Հայաստանը՝ կոլեկտիվ սրբապղծության նախաշեմին

Իրավիճակը, որում գտնվում են Արցախն ու Հայաստանը, ողբերգական է ոչ միայն տեղի ունեցող աղետների առումով, այլև այն իմաստով, որ ուղղակիորեն վերաբերում է մեր հասարակության հավաքական արժանապատվությանը, իսկ եթե անկեղծ՝ անարժանապատվությանը։ Անկախ որևէ հիմնավորումից, անկախ ամենատարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից, այն իշխանության հանդուրժումը, որը Արցախը դատապարտել է մահվան, իսկ Հայաստանը տանում է դեպի երաշխավորված կործանում, վկայում է մեր հանրային արժանապատվության պակասի, իսկ եթե իրերը կոչենք իրենց անուններով՝ բացակայության մասին։

Խնդիրն այն չէ, որ մենք՝ որպես հասարակություն, լավն ենք կամ ոչ այնքան, պատվախնդիր ենք կամ նամուսազուրկ։ Իրականությունն այն է, որ մենք՝ գուցե լինելով նաև լավը, գուցե ունենալով բազմաթիվ դրական որակներ, հանդուրժում ենք մի իշխանության, որի գոյությունը զրոյացնում է հասարակության որևէ դրական հատկանիշի առկայության հնարավորությունն իսկ։ «Իսկ ի՞նչ կարող է անել հասարակությունը» հարցը, որ որպես հակափաստարկ ներկայացվում է նման դեպքերում, մեղմ ասած, պարզամիտ է ու մակերեսային և ոչ այլ ինչ է, քան այդ հասարակությանը, այսինքն՝ մեզ արդարացնելու փարիսեցիական փորձ։ Քաղաքականությունը գործունեության ոլորտ է, որին մասնակից են ոչ միայն դրա քաղաքականության առաջնային սուբյեկտները՝ իշխանությունը, ընդդիմությունը, կուսակցություններն ու հասարակական միավորումները, այլ նաև ու առաջին հերթին՝ հասարակությունը՝ որպես քաղաքականության գլխավոր սուբյեկտ կամ քաղաքականության աղբյուր։ Սահմանադրական նորմը, ըստ որի՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ուղղակիորեն նշանակում է, որ ժողովուրդը ոչ միայն իշխանության սեփականատեր է, այլ նաև քաղաքականության սկզբնաղբյուր ու պատվիրատու։ Ահա ուրեմն, այսպիսի իշխանության հանդուրժումը նշանակում է, որ մենք լայն իմաստով ներկայացնում ենք հենց այսպիսի քաղաքականության պատվեր, որը վերջին հաշվով հանգում է Արցախի հանձնմանն ու Հայաստանի կործանման սպառնալիքին։

Լինելով քաղաքականության համակարգային, համակարգաստեղծ սուբյեկտ, հասարակությունը կարող է և պարտավոր է գտնել առաջացած խնդիրները լուծելու մեխանիզմներն ու ձևերը, այսինքն՝ հանրության անկարողության մասին թեզը կրկին հիմնազուրկ է։ Ի վերջո, հասարակությունը, ի թիվս քաղաքական ամենատարբեր գործիքների, ունի նաև ապստամբելու իրավունք, որը, բովանդակային իմաստով, ամրագրված է ամենատարբեր կոնվենցիաներով ու ներպետական օրենսդրությամբ։ Հետևաբար, եթե հանրությունը չի իրացնում իր այդ իրավունքը (մեթոդների ու ձևերի հարցը կարևոր է, բայց գլոբալ իմաստով՝ տեխնիկական), նշանակում է՝ հաշտ է այն ամենի հետ, ինչն անում է իշխանությունը։

Հասարակության անտարբերությունն ու անգործությունն արդարացնելու մեկ այլ թեզ է այն, որ ամեն ինչի մեղավորը գործող տիտղոսային ընդդիմությունն է, որն իր անկարողությամբ, «նախկիններ» պիտակավորումներով, տեղ-տեղ՝ իշխանության հետ համագործակցությամբ, թույլ չի տալիս, որ իշխանափոխություն տեղի ունենա։ Դա, սակայն, ճշմարտացի է հնչում միայն առաջին հայացքից։ Որովհետև արձանագրումը, որ հասարակությունը և՛ իշխանության, և՛ այդ իշխանությունը ձևավորող քաղաքականության սեփականատերն է, նշանակում է, որ հանրությունը կարող է և պարտավոր է փոխել ոչ միայն վատ իշխանությանը, այլ նաև դրա դեմ պայքարելու հարցում անկարող ընդդիմությանը։ Բայց մեր հասարակությունն այս հարցում ևս որևէ քայլ չի ձեռնարկում, որևէ մասնակցայնություն չի ցուցաբերում գործընթացներին, որոնց արդյունքում կարող են փոխվել՝ ինչպես ընդդիմությունները, այնպես էլ՝ իշխանությունը։

Կարդացեք նաև

Այս իրավիճակի խորքային պատճառները մեր հասարակության ապաքաղաքականացվածությունն է՝ անգամ մտածողության, աշխարհայացքի մակարդակում։ Հենց դրա մասնավոր արտահայտությունն է այն, որ անգամ իրենց քաղաքական գործիչ համարողները կարող են արտահայտել անհեթեթ մտքեր այն մասին, որ իրենց նախկին կամ ներկա պայքարն ապաքաղաքական է, այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է, ասենք, Արցախի հարցին կամ Հայաստանի արտաքին քաղաքականությանը։ Այդ ապաքաղաքական մտածողությունը հասարակությանը օտարել, հեռացրել է քաղաքականությունից, ինչին նպաստել են, իհարկե, նաև քաղաքականությունն այլանդակության հետ նույնական դարձրած շատ քաղաքական գործիչներ։ Բայց դա կրկին չի արդարացնում մեր հանրության քաղաքական ամլությունը և դրա արդյունքում հանդուրժվող այն իրականությունը, որն աշխարհում մեզ դարձնում է անարժանապատիվ, պատվազուրկ հանրույթ։

 

Անարդարության հանդուրժումը հանդուրժողին անուղղակիորեն դարձնում է դրա հանցակից։ Ողբերգության հանդուրժումը մեղսակից է դարձնում անտարբեր հետևողին։ Մենք՝ որպես հասարակություն, հանդուրժելով գործող իշխանությանը, հանցակից ու մեղսակից ենք դառնում Արցախին ու Հայաստանին պատուհասած բոլոր աղետներին։ Մենք ապրում ենք կոլեկտիվ մեղքի ու մեղավորության պայմաններում՝ լուռ հետևելով, թե ինչպես է մեր այդ մեղքն աստիճանաբար վերածվում սրբապղծության։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս