Ադրբեջանը հասկանում է՝ եթե այս փուլում երկարատև մարտական գործողություններ սկսի ՀՀ-ի և Արցախի դեմ, կարճ ժամանակում ՀՀ-ում իշխանափոխություն կարող է տեղի ունենալ. Վիտալի Մանգասարյան
Պաշտպանության Բանակն ադրբեջանական զինուժի մեծաքանակ ռազմական տեխնիկայի տեղաշարժերն ու կենտրոնացումն ապացուցող տեսանյութ էր տարածել: Այսինքն, Ադրբեջանը ռազմական տեխնիկա է կուտակում արցախյան թևում, բայց սրան զուգահեռ, ըստ բաց աղբյուրների և փորձագետների տեղեկությունների, նաև ՀՀ սահմանի ողջ երկայնքով՝ Սյունիք, Գեղարքունիք, նախիջևանյան թև:
Ի՞նչ մասշտաբի գործողություն սպասել Ադրբեջանից, ո՞ր ուղղությամբ և թևում:
Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի հետ:
– Ադրբեջանական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ լայնամասշտաբ զորավարժություններ է սկսում, և իր այս զորքերի տեղաշարժերը փորձում է այդ զորավարժությունների տրամաբանության մեջ ներկայացնել: Բնականաբար, մեծ քանակությամբ զինտեխնիկայի կուտակումները սահմանային հատվածներում չափազանց մեծ ռիսկեր է իր մեջ պարունակում: Այլ հարց է, թե որն է Ադրբեջանի նպատակը, ինչ առաջնահերթություններ է նա իր առջև դրել և ինչ ճանապարհով է փորձելու հասնել իր նպատակներին: Իմ կարծիքով, այս փուլում Ադրբեջանի հիմնական և առաջնային նպատակներից մեկն է ամբողջովին կազմալուծել և կազմաքանդել Արցախի ՊԲ-ն, առհասարակ, Արցախի կառավարման ողջ համակարգը: Եվ այս մասշտաբի շարժերով Ադրբեջանը փորձում է ատամ ցույց տալ և հասկացնել, որ եթե իրենց պահանջները չկատարվեն, ապա նրանք կդիմեն ինչ-որ գործողությունների: Այստեղ հարկ է նշել, որ Ադրբեջանն այս իրավիճակում չափազանց զգույշ է փորձում խաղալ և իր քայլերը կատարում է հնարավորինս մտածված, կշռադատված, թե ինչ արձագանք կունենան դրանք միջազգային հանրության կողմից, մոտավորապես փորձում են կանխատեսել, թե ո՞ր երկրներ և ինչպե՞ս կարձագանքեն իրենց այս կամ այն գործողությանը:
Մյուս կողմից, շատ կարևոր է նայել, թե մենք ինչ ենք անում այս իրավիճակում: Մենք պետք է փորձենք ամեն ինչ անել, որ Ադրբեջանն էլ ավելի մեծ գլխացավանքի մեջ ընկնի, և մեծ խնդիրներ ունենա միջազգային հարթակում, և ռազմի դաշտում: Մենք մեր առջև նման հստակ քաղաքական խնդիր պիտի դնենք: Իսկ մենք ի՞նչ ենք անում, փորձում ենք խաղաղության դարաշրջան բացել, երկրի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող հարցերում հետքայլ ենք անում, նշաձողեր ենք իջեցնում, ինչի արդյունքում, բնական է, Ադրբեջանն է՛լ ավելի սանձարձակ գործողությունների է փորձելու դիմել: Եվ միջազգային հանրությանը տարբեր առիթներով փորձելու է համոզել, որ հատկապես Արցախի մասով նրա կատարած գործողությունները լեգիտիմ են: Երբ Ադրբեջանը մեզ հարվածում է, պատասխան պիտի ստանա, և դրա ուժը աստիճանաբար մեծանա: Բայց մենք չունենք քաղաքական նպատակ Ադրբեջանին մեծ գլխացավանքներ պատճառելու, այլապես ռեսուրս կստեղծեինք: Ի դեպ, «Հենակետի» բաց աղբուրների ուսումնասիրությունների արդյունքում պարզել ենք, որ Ադրբեջանը պատերազմից հետո իր կորուստների վերականգնման գործընթացն ավարտել է:
