Դրամի կտրուկ արժեզրկումից մինչև տնտեսական ակտիվության նվազեցում. ՀՀ-ում տնտեսական ինչ հնարավոր սցենարների պետք է պատրաստ լինել. տնտեսագետի անդրադարձը

«Դոլարի նկատմամբ դրամն արժեզրկվել է, ընդ որում՝ բավականին կտրուկ: Այս ամենը տեղի է ունենում Արցախում ռազմական գործողությունների, անվտանգային սպառնալիքների ու ցեղասպանության ու Հայաստանի նկատմամբ սպառնալիքների մեծացման արդյունքում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ հավելելով, որ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին սա դրամական շուկայի բնական արձագանքն է, ինչին ԿԲ-ն այս ընթացքում դեռևս չի միջամտում:

Ըստ տնտեսագետի՝ անցած տարիների կայունացումից հետո դրամի արժեզրկման այս տենդենցն առաջիկայում ևս կշարունակվի:

Հիշեցնենք, որ դոլարն այսօրվա դրությամբ վաճառվել է առավելագույնը 450 դրամով, գնվել՝ 424 դրամով:

«Այստեղ պետք է արձանագրել երկու փաստ. առաջինը, որ այսպիսի կարճ ժամանակամիջոցում ավելի քան 10 տոկոսով արժեզրկումը հետևանք է նաև առաջարկի նկատմամբ պահանջարկի մի քանի անգամ գերազանցման: Նաև առք- վաճառքի այս տարբերության փաստը ևս ցույց է տալիս, որ շատ ուժեղ սպեկուլյատիվ գրոհներ կան փոխարժեքի վրա: Իհարկե, առևտրային բանկերը փորձում են իրենց ապահովագրել ռիսկերից:

Կարդացեք նաև

Մյուս պատճառը, ամենայն հավանականությամբ, այն է, որ 100.000-ից ավելի մեր արցախցի հայրենակիցների ընտանիքների տեղափոխումը Հայաստան հսկայական քանակի դրամային հոսք է առաջացրել, և ամենայն հավանականությամբ, այդ մարդկանց մի զգալի մասն ապագայի ծրագրերը կապում է ոչ թե Հայաստանի, այլ Հայաստանի դուրս՝ այլ ուղղություններով գնալու: Սա էլ, իհարկե, մեծացրել է արտարժույթի նկատմամբ պահանջարկը»,- ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ ցուցանիշների վրա ազդեցություն են ունեցել նաև ռուբլու փոխարժեքն ու տնտեսական այլևայլ գործոններ:

Այս համատեքստում նա առկա պատկերը պայմանավորեց նաև արտահանումների հետ կապված վերջին օրերին առաջացած խնդիրների հետ: Մասնավորապես, նրա խոսքով, լոգիստիկ սահմանափակումներով պայմանավորված, դժվարացել է արտահանումների և վերարտահանումների գործընթացը, ինչը չէր կարող բացասաբար չանդրադառնալ առկա պատկերի վրա:

«Գիտեք, թե Լարսի անցակետն ինչ վիճակում է երկար ժամանակ: Նաև որոշ ապրանքախմբերի նկատմամբ Ռուսաստանն սկսել է, այսպես ասած, քողարկված սանկցիաներ կիրառել՝ հայտնի պատճառներով: Իսկ արտահանումների հետ կապված դժվարությունները դժվարացնում կամ սահմանափակում են արտարժույթի հետադարձ հոսքը»,- ասաց տնտեսագետը՝ արտարժույթի շուկայում առկա իրավիճակը բնորոշելով անհավասարակշիռ:

Այս պատկերն արդեն, ըստ մասնագետի, հետագայում կարող է հանգեցնել նաև գնաճի:

Ատոմ Մարգարյանի խոսքով՝ չնայած ավելի վաղ ԿԲ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի որոշակի նվազեցմանը, իրավիճակի վրա դա առանձնակի ազդեցություն դժվար թե ունենա: Մասնագետի գնահատմամբ՝ թանկացումը կարող է գրանցվել հատկապես ներմուծվող ապրանքների շրջանում:

«Համենայնդեպս էներգակիրների՝ հատկապես բենզինի մասով, թանկացումներն արդեն իսկ ակնհայտ են: Դրա ազդեցությունը, բնականաբար, արդեն որոշ ժամանակ հետո կերևա: Ինչ վերաբերում է փոխարժեքով պայմանավորված ներմուծման գների աճին, դա, համենայն դեպս, բնականոն պրոցեսների դեպքում, կարող է տեղի ունենալ մի քանի ամիսների ընթացքում, իսկ ներկրող-վաճառողների կողմից արհեստական ուռճացման դեպքում՝ դրան ականատես կլինենք շատ ավելի սեղմ ժամկետներում»,- կանխատեսեց տնտեսագետը:

Ներկայացված հնարավոր զարգացումներից զերծ մնալու համար, ըստ մեր զրուցակցի, անհրաժեշտ էր ժամանակին դիմել հակազդող քայլերի, այն է՝ կատարել իրական գների ու ծախսերի գնահատում՝ դրանք համեմատելով մրցակցային իրավիճակի հետ: Այդ ամենը, ըստ նրա, այդուհանդերձ, չի իրականացվել, ինչը հետագայում կարող է լուրջ հետևանքների հանգեցնել:

Ինչ վերաբերում է ռուսների ՀՀ գալուց հետո այստեղ գրանցված տնտեսական ակտիվության առաջիկա նվազման հավանականությանը՝ Ատոմ Մարգարյանը հայտարարեց, որ արևմտյան պատժամիջոցների և Ուկրաինային ուղղված ռազմական օգնության ծավալների ավելացման պարագայում քիչ հավանական է համարում նրանց՝ այստեղից հեռանալու սցենարը: Այդուհանդերձ, մասնագետն այդ խնդիրը դիտարկեց վերարտահանումների՝ առաջիկա նվազեցման հնարավոր սցենարի պարագայում:

«Հնարավոր է, որ այդ լոգիստիկ խնդիրների պատճառով կրճատվեն Հայաստանով դեպի Ռուսաստան վերարտահանումների՝ կրկնապատկված ահռելի ծավալները, ինչն էլ, բնականաբար, կազդի տնտեսական ակտիվության ցուցանիշների վրա: Մյուս գործոններն արդեն կարող են կապված լինել Հռոմի ստատուտի այսօրվա վավերացման փաստի, Արցախի խնդրի, Ռուսաստանի տարօրինակ ու անհասկանալի քաղաքականության ու քաղաքական այլ հարցերի հետ: Ընդ որում, Ռուսաստանի այս գործելաոճը կարող է բումերանգի էֆեկտ ունենալ նաև հենց իր համար»,- ասաց մասնագետը՝ հավելելով, որ ՀՀ և ՌԴ պաշտպանական ու անվտանգության բնագավառներում էական փոփոխություններ չլինելու դեպքում, հետևանքները կլինեն ոչ միայն կարճաժամկետ, այլև միջնաժամկետ տարբերակով:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս