկային համակարգին, որովհետև Արցախին Հայաստանի բանկերից տրված վարկերը գրչի մեկ հարվածով դարձան չաշխատող վարկեր, ուստի, եթե հիմա Կառավարությունը չի օգնում, բանկերը ստիպված այդ գումարը կհամարեն ծախս և դուրս պետք է գրեն իրենց հաշվեկշիռներից։ Բայց արդյո՞ք բանկերը կկարողանան կլանել այդ վնասը, պետք է հաշվարկներ կատարվեն, 205 միլիարդը փոքր գումար չէ, ընդ որում, բանկերը, որպես վնաս, միայն տրված վարկերը չպետք է ճանաչեն, այլ նաև ամբողջ կորցրած ակտիվները՝ իրենց մասնաճյուղերի գույքը, շենքերը, կանխիկ գումարները և այլն»,- ասաց Արամյանը։
Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետը խոսեց նաև Արցախի հանձնումից և Հռոմի ստատուտի վավերացումից հետո դոլարի կտրուկ արժևորման պատճառների մասին՝ դրանք կապելով ընդամենը հասարակության մոտ ձևավորված սպասումների հետ։
«Դրամի և դոլարի արժեզրկման և արժևորման վրա ազդող գործոնները բազմաթիվ են, բայց եթե կարճ ժամանակամիջոցում, այսինքն՝ մի քանի օրվա ընթացքում, կտրուկ արժեզրկում է տեղի ունենում, դա նշանակում է, որ գործ ունենք ոչ թե տնտեսական ֆունդամենտալների, այլ էմոցիաների և հասարակության հոտային վարքագծի, սպասումների հետ, ինչն էլ հենց արձանագրվեց մեզ մոտ։ Եթե փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ դոլարը կտրուկ արժևորվեց, և ովքե՞ր էին գլխավոր խաղացողները՝ ապա պետք է արձանագրենք՝ խաղացողները ներմուծողներն են, արտահանողները, որոնք Արցախի անկումից և հայ-ռուսական սրված հռետորաբանությունից հետո տեսան էական ռիսկեր: Ներմուծողները չափից շատ դոլար գնեցին, արտահանողները ձեռնպահ մնացին սովորական ռեժիմով իրենց ստացած արտարժույթը վաճառել, իսկ դրան հետո միացան նաև դրամով խնայողություններ ունեցող ֆիզիկական անձինք՝ ներկայացնելով դոլարի նկատմամբ լրացուցիչ պահանջարկ»,- մանրամասնեց Վարդան Արամյանը։
Շարունակելով Հայաստանի տնտեսությանը սպառնացող գործոնների թեման, Արամյանը նշեց, որ այդ սպառնալիքները կարող են գալ Ռուսաստանից, որի հետ վերջին շրջանում նկատվում են սրված հարաբերություններ և հաշվի չի առնվում անգամ այն հանգամանքը, որ Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ տնտեսական գործընկերն է դեռևս այս պահին։
«Հայաստանի տնտեսության անցած տարվա 12.6 տոկոս տնտեսական աճի և այս տարվա ութ ամիսների տնտեսական ակտիվության երկնիշ աճի առյուծի բաժինը պայմանավորված է հենց Ռուսաստանի տնտեսության գործոնով, և հարաբերությունները սրելիս սրա մասին պետք է մտածել։ Խելացի է այն մարդը, որն իր հնարավորությունն ու շանսերը ճիշտ է գնահատում, տգետ՝ այն մեկը, որն իր 50 կգ քաշով ռինգ է հրավիրում 140 կգ-անոց պարապած մարզիկին ու խոսում հաղթանակի մասին, մինչդեռ շատ արագ ենթարկվում է նոկդաունի»,- պարզաբանեց Արամյանը։
Դիտարկմանը՝ Հայաստանի իշխանությունը նախընտրում է գնալ առճակատման և նոկդաունի՞ ենթարկվել Ռուսաստանի կողմից՝ ինքնիշխան լինելու համար, Վարդան Արամյանն ընդգծեց.
«Եթե տնտեսությունը հիմնովին քանդվի՝ կործանվում է ինքնիշխանությունը»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։