– Որքանո՞վ են ադրբեջանական զինտեխնիկայի այսօրվա կուտակումները նման 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ արձանագրված կուտակումների պատկերին՝ տեղանք, մասշտաբ, զինատեսակներ:
– Իմ կարծիքով, Ադրբեջանի կողմից պլանավորվող լայնածավալ մարտական գործողությունը տարբերվելու է 44-օրյա պատերազմի ժամանակ նրանց իրականացրած մարտավարությունից: Դրա համար մի քանի հանգամանք կա՝ տեղանք, բացթողումներ, որոնք Ադրբեջանը «գույքագրել» է, և աշխատելու են՝ դրանք չլինի, և այլն: Եվ, առհասարակ, չեմ կարծում, որ մի պետության կողմից մարտական գործողությունների հաջորդ պլանը նախորդի նման է լինելու, այսինքն, Ադրբեջանը փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի հնարավորինս այդ մարտավարությունը տարբեր լինի:
Ինչ վերաբերում է կուտակումների մասին տեղեկատվական աղմուկին, ապա դա անհամաչափ է, իսկ եթե այդ աղմուկին համարժեք է իրականությունը, ապա առնվազն նվազագույն քայլը, որ պետք է իրականացվի ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության կողմից, դա ԱԽ նիստ հրավիրելն է, որը մինչ այս պահը տեղի չի ունեցել: Ամեն դեպքում, պետք է լուրջ վերաբերվել ադրբեջանական կողմի տեղեկատվական տեռորներին և փորձել հակազդել: Ես չեմ տեսնում, որ հանրային տիրույթում կա ադրբեջանական քարոզչությանը որևէ հակազդեցություն: Դա պետության գործառույթն է, ռազմաքաղաքական ղեկավարության գործն է, ինչը լավ չի կատարվում:
– Նախիջևանի ուղղությամբ հարձակումը որքանո՞վ է հավանական, ի՞նչ խնդիր է լուծելու Ադրբեջանը դրանով՝ հաշվի առնելով ՌԴ-ի և Թուրքիայի գործոնը:
– Կարծում եմ, որ ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ լայնամասշտաբ պատերազմական գործողություններ սկսելուց առաջ Ադրբեջանը նախ փորձելու է հասնել պաշտպանական բանակի լուծարմանը, որովհետև նրանք շատ լավ հասկանում են, որ եթե այս փուլում ՀՀ-ի նկատմամբ լայնածավալ մարտական գործողություններ սկսեն, ապա ՊԲ-ն անմասն չի մնալու, և գուցե ավելի հաջող խնդիր լուծի: Այսինքն, եթե վա-բանկ ենք գնալու և երկարաժամկետ պատերազմի մեջ ենք մտնելու, ապա ՊԲ-ն իր խոսքը և դերը ունենալու է: Այդ իսկ պատճառով այս փուլում Ադրբեջանը փորձելու է ՊԲ լուծարման հարցը լուծել: Բայց սա չի նշանակում, որ թե՛ Նախիջևանի, թե՚ Տավուշի, Վարդենիսի և Ջերմուկի ուղղություններով չեն փորձելու ճնշումներ գործադրել, և առնվազն ռազմավարական լոկալ խնդիրներ լուծել: Նրանք մի քանի անգամ նման քայլերի դիմել են և փորձել են հարմար բարձունքներ գրավել, որպեսզի մեր ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհները մաքսիմալ վերահսկողության տակ պահեն: Եվ բնական է, որ ինչ-որ փուլում այդ ամենն օգտագործելու են մեր դեմ, ունենալու են մեկնարկային առավելություն՝ ցանկացած մարտական գործողություն սկսելուց առաջ, բայց սա, կրկնում եմ, ՊԲ լուծարումից հետո: Այս ամենը մենք պետք է լավ հասկանանք, մի քանի քայլ առաջ հաշվարկենք, այլապես, եթե նրանց հաջողվեց այս փուլում իրենց առջև դրված խնդիրը լուծել, ապա շատ կարճ ժամանակ հետո և՛ Նախիջևանի ուղղությամբ են գործողություններ իրականացնելու, և՛ Սյունիքի, Տավուշի և այլն՝ փորձելով քայլ առ քայլ կազմաքանդել նաև ՀՀ պետական անվտանգային համակարգը:
– Սյունիքը կտրելու սցենարը որքանո՞վ է հավանական՝ հաշվի առնելով Իրանի գործոնը:
– Սյունիքի մասով պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը, այսպես ասած, պարտք է մնացել և՛ Թուրքիային, և՛ Իսրայելին, և՛ Պակիստանին: Եվ այդ պարտքն ինչ-որ ձևով պետք է մարել, և Ադրբեջանը փորձելու է դա անել Սյունիքի ուղղությամբ որոշակի գործողություններ իրականացնելով, և կոնկրետ Իրանի հետ կապված ցամաքային սահմանն են փորձելու փակել, որը բխում է Թուրքիայի, Իսրայելի շահերից, նաև՝ հավաքական Արևմուտքի, որ Իրանին հնարավորինս իզոլյացնեն մեր տարածաշրջանից: Սակայն, ինչպես նշեցի, Ադրբեջանը զգույշ է խաղում, և իր գործընկերներին, Թուրքիային, Իսրայելին փորձում է համոզել, որ առաջնային խնդիրը ՊԲ-ի խնդիրն է և նոր հետո՝ պարտքերը մարելու հարցերը: Թուրքիան և Իսրայելն այդ ամենին ըմբռնումով են մոտենում, սակայն ինչ-որ պահի Ադրբեջանը պիտի մարի նրանց պարտքերը, ինչը չի բխելու մեր շահերից:
– Հաճախ ենք լսում կարծիքներ, թե Ադրբեջանն իր գործողությունները ՀՀ իշխանությունների հետ «համաձայնեցրել» է, սինխրոն են գործում: Եթե մի պահ ենթադրենք, որ դա այդպես է, ապա ՀՀ իշխանություններն ի՞նչ խնդիր կլուծեն ադրբեջանական գործողությունների միջոցով, մասնավորապես, նախիջևանյան թևում: Օրինակ, երբ 2021 թվականի փետրվարի 25-ին ԳՇ-ն պահանջեց Փաշինյանի հրաժարականը, բայց այլ քայլերի չգնաց, խոսակցություններ շրջանառվեցին, որ արտաքին գործոններ կային, հատկապես թուրքական գործոն, եղել է կոնկրետ սպառնալիք, և ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը փորձել է խուսափել աղետից, այլ քայլերի չդիմելով:
– Ադրբեջանը շատ լավ հասկանում է նաև, որ եթե այս փուլում երկարատև մարտական գործողություններ սկսի ՀՀ-ի և Արցախի դեմ, կարճ ժամանակում ՀՀ-ում իշխանափոխություն կարող է տեղի ունենալ: Այսինքն, գործող ղեկավարության նյարդերը կարող են տեղի տալ, և ինչ-որ պահի նրանք հասկանան, որ պատերազմ վարելու ունակությունները նրանց մոտ թույլ են, և իշխանության գան այնպիսի մարդիկ, դերակատարներ, որոնք ունակ են միջնաժամկետ և երկարաժամկետ պատերազմ վարել: Սա չափազանց մեծ ռիսկեր է պարունակում Ադրբեջանի համար, որովհետև այդ դեպքում շատ դժվար է կանխատեսել, թե ինչ ելք կլինի, եթե 2 տարի պատերազմի մեջ լինեն, լինենք: Չեմ կարծում, որ Ադրբեջանն այդ արկածախնդրությանը կգնա, որովհետև մեծ հավանականությամբ կարող են խաղաքարտեր խառնվել, ինչի դեպքում Ադրբեջանը մեծ խնդիրների առջև կկանգնի: