«Փաշինյանը բացահայտեց  իր հերթական քայլը, նա այս ծրագրի մաս է կազմում». Դավիթ Գալստյան

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ ծրագրեր են մշակվում Լաչինի  միջանցքը միակողմանի բացելու համար, ԼՂ-ից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու համար։

«Ուզում եմ հիշեցնել, որ այս պահին էլ ՀՀ-ում են գտնվում Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ բնակիչներ, որոնք չեն կարողանում վերադառնալ Լեռնային Ղարաբաղ։ Նրանցից շուրջ 5 հազարը՝ նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի ապօրինի փակ լինելու հետևանքով, ևս շուրջ 30 հազարը՝ 2020 թվականին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի չկատարման հետևանքով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

168.am հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը խոսելով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության մասին, նախ ասաց, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել հենց այդ ծրագիրն իրականացնելու համար։

«2018 թվականից սկսած ասել ենք, որ Նիկոլ Փաշինյանը հենց այն ծրագրի դերակատարն է, որ Արցախը պետք է հանձնվի Ադրբեջանին։ Այդ ծրագրի մասին ոչ թե իրեն տեղեկացնում են, այլ հենց ինքն այդ ծրագրի մաս է կազմում, նա դրա մասին գիտի։ Այսինքն՝ Փաշինյանը բացահայտեց  իր հերթական քայլը»,- նշեց Դավիթ Գալստյանը։

Կարդացեք նաև

Ըստ Դավիթ Գալստյանի, Նիկոլ Փաշինյանը բացահայտեց այդ ծրագիրը, քանի որ կան դրա համար պատճառներ։

«Եթե հետադարձ հայացք գցենք, թե պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը երբ ու ինչ է ասել, ապա կարող ենք բոլորն իրար կողքի դնելով՝ հասկանալ, որ ժամանակ առ ժամանակ նա դաշտ է նետում որևէ տեղեկատվություն՝ հասկանալու ժողովրդի տրամադրությունները, և դրանից ելնելով՝ պլանավորում հաջորդ քայլերը։ Սա դաշտ նետած, այսպես ասած, հերթական տեղեկատվությունն է, որպեսզի մարդիկ մտածեն, որ եթե Արցախում սով է, թեկուզ միակողմանի ճանապարհը բաց է, թողնեն հեռանան։ Արցախը հայաթափելու համար, միայն կարող են այն բռնակցել Ադրբեջանին. Նիկոլ Փաշինյանն իր արբանյակներով լծված են հենց այս գործին»,- հավելեց Դավիթ Գալստյանը։

Նրա խոսքով՝ արցախահայությունը ոչ թե դուրս կգա Արցախից, որովհետև այնտեղ սով է ու շրջափակում, այլ կարող է դուրս գալ ՀՀ-ի և Արցախի իշխանությունների վարած ոչ ճիշտ քաղաքականության հետևանքով։

«Այստեղ մարդիկ իշխանության նկատմամբ չունեն վստահություն և կարող են Արցախը լքել այն մթնոլորտի պատճառով, որ Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը ձեռք ձեռքի տված ստեղծել են Արցախում, նրանք փորձում են Արցախը հայաթափել»,- եզրափակեց Դավիթ Գալստյանը։

Տեսանյութեր

Լրահոս