«Վստահ ու հաստատակամ քայլերով գնում ենք կործանման, որը երբեք այսքան ուրախ չի եղել». Լյոկա

Ամեն տեղ հայ ազգը սխալվում է, սակայն այդ սխալներից դասեր չի քաղում: 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում արցախցի ռեփեր, «Lyoka’s» բրենդի հիմնադիր Վալերի Ղազարյանը՝ Լյոկան, ասաց՝ երկրում ստեղծված իրավիճակը սխալներից դասեր չքաղելու հետևանք է։

«Մենք սխալվել ենք մեր դաստիարակության, ունեցածը պահելու, մեկս մյուսին հարգելու, սիրելու ու գնահատելու մեջ, ամեն տեղ ենք սխալվել, կոնկրետ տեղ չկա։ Երբ ուսուցչուհուս հետ էի խոսում, նա ասաց, որ պատմությունն անընդհատ կրկնվում է, ասացի, որ մեր միակ խնդիրն այն է, որ մեր հիշողությունը շատ կարճ է, շատ բաներ ուղղակի չենք հիշում։ Այս ամենը գնալով ավելի է խորանում, ու ես դրանում ավելի եմ համոզվում։ Մեկ ամիս էլ չի անցել Վագիֆ Խաչատրյանի դեպքից, հիմա ո՞վ է հիշում։ Մի քանի օր ուղղակի Ֆեյսբուքում նկարները դրեցին, հրապարակեցին, և վերջ։ Երկու օր առաջ առևանգված երեք երիտասարդ տղաների դեպքը, մի երկու օր Ֆեյսբուքում կրկին նկարներ են դնելու, ու վերջ։ Ինչ-որ բաներ չի կատարվում, կարծես թե ամեն մեկն իր մեջ, իր հոգու պարտքն է համարում՝ Ֆեյսբուքում մի հրապարակում անի և դա անելով՝ մտածի, թե հայրենիքի հանդեպ իր պարտականությունն է, և վերջ»,- նշեց Լյոկան։

Ինչպես շրջափակման առաջին օրերին, այնպես էլ այսօր արցախցի ռեփերը համոզված է՝ արցախահայությունն այս դժվարությունը հաղթահարելու է ու հայ մնա։

Կարդացեք նաև

«Եղածն ու այն, ինչ տեսնում եք, չե՞ք համոզվում դրանում, ամեն օր չե՞ք համոզվում, որ Արցախը չի հանձնվելու։ Սովորական հացի խնդիր չունեցող մարդն այսօր կանգնած է ու ասում է՝ ես այդ կեղտոտ, արյունոտ ալյուրը չեմ ընդունելու, սա այդ պայքարի պարզ օրինակը չէ՞։

Այո, միայնակ է, բայց կա, չէ՞, պայքարում է, չէ՞։ Եթե կա պայքար, ուրեմն՝ կա հույս, ելք, չգիտեմ, ինչ-որ մի բան։ Բայց եթե ասում ես՝ հա, լավ՝ ես միայնակ եմ, ինձ միայնակ են թողել, ի՞նչ անեմ, որտե՞ղ հանձնվեմ, ախր այդպես չէ։

Իրականում այն, ինչ կատարվում է Արցախում, ամբողջովին քաղաքական ու սխեմատիկ գծված ինչ-որ պլան է, որը կատարվում է, ուղղակի մենք շատ բաների մասին չգիտենք, բնականաբար, չենք էլ կարող իմանալ։ Բայց այն, որ ժողովուրդը կդիմանա, ու այն, որ ժողովուրդը ճիշտ որոշում կկայացնի՝ դրանում վստահ եմ։ Չգիտեմ՝ այդ հարցի լուծումն ինչպես կարելի է տալ, սակայն, ըստ իս, միակ լուծումը պայքարելն է, պայքարել ամեն ոլորտում, ամեն տեղ ու պայքարել ամեն ինչի դեմ՝ կոպիտ ասած։

Այո, այսօր էլ եմ կրկնելու՝ Արցախը լինելու է, արցախցին լինելու է և ապրելու է հայեցի և այսօրվա մեր իրականության մեջ, իրենք՝ ինչպես արցախցու բարբառով են ասում՝ «պադոշ» ղարաբացիներն են։ Նրանք, անկախ ամեն ինչից, շարունակում են իրենց պայքարը, քանի որ իրենք ստամոքսի պայքար չեն անում, այլ հայի լինելիության պայքար են մղում»,- հավելեց նա։

Ըստ Լյոկայի, այսօր ստեղծված իրավիճակին հայ հասարակության կողմից համարժեք արձագանք չի տեսնում, նույնիսկ, եթե կա, ապա անձամբ չի տեսնում։

«Երևի խնդիրն իմ մեջ է, ես այդպես եմ ուզում մտածել, որովհետև ուզում եմ, որ լինի համարժեք արձագանք ու մթնոլորտ, բայց չկա, որովհետև «Շենգավիթը Հայաստան է, և վերջ», մարդկանց մոտ այս մտածելակերպն է։ Մինչև իրենց բակ չմտնեն, ոչինչ չեն անում, այսպես է՝ Սյունիքը՝ սյունեցիների խնդիրն է, Գորիսը՝ գորիսեցիների, Լոռին՝ լոռեցիների։ Այնպես չէ, որ սա պատերազմից հետո է սկսվել, միշտ էլ այսպես է եղել, որովհետև, եթե վերադառնանք սխալներին, ապա պետք է ասեմ, որ հենց դաստիարակության մեջ է սխալը եղել։ Հայ ազգը համախմբվելու և կազմակերպվելու խնդիր ունի, եթե որևէ հարցի շուրջ համախմբվում են, ապա ընդհանուր հայտարարի չեն գալիս, որովհետև ամեն մեկն իրենն է պնդելու։ Ամեն մեկը լիդեր է և ուզում է իր ասածը լինի, ինքն ասի, մենք միայն ասում ենք, բայց լսելու խնդիր ունենք։

Այս ամենին համարժեք արձագանքը պետք է լիներ կոպիտ, շատ կոպիտ։ Տեսեք, մենք պարտվեցինք պատերազմը, ես չեմ վախենում այդ բառն օգտագործել, փաստացի ունենք այն, ինչ ունենք, մենք պարտվել ենք, թե ինչպես՝ սա արդեն հարցի մյուս կողմն է։ Պարտվել ենք, բայց ոչինչ տեղի չի ունեցել, բացարձակ տեղի չի ունեցել։ 1994 թվականին, երբ արցախյան պատերազմն ավարտվեց, Էլչիբեյին գնդակահարեցին՝ ուղղակի ճակատից գնդակահարեցին, հիմա իրենց ասում ենք ոչխա՞ր, իսկ մեզ՝ խելացի՞։

Մարդկանց մտածելակերպի մեջ եղավ փոփոխություն, բայց ոչ բոլորի մոտ, ամեն դեպքում ինձ մոտ եղավ։ Շատ բաների սկսեցի այլ կերպ, ուրիշ տեսանկյունից նայել։ Սկսեցի նաև ուրիշ բաներ անել, որն իմ կարծիքով՝ ավելի շատ պիտի նպաստի վաղվա օրվան։ Ժողովուրդը մեկը մյուսի նկատմամբ այնքան անտարբեր են դարձել։ Իմանալով, որ Արցախում 8 ամիս այն վիճակն է, որ երեխան սովորական կոնֆետի խնդիր ունի, մենք այստեղ ճոխ ապրում ենք ու ճոխ նկարներ հրապարակում։ Չեմ ասում՝ ձեր կյանքով մի ապրեք, լավ եք անում, Աստված ձեզ հետ, գոնե մի հրապարակեք, մարդիկ տեսնում են, աչք է տեսնում, սիրտ է՝ ուզում է, չի կարելի նման անհարգալից վերաբերմունք ցուցաբերել։ Արցախում ապրող հայը Երևանում ապրող հայից չի տարբերվում, նույն հայն է։ Ղարաբաղում ապրող հայը, եթե Լոս Անջելեսում նման վիճակ լիներ հայության մոտ, երբեք նման բան չէր անի»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նա ցավով նկատեց՝ վերջերս իրեն հաճախ են հարցնում, թե այդ ճանապարհը չբացվե՞ց, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ մարդկանց անտարբերության ու անտեղյակության մասին։ Այդ մարդիկ մտածում են, որ Արցախի խնդիրն արցախցիներն են, և Արցախը կտան ու հանգիստ կապրեն։

«Աստված ոչ անի, որ նման բան լինի, սա բռնության կոչ չէ, բայց երբ Երևանում՝ հրապարակում ու Կասկադում, ռումբ պայթի, այդ ժամանակ երևի կհասկանան, թեպետ վստահ չեմ, թե ինչ է կատարվել արցախցիների հետ։

Երևի մենք Չարենց ու Սևակ չենք կարդացել, կամ կարդացել ենք ուղղակի կարդալու համար։ Մի քանի օր առաջ ընկերներով հիշել էինք մեր տատիկ-պապիկների խոսքերը, թե այդ խոսքերի մեջ ինչքան իմաստ ու ապրածից վերցրած բառեր կային։ Մենք այնքան հետ ենք գնացել, պատմությունից ու իրականությունից այնքան ենք հեռացել, որ մեզ համար արդեն զարմանալի է, այնքան, որ եթե որևէ մեկն ուզում է դիմացինին օգնել, դիմացինը սկսում է կասկածել, թե այս որտե՞ղ է ուզում իրեն խաբի։ Երբ Սևակն ասում էր, որ պետք է այնպես ապրել, որ սեփական հողդ երբեք չզգա քո ծանրությունը, դա հենց այնպես չէ, ենթատեքստ ունի։ Որտեղ դու կանգնած ես, հողդ պետք է զգա, որ պաշտպանված է, պետք է զգա, որ ոտքիդ տակ կա, որովհետև դա ուղղակի հող չէ, որտեղ մոլախոտ է աճում, այլ հող է, որը պահում է քեզ, իսկ դու արժեք ես»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Արցախցի ռեփերի համար այսօր գերխնդիրն իր հայրենիքն է, հայրենիքի անվտանգությունը։ Հայրենիք ասելով՝ նկատի չունի միայն Արցախը, ի տարբերություն շատերի, իր համար հայրենիքն ընդհանուր Հայաստանն է։ Իսկ երկրորդ գերխնդիրը գալիք սերնդին ճիշտը պատմելն ու ճիշտը մատուցելն է։

«Եթե կա խնդիր, պետք է ոչ թե սգալ, այլ գտնել ճանապարհ, թե ինչպես է պետք լուծել խնդիրը: Մենք տեսանք, որ մի քանի հազար մարդկանցով գնալ քայլելը հարցերը չի լուծում, պետք է կոնկրետ քայլեր ու կոպիտ։ Սա բռնության կոչ չէ, եթե այն մարմինները, որոնցից կախված է հարցը, չեն կարողանում լուծել, թող գնան, գան այն մարդիկ, ովքեր կարողանում են։ Մենք կոնկրետ գնալով ավելի վատ տեղ ենք գնում։ Արցախում ապրող մարդիկ խաղաղություն չե՞ն ուզում, ինչպե՞ս կարելի է միայն Երևանի, Գյումրիի կամ չգիտեմ մի տեղի մասին մտածեն։ Բա եթե խաղաղությունը ժողովրդի համար ես ուզում, նա քո ժողովուրդը չէ՞, թե՞ արդեն հրաժարվել եք իրենցից, այս դեպքում չգիտեմ՝ ինչ ասեմ։ Քանի որ մենք համոզվեցինք, որ պատմությունը կրկվելու հատկություն ունի, որը վստահեցնում է՝ պատմությունը կրկնվելու է:

Հիշենք՝ ինչ եղավ 90-ականներին՝ թե՛ իշխանական, թե՛ ժողովրդական թևում։ Սա էլ կփոխվի։ Մենք փրկություն չունենք այնքան ժամանակ, մինչև հույսներս ուրիշի վրա ենք դնում։ Ձեր փոխարեն, ով պետք է ապահովի ձեր տան անվտանգությունը, իմ փոխարեն ո՞վ կգա կասի՝ դու գնա, ես հողդ կպահեմ, ինչո՞ւ ենք ուրիշների մեջ ելքեր փնտրում, այդքան անհույս ենք, մեծ գրենք՝ Հայաստանը չի աշխատում, ու գնանք։ Ցավալի է մեր վիճակը, շատ վստահ ու հաստատակամ քայլերով գնում ենք կործանման, երբեք կործանումն այսքան հաճելի ու ուրախ չի եղել»,- հեգնանքով ավարտեց խոսքը մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